Logo

Հայաստանի հաշվին 3 մեդալ է գրանցվել գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:11 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Հայաստանի ըմբիշներ-ԵԱ

Գրեփլինգի Հայաստանի հավաքականի մարզիկները 3 մեդալ են նվաճել Բուդապեշտում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացված այդ մարզաձևի եվրոպական ստուգատեսում՝ տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Առավել հաջող է հանդես եկել 62 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, որն արծաթե մեդալ է նվաճել «առանց կիմոնոյի» դասի մրցումներում։ Նույն քաշային կարգում, բայց կիմոնոյով մրցած մարզիկների պայքարում բրոնզե մեդալի է արժանացել Մայիս Ներսեսյանը։ Նմանապես երրորդ մրցանակակիր է դարձել նույնպես կիմոնոյով մարզիկների մրցմանը մասնակցած 84 կգ քաշային Արթուր Զաքարյանը:

Ընդամենը մեկ տարվա պատմություն ունեցող Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը գոհացնող է համարում գրանցված արդյունքը։ «Նախորդ առաջնությանն ավելի մեծ կազմով էինք մասնակցել ու նվաճել էինք միայն 1 արծաթե մեդալ։ Այս անգամ մրցավայր էինք գործուղել 3 մարզիկի, և բոլորն էլ մեդալներ նվաճեցին։ Արդյունքները միանշանակ գոհացնող են»,- հայտնել է Հովհաննիսյանը նախարարության կայքին։

Այս տարի Հայաստանի ներկայացուցիչները մասնակցելու են նաև սեպտեմբերին ու հոկտեմբերին համապատասխանաբար Սերբիայում և Իսպանիայում կայանալիք մեծահասակների ու երիտասարդների աշխարհի առաջնություններին։ Նախատեսվում է ներկայանալ նաև Իտալիայում սպասվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Ծրագրվում է նաև միջազգային մեծ մրցաշար և արտասահմանցի բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ դասընթացներ կազմակերպել Հայաստանում։

Հավելենք՝ գրեփլինգն ըմբշամարտի տեխնիկայի վրա հիմնված մենապայքարային մերձամարտի ձև է։ Այս մարզաձևում արգելվում են հարվածները, սակայն թույլատրվում է ցավեցնող հնարքների կիրառումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա