Logo

Առաջին հաղթանակն իռլանդացիների նկատմամբ, Սպերցյանը բացեց գոլերի հաշիվն Ազգերի լիգայում. Հայաստան- Իռլանդիա խաղը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:25 / 05.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց Ազգերի լիգայի 3-րդ խաղարկությունը՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով Իռլանդիայի ընտրանուն:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի ազգային հավաքականը 3-րդ անգամ մեկնարկի դուրս գալով Ազգերի լիգայի խաղարկությունում, 2-րդ անգամ մրցաշարը սկսեց հաղթանակով: Հաղթական առաջին մեկնարկը գրանցվել էր Ազգերի լիգայի մրցաշարում նորամուտի խաղում, որում մեր ընտրանին Վարդան Մինասյանի գլխավորությամբ 2018թ. սեպտեմբերի 6-ին Երևանում 2-1 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ:

Իսկ ահա Խոակին Կապառոսի օրոք Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում Հայաստանի հավաքականը պարտությամբ էր մեկնարկել՝ 2020թ. սեպտեմբերի 5-ին Սկոպյեում 1-2 հաշվով զիջելով Հս. Մակեդոնիայի ընտրանուն:

2. Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց հաղթել իռլանդացիներին, որոնց հետ նախկինում հանդիպել էր Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում: 2010թ. սեպտեմբերի 3-ին իռլանդացիների հետ Երևանում կայացած խաղով ՀՀ հավաքականը մեկնարկել էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: 76-րդ րոպեին Ռոման Բերեզովսկու դարպասը Կեյտ Ֆեխիի խփած միակ գոլը վճռել էր հանդիպման ելքը:

2011թ. հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած խաղում ևս մեր հավաքականը պարտվել էր (1-2): Այդ խաղում 26-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր Ռոման Բերեզովսկին:

Հայաստանի հավաքականը մինչ օրս մրցել է 64 ընտրանիների հետ, որոնցից 29-ին դեռ չի հաղթել:

3. Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականը 7-րդ հաղթանակը տոնեց: Մնացած հանդիպումներից-3-ն ավարտվել է ոչ-ոքի, 3-ում մեր ընտրանին պարտվել է, խփել է 24 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 14 գնդակ: Իռլանդացիների նկատմամբ տոնած հաղթանակը 60-րդն էր հավաքականի անցկացրած 232 հանդիպումներում:

4. Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց ընդհատել պաշտոնական մրցումներում առանց հաղթանակների 7 խաղերի շարքը, որում 4 պարտություն էր կրել: Նախորդ հաղթանակը պաշտոնական մրցումներում ՀՀ հավաքականը տոնել էր անցյալ տարվա մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (3-2):

5. Խոակին Կապառոսի գլխավորությամբ ՀՀ հավաքականը 21-րդ խաղն անցկացրեց՝ տոնելով 8-րդ հաղթանակը: Մնացած հանդիպումներից 6-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում մեր հավաքականը պարտվել է, խփել է 22 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 39 գոլ: Կապառոսի օրոք հավաքականը վաստակել է հնարավոր միավորների 47,6 տոկոսը, ինչը լավագույն ցուցանիշն է մեր ընտրանին 2-ից ավելի խաղերում գլխավորած մարզիչների մեջ:

6. Հայաստանի հավաքականը հունիսին անցկացրած 32 հանդիպումներում 12-րդ հաղթանակը տոնեց: Մնացած խաղերից 6-ն ավարտվել է ոչ-ոքի, 14-ում մեր հավաքականը պարտվել է, խփել է 44 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 48 գնդակ: Հունիսյան հանդիպումներում հավաքականի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ են գործել Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը՝ խփելով 4-ական գոլ: Նախորդ հաղթանակը հունիսին ՀՀ հավաքականը տոնել էր 2019թ.՝ Աթենքում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ 3-2 հաշվով պարտության մատնելով Հունաստանի ընտրանուն:

7. Էդուարդ Սպերցյանը բացեց գոլերի հաշիվն Ազգերի լիգայում՝ խփելով ազգային հավաքականում 2-րդ գոլը: Նա դարձավ Ազգերի լիգայում գոլ խփած հավաքականի 13-րդ ֆուտբոլիստը: Լավագույն ռմբարկուն 5 գոլի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանն է: Սպերցյանն իր առաջին գոլը խփել էր հավաքականում նորամուտի խաղում՝ անցյալ տարվա մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Ընդմիջումից անմիջապես հետո մտնելով խաղադաշտ, Սպերցյանը 10 րոպե անց բացել էր հանդիպման հաշիվը: Իռլանդացիների հետ մրցավեճը հավաքականի կազմում Սպերցյանի 10-րդ խաղն էր:

8. Իռլանդացիների հետ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստներից միայն երկուսը՝ Հովհաննես Համբարձումյանն ու Հրայր Մկոյանն էին նախկինում հանդես եկել այդ հավաքականի հետ կայացած Եվրո-2012-ի ընտրական մրցախաղերում: Համբարձումյանը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերի 3-ին իռլանդացիների հետ Երևանում կայացած խաղին՝ 71-րդ րոպեին փոխարինելով Արտակ Եդիգարյանին: Դա հավաքականում Համբարձումյանի պաշտոնական առաջին խաղն էր, իսկ նորամուտը նա նշել էր նախորդ խաղում՝ օգոստոսի 11-ին Իրանի հավաքականի հետ Երևանում անցկացված ընկերական մրցավեճում՝ 74-րդ րոպեին փոխարինելով Աղվան Մկրտչյանին:

Մկոյանը մասնակցել էր 2011թ. հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած պատասխան հանդիպմանը՝ խաղադաշտում մնալով մինչև խաղավարտ:

9. Դավիթ Յուրչենկոն ՀՀ հավաքականում 20-րդ խաղն անցկացնելով, 7-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Այդ ցուցանիշով նա գերազանցեց Հարություն Աբրահամյանին: Դարպասն անառիկ պահած խաղերի քանակով Յուրչենկոյին գերազանցում են միայն Ռոման Բերեզովսկին (21 խաղ) և Գևորգ Կասպարովը (9):

Դավիթ Յուրչենկոն եզրափակեց ՀՀ հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակը՝ շրջանցելով Աշոտ Խաչատրյանին (36 տարեկան 65 օրական) և Գառնիկ Ավալյանին (36 տարեկան 38 օրական): Իռլանդացիների հետ խաղի օրը Յուրչենկոն 36 տարեկան 69 օրական էր: Ավելի տարեց տարիքում ՀՀ հավաքականում հանդես են եկել միայն Ռոման Բերեզովսկին (41 տարեկան 233 օրական) ու Սարգիս Հովսեփյանը (40 տարեկան 12 օրական):

10. Երկարատև ընդմիջումից հետո Արտակ Դաշյանը կրկին կրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ անցկացնելով 8-րդ խաղը: Վերջին անգամ Դաշյանը հավաքականում հանդես էր եկել 2014թ. հոկտեմբերի 14-ին Երևանում ֆրանսիացիների հետ կայացած ընկերական մրցախաղում՝ 58-րդ րոպեին խաղադաշտ մտնելով Արթուր Եդիգարյանի փոխարեն: Իսկ հավաքականում նրա նորամուտը կայացել է 2009թ. փետրվարի 11-ին Կիպրոսում Լատվիայի հավաքականի հետ անցկացված ընկերական խաղում, որում 88-րդ րոպեին փոխարինել է Հենրիխ Մխիթարյանին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա