Logo

Հայ շախմատիստները ենթաառաջատարների խմբում են

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:01 / 24.05.2022Շախմատ
Հայ շախմատիստներ-2022

Հայ շախմատիստները փոփոխակի հաջողությամբ են մասնակցում ԱՄԷ-ի Շարժա էմիրատում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային ներկայացուցչական մրցաշարին։

Երրորդ տուրում մեր 9 հայրենակիցներից 5-ը վաստակել են լիարժեք միավոր։ Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը, որոնք առավելության են հասել համապատասխանաբար Թեմուր Կույբոկարովի (Ավստրալիա), Մարիանո Ամարելե Օրտեգայի (Կաբո Վերդե), ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի շախմատիստուհիներ Վալենտինա Գունինայի և Օլգա Բադելկոյի ու սերբ մարզուհի Տեոդորա Ինժակի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանը խաղաղ դաշն է կնքել հնդիկ Սետուրամանի հետ, իսկ Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արթուր Դավթյանը պարտվել են Սալեհ Սալեմի (ԱՄԷ) ու ռուսաստանցիներ Ալեքսեյ Սարանայի և Վլադիմիր Ֆեդոսեևի (երկուսն էլ խաղում են ՖԻԴԵ-ի դրոշի ներքո) հետ հանդիպումներում։

Երեք տուրից հետո Մարտիրոսյանը, Շ. Սարգսյանը, Գ. Սարգսյանը, Տեր-Սահակյանը և Պետրոսյանն ընթանում են 19-րդ, 21-րդ, 27-րդ, 28-րդ և 32-րդ տեղերում։ 1,5-ական միավոր վաստակած Հովհաննիսյանը և Հակոբյանն զբաղեցնում են 37-րդ և 47-րդ հորիզոնականները, Ղարիբյանը 1 միավորով 61-րդն է, իսկ կես նիշ ունեցող Դավթյանը՝ 72-րդը։

Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հնդիկ և ադրբեջանցի շախմատիստները։ 80 մասնակիցները ներկայացնում են 31 երկիր։

Զուգահեռաբար ընթացող «Շարժա Չելենջերս» մրցաշարում Սոնա Ասատրյանը 2 միավորով 11-րդ տեղն է գրավում 56 մասնակցի հաշվարկում։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա