Logo

«Երկար տարիներ անց հրապարակային հեծանվավազքում սպորտի վարպետի ցուցանիշ ունեցանք». Արմեն Գյոզալյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:13 / 29.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Արմեն Գյոզալյան

Հայկական հեծանվասպորտում աստիճանաբար ասպարեզ է դուրս գալիս նոր՝ խոստումնալից սերունդ՝ VNews-ի հետ զրույցում արձանագրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը։

Նա նշեց, որ հատկապես հուսադրող են խճուղային և հրապարակային հեծանվավազքի Հայաստանի այս տարվա առաջնությունների արդյունքները։ «Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկար տարիներ անց հրապարակային հեծանվավազքում սպորտի վարպետի ցուցանիշ ունեցանք. նորմատիվը գրանցեց երիտասարդ հեծանվորդ Վահե Վիրաբյանը։ Այնպես որ, տեղում չենք դոփում. առաջընթաց կա»,- նշեց մարզիչը։

Նա տեղեկացրեց նաև, որ ներկայում Հայաստանի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ պատրաստվելով հուլիսի 14-19-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում կայանալիք տարիքային այդ խմբի Եվրոպայի առաջնությանը։ Հուլիսի 1-ից հավաք կսկսեն պատանիները, որոնք հուլիսի 24-30-ը մասնակցելու են Սլովակիայում անցկացվելիք Օլիմպիական փառատոնին։

VNews-ի զրուցակցի խոսքով՝ Հայաստանը, հնարավոր է, ներկայացված լինի նաև օգոստոսի վերջին նախատեսված մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ «Առայժմ ունենք մեկ թեկնածու, սակայն մասնակցելու համար նա դեռ պետք է համապատասխան վարկանիշային միավորներ վաստակի»,- մանրամասնեց Արմեն Գյոզալյանը։

Հիմա ընթանում է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչ Եզիկյանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են նաև Վրաստանի պատանի հեծանվորդները։ Խճուղային հեծանվավազքի այդ մրցաշարն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա