Logo

Հայ շախմատիստները կրճատել են հաշվի տարբերությունն առաջատարներից 

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:07 / 25.05.2022Շախմատ
Հայ շախմատիստներ-Շարժա

ԱՄԷ-ում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային ներկայացուցչական մրցաշարի 4-րդ տուրն ընդհանուր առմամբ հաջող էր հայ շախմատիստների համար։

Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Դավթյանը հաղթել են համապատասխանաբար հնդիկ Չիտամբարամ Արավինդին, կատարցի Ազիզ Հուսեյնին, մարոկկացի Իլյաս Մսելեկին և ադրբեջանցի Գունայ Մամազադեին։ Իրենց հաշվին կեսական միավոր են ավելացրել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք ոչ-ոքի են խաղացել հնդիկներ Ռաունակ Սադվանիի, Սետուրամանի, Սարին Նիկալի ու ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևի հետ։

Իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է իսպանացի Դանիիլ Յուֆային։ 

Չորս տուրից հետո Մարտիրոսյանը և Պետրոսյանը 3-ական միավորով ընթանում են 8-րդ և 12-րդ տեղերում։ Կես միավոր պակաս ունեն Շ. Սարգսյանը, Գ. Սարգսյանը և Հակոբյանը, որոնք դասվում են 17-րդ, 24-րդ և 28-րդ դիրքերում։ Երկուական միավոր են վաստակել Հովհաննիսյանը և Տեր-Սահակյանը, որոնք զբաղեցնում են 40-րդ և 46-րդ հորիզոնականները։ Իսկ Դավթյանը և Ղարիբյանը, վաստակելով 1,5-ական միավոր, 54-րդ և 62-րդ տեղերում են։ 

Մրցաշարային աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտան։ Երեք մասնակից ունի 3,5-ական միավոր։ Մասնակցում է 31 երկրի 80 շախմատիստ։

Զուգահեռաբար ընթացող «Շարժա Չելենջերս» մրցաշարում Սոնա Ասատրյանը 2,5 միավորով 12-րդ տեղն է գրավում 56 մասնակցի հաշվարկում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա