Logo

Եվրոպական չեմպիոնների գավաթը երկու անգամ նվաճած Դավիթ Սարգսյանը դարձյալ գլխավորել է Ռուսաստանի հավաքականը

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:43 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Սեղանի թենիսի հայ անվանի մասնագետ Դավիթ Սարգսյանը եռամյա ընդմիջումից հետո կրկին գլխավորել է այդ մարզաձևի Ռուսաստանի կանանց ազգային հավաքականը։ Տեղեկությունը VNews-ին հայտնեց անձամբ Սարգսյանը։

Երևանցի 43-ամյա մարզիչը, որը ժամանակին հանդես է եկել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականում, VNews-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Այո՛, կրկին նշանակվել եմ Ռուսաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ։ Պայմանագիրս գործում է այս տարվա հունվարի 1-ից և նախատեսված է մինչև 2024 թվականի Օլիմպիական խաղերը»։

Ռուսաստանի հավաքականի առաջատարներից է Էլիզաբեթ Աբրահամյանը (նկարում մարզիչն ու մարզուհին միասին են)։ Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ, ցավոք, իրենցից բացի, այլ հայեր չկան ռուսական սեղանի թենիսում։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ նա տեղեկացրեց, որ տարին բավական հագեցած ժամանակացույցով են սկսել։ Հասցրել են հավաք անցկացնել հունվարի 5-17-ը, որից անմիջապես հետո մասնակցել են Գերմանիայի բաց առաջնությանը։ Այն, ի դեպ, ավարտվել է Էլիզաբեթ Աբրահամյանի հաղթանակով։ Առջևում ևս մեկ հավաք է. մարզուհիները պատրաստվում են Օմանի բաց առաջնությանը, որը WTT Tur-ի շարքի մրցաշարերից է։

Դավիթ Սարգսյանը Ռուսաստանի կանանց հավաքականը մարզել է նաև 2016-19 թվականներին։ Դրանից հետո, մինչև 2021 թվականը, գլխավորել է Ավստրիայի ընտրանին։ 2011 թվականից որոշ ժամանակ մարզել է Վլադիվոստոկի ԴԷՍՊ ակումբը, որը նրա գլխավորությամբ դարձել է Ռուսաստանի ակումբային առաջնության հաղթող և հասել աշխարհամասի՝ նշանակությամբ երկրորդ ակումբային մրցաշարի՝ ETTU-ի գավաթի (Սեղանի թենիսի Եվրոպական միության գավաթ) եզրափակիչ։

Դրանից անմիջապես հետո հասել է իր մարզչական կարիերայի ամենանշանակալի հաջողությանը։ 2013 և 2014 թվականներին բացառապես լեգեոնականներով համալրված Ստամբուլի «Ֆեներբահչեն» երկու անգամ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը։

Դավիթ Սարգսյանը Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանի և անվանի մարզուհի Գոհար Խանզադյանի որդին է։ Նրա քույրը՝ Անիտան, մարզել է Իտալիայի, Քուվեյթի և ԱՄՆ-ի կանանց հավաքականները։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա