Logo

Մ20 ԵԱ. Հայ և ադրբեջանցի ըմբիշները կհանդիպեն կիսաեզրափակիչում

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:29 / 27.06.2022Ըմբշամարտ
null

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ է անցել Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

Տիտղոսի համար պայքարը շարունակում է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը քառորդ եզրափակիչում համառ պայքարում հաղթել է Էստոնիան ներկայացնող Ռոբին Ուսպենսկուն։ Մինչև այդ նա պարտության էր մատնել վրացի Բեկա Մելելաշվիլիին (4։5) և մոլդովացի Գանրիել Լուպասկոյին (9։1)։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցելու է ադրբեջանցի Լաչին Վալիևի հետ՝ հաղորդում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր անցել 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը, որն առավելության է հասել սերբ Սաբոլց Պոսոնկիի (8։0) և բուլղարացի Պաոլո Զդրավկով-Միլկովի (10։1) նկատմամբ։ Առաքելյանի հաջորդ մրցակիցն է ռումինացի Դենիս Ֆլորին Միխայը։

Սփոփիչ գոտեմարտերին ներգրավվելու հնարավորություն են պահպանում Հենրիկ Գևորգյանը (77 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ), որոնց նկատմամբ հաղթանակ տարած մարզիկները շարունակում են առաջխաղացումը դեպի եզրափակիչ։ Գևորգյանը որակավորման փուլում գերազանցել է էստոնացի Ռայմոնդ Ոիբոյին (9։0), իսկ այնուհետև 5։6 արդյունքով զիջել է հունգարացի Ռայմունդ Զուրային։ Իսկ Վարդանյանը առաջին գոտեմարտում 2։3 հաշվով զիջել է ուկրաինացի Միխայիլ Վիշնիվեցկիին։

Առաջնությունում ելույթներն ավարտել է 63 կգ քաշային Ռուբեն Միրանյանը, որը մեկնարկում 6։9 հաշվով պարտվել է վրացի Ռոմեո Բերիձեին։

Հայաստանը 10 մասնակից է հայտավորել ստուգատեսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա