Logo

Ինչու հայ ձյուդոյիստները բաց թողեցին Թբիլիսիի «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարը

Հեղինակ
Հրայր Նազարյան
22:04 / 06.06.2022Ձյուդո
Բացառիկ
null

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարները չեն մասնակցել օրացուցային պլանով նախատեսված «Մեծ սաղավարտի» շարքի հերթական մրցաշարին, որը հունիսի 3-5-ն անցկացվել է Թբիլիսիում։ Մրցմանը չներկայանալու պատճառը VNews-ին ներկայացրել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը։

«Իսկապես ծրագրել էինք մասնակցել այդ մրցաշարին, որին պետք է ներկայանային Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը և Արտյոմ Ղալաչյանը, սակայն ստիպված էինք չեղարկել մասնակցությունը, քանի որ բոլոր երեք մարզիկներն էլ տարբեր վնասվածքներ ունեն և այժմ բուժման կուրս են անցնում։ Նպատակահարմար համարեցինք, որ նրանք հնարավորինս ապաքինվեն և պատրաստվեն հունիսի 24-26-ը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում անցկացվելիք «Մեծ սաղավարտի» շարքի հաջորդ մրցաշարին, որում արդեն խաղարկվելու են 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ»,- պարզաբանեց գլխավոր մարզիչը։

Մինչև այդ ազգային և երիտասարդական հավաքականների 7 մարզիկներ տասնօրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Վլադիկավկազում։ Հովհաննես Դավթյանի գնահատմամբ՝ հավաքը եղել է բավական հագեցած և միանգամայն ծառայել է նպատակին։

Զուգահեռաբար տարիքային իրենց խմբի Եվրոպայի առաջնությանն են շարունակում պատրաստվել մեր երկրի պատանեկան հավաքականի մարզիկները։ Նրանք եվրոպական տատամի են դուրս գալու հունիսի 23-26-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում։ Հավաքականն ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ շուրջ երկու շաբաթ մարզվել է Գյումրիում։ Հաջորդ հավաքը նախատեսված է Վրաստանի Գորի քաղաքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա