Logo

Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է ԱՄԷ-ի մրցաշարում. նա դարձավ Հայաստանի՝ վարկանիշով երկրորդ շախմատիստը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:21 / 30.05.2022Շախմատ
Hayk Martirosyan-2022

Հայ շախմատիստներն ընդհանուր առմամբ հաջող են մասնակցել ԱՄԷ-ում անցկացված «Շարժա Մաստերս 2022» մրցաշարին։

Մեր հայրենակիցներից առավել բարձր է դասվել Հայկ Մարտիրոսյանը, որը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, բաժանել է 3-4-րդ տեղերը։ Երևանցի գրոսմայստերը լրացուցիչ ցուցանիշներով եզրափակել է առաջին քառյակը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ նա 15,2 կետով բարելավել է անհատական գործակիցը և հասցրել այն 2652 միավորի։ Ընթացիկ վարկանիշով Հայկը Հայաստանի երկրորդ շախմատիստն է։

10-րդ տեղում է ելույթն ավարտել կես միավոր պակաս վաստակած Գաբրիել Սարգսյանը։ Նրան էլ կես միավոր է զիջել Շանթ Սարգսյանը, որը հաստատվել է 13-րդ տեղում։ Իրենց հաշվին 5-ական միավոր են գրանցել Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Աթուր Դավթյանը, որոնք ամփոփիչ աղյուսակում նշված են համապատասխանաբար 23-րդ, 29-րդ, 34-րդ ու 38-րդ տեղերում։ Մամիկոն Ղարիբյանը 4,5 միավորով 47-րդն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը (3,5)՝ 61-րդը։

Ի դեպ, Արթուր Դավթյանը երկրորդ անգամ է լրացրել գրոսմայստերի նորմ, իր վարկանիշն ավելացրել է 16,4 միավորով և անհատական գործակցով հատել է 2500 նիշի սահմանը։ Իրենց վարկանիշները բարելավել են նաև Գաբրիել ու Շանթ Սարգսյանները։

31 երկրի 80 շախմատիստի մասնակցությամբ մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովը, որը, վաստակելով 7 միավոր, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել է կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ Սալեհ Սալեմին։

Մրցաշարի շրջանակում անցկացված չելենջերս մրցաշաշարում Սոնա Ասատրյանն 9 պարտիայում վաստակած 6,5 միավորով 5-րդ տեղն է գրավել 3-6-րդ հորիզոնականները բաժանած շախմատիստների խմբում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա