Logo

Մ20 ԵԱ. Վարդանյանը նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար, ևս 2 ըմբիշ մեկնարկել է հաղթանակով

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:24 / 28.06.2022Ըմբշամարտ
Մ20 հայ ըմբիշներ

Հայ ըմբիշների համար ընդհանուր առմամբ հաջող է սկսվել Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցակցային երկրորդ օրը։

Գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը, սփոփիչ գոտեմարտում 9։0 հաշվով հաղթելով Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանին, բրոնզե մեդալի համար պայքար կմղի թուրք ըմբիշ Թալիպ Չիֆտչիի հետ։

67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, որակավորման փուլի գոտեմարտում վստահ հաղթելով սերբ Մոմչիլո Գայիչին (9։0), դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իտալացի Ալեսանդրո Գրեսպիի հետ։

Նմանապես հաջող է մեկնարկել Արման Խաչիկյանը (72 կգ), որը 4։2 հաշվով պարտության է մատնել մոլդովացի Ալեքսանդրու Սոլովեյին։ 1/8 եզրափակիչում նրա մրցակիցն է լինելու հունգարացի Աթիլա Տամաշ Տոյեսմագին։ Մեկնարկում անհաջողության է մատնվել 97 կգ քաշային Հրանտ Միքայելյանը, որը 0:8 հաշվով պարտվել է էստոնացի Ռիչարդ Կարելսոնին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք էր ստացել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որի մրցակիցն է լինելու շվեդ Ալգոտ Լենարտ Բոտվիդ Կելմանը։  55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել 3-րդ տեղի համար գոտեմարտին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա