Logo

Մեկական արծաթե և բրոնզե մեդալ՝ Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:54 / 10.05.2022Ձյուդո
Հայ ձյուդոյիստներ-Եվրոպայի գավաթ

Հայ ձյուդոիստները մեկական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Սարաևոյում կայացած Եվրոպայի գավաթի հերթական մրցաշարում։

Մինչև 73 կգ քաշային կարգում երկրորդ տեղն է գրավել Արսեն Ավետիսյանը։ Վահե Թորոսյանի սանը նախնական փուլում պարտության է մատնել բոսնիացի Վուկ Դիվլյանին, հունգարացի Դյորդ Սատմարիին և իտալացի Ջովաննի Զարակային։ Եզրափակիչ հատվածում Արսենը գերազանցել է իտալացի Լուկա Ռուբեկային, բայց ոսկե մեդալի համար գոտեմարտում զիջել է հունգարացի Բոտոնդ Տոտին՝ տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից։

66 կգ քաշայինների մրցաշարում էլ բրոնզե մեդալ է նվաճել Արտյոմ Ղալաչյանը, որը ելույթներն սկսել է բրիտանացի Չառլի Յանգից կրած պարտությամբ։ Սփոփիչ փուլում Կարեն Աղաջանյանի աշակերտը հաջորդաբար առավելության է հասել իսրայելցիներ Յաիր Էլկինդի ու Դանիիլ Կապելուշնիկի, իտալացի Բյաջո Դանժելոյի և մեկ այլ իսրայելցու՝ Օմար Մանի նկատմամբ ու կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին։

Մրցանակային հավակնություններ չեն դրսևորել 60 կգ քաշայիններ Շահեն Աբաղյանը և Գասպար Հայրապետյանը, որոնք կրել են 1-ական պարտություն։ Իսկ Մերուժան Սարգսյանը (73 կգ) բավարարվել է 2-ական հաղթանակով և պարտությամբ։

Ստուգատեսին մեր մարզիկները ներկայացել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ։ Մրցաշարին մասնակցել է 27 երկրի 237 մարզիկ-մարզուհի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա