Logo

Հայ մարմնամարզիկները հավաք են անցկացնելու Թբիլիսիում

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:39 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Hay marmnamarzikner

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականներն ընթացիկ մրցաշրջանին նախապատրաստությունն սկսելու են հունվարի 28-ից փետրվարի 11-ը Թբիլիսիում անցկացվելիք ուսումնամարզական հավաքով՝ տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։

2021 թվականը հաջողվածներից էր մեր մարմնամարզիկների համար։ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի հենացատկի մրցումներում՝ ձեռք բերելով անկախության շրջանում Հայաստանի առաջին օլիմպիական պարգևն այս մարզաձևից։ Մեր մարմնամարզիկներից վերջին անգամ օլիմպիական մրցանակի էր արժանացել լեգենդար Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդը, որը ԽՍՀՄ հավաքականի կազմում հռչակվել էր 1980 թվականի մոսկովյան Խաղերի թիմային մրցումների հաղթող։ 

Գոհացնող էր նաև Եվրոպայի առաջնությանը մեր տղաների մասնակցությունը. Արթուր Դավթյանը դարձավ նժույգթափի վրա վարժության չեմպիոն, նաև 6-րդ արդյունքը գրանցեց հենացատկում։ Նույն ստուգատեսում Գագիկ Խաչիկյանը և Արթուր Ավետիսյանը 4-րդն էին համապատասխանաբար նժույգթափի և օղակների վրա վարժություններում։ Վահագն Դավթյանն էլ 8-րդ արդյունքը գրանցեց օղակների վրա։

Մարմնամարզության հայկական դպրոցի միջազգային ճանաչման հիմքը դրել է 1952 թվականի Հելսինկիի Օլիմպիական խաղերում 2-ական ոսկե և արծաթե մեդալ նվաճած Հրանտ Շահինյանը՝ ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին հաղթողը։ Հաղթարշավը զարգացրել է Ալբերտ Ազարյանը, որը 1956 և 1960 թվականներին երեք անգամ կանգնել է օլիմպիական բարձրագույն պատվանդանին և նվաճել 1 արծաթե մեդալ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա