Logo

Հովհաննես Դավթյան. «Մեր երկու ձյուդոիստներն էլ մարտական տրամադրվածությամբ են մոտենում Եվրոպայի առաջնությանը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:13 / 22.04.2022Ձյուդո
Բացառիկ
null

Եվրոպայի առաջնությանը պատրաստվող երկու հայ ձյուդոիստները՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական վերջին հավաքն են սկսել Թբիլիսիում։ Վրաստանի մայրաքաղաք մեկնելուց առաջ մարզիչը VNews-ին պատմեց մեր մարզիկների մարզավիճակի և մրցաշրջանի առաջին կիսամյակի գլխավոր մրցումից ակնկալիքների մասին։

Ոչ վաղ անցյալի մեր անվանի ձյուդոիստ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի արծաթե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը նշեց, որ հավաքականը նախապատրաստությունն սկսել է հունվարից, և արդեն զգալի աշխատանք է կատարվել։ «Առողջական խնդիրների պատճառով թիմին ուշացումով միացավ մեր առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը, որը մասնակցեց ապրիլի 11-17-ը Հունգարիայում կայացած միջազգային հավաքին։ Այնտեղ բավական հագեցած մարզումներ ենք անցկացրել։ Հիմա ևս շուրջ 10 օր կպատրաստվենք Թբիլիսիում և հենց այնտեղից էլ կմեկնենք Եվրոպայի առաջնությանը»,- նշեց գլխավոր մարզիչը։

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Անդրադառնալով Եվրոպայի 2018 թվականի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի մարզավիճակին՝ մարզիչն ընդգծեց, որ արդեն ընդհանուր պատկերացում ունի նրա պատրաստականության մասին, որը գնահատում է «նորմալ»։ Հովհաննես Դավթյանի խոսքերով՝ թեպետ մարզիկն ամբողջությամբ չի բուժվել, սակայն հնարավորինս վերականգնվել է։

«Նա չէր ընդհատել մարզումները, պարապում էր տեղում։ Հիմա հնարավորինս լուծել ենք խնդիրները և շարունակում ենք առաջ գնալ։ Թե՛ Ֆերդինանդի, թե՛ մեր մյուս մասնակցի՝ Արսեն Ավետիսյանի մարզավիճակից գոհ եմ։ Արսենն էլ երիտասարդ հեռանկարային մարզիկ է, որը նույնպես ելույթ է ունենալու մինչև 73 կգ քաշային կարգում։ Մարտական տրամադրվածությամբ ենք մեկնում Եվրոպայի առաջնությանը»,- VNews-ին ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։

Հ. Դավթյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե մտահոգություն չի՞ առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ չեն ընդգրկվել Եվրոպայի առաջնության «ցանված» մասնակիցների շարքում՝ նշեց. «Քաշային կարգի ընտրյալ 8-յակում ընդգրկվելու համար անհրաժեշտ է պարբերաբար մասնակցել միջազգային հիմնական մրցաշարերին և համապատասխան արդյունք գրանցել։ Դա է պատճառը, որ մեր մարզիկները «ցանածների» շարքում չեն։ Սակայն չեմ կարծում, թե դա կարող է լուրջ խնդիր լինել Ֆերդինանդի կարգի մարզիկի համար։ Միևնույն է առաջնության որևէ փուլում հանդիպելու է ուժեղագույններին։ Ավելի լավ կլինի, որ դա տեղի ունենա առաջնության սկզբում, որովհետև հետագայում ավելի հեշտ կարող է լինել։ Եվ հետո, ժամանակակից ձյուդոում մարզիկների ուժերն այնքան են հավասարվել, որ ուժեղ և թույլ հասկացությունը խիստ հարաբերական է դարձել։ Բոլորն էլ ունակ են հաղթել ցանկացած մրցակցի։ Այնպես որ, պատրաստվում ենք մարտական տրամադրվածությամբ և փորձում ենք մեծ ուշադրություն չդարձնել այդ կարգի հարցերին։ Իրականում դա միայն մասամբ է կարևոր գործոն։ Մնացածը կերևա մրցավայրում։ Մեր մարզաձևում բացարձակապես անհնար է որևէ կանխատեսում անել, որովհետև քաշային կարգում կա շուրջ 40 ուժեղագույն ու տիտղոսավոր մարզիկ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա