Logo

Հայաստան – Լիխտենշտեյն. դիմակայության պատմությունը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 08.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
2Z7A1856 960x636 1 - Հայաստան - Լիխտենշտեյն. դիմակայության պատմությունը

Հայաստանի հավաքականը ԱԱ 2022-ի ընտրական փուլում կխաղա Լիխտենշտեյնի ընտրանու դեմ՝ մրցակից, որին մեր ընտրանին վերջին տարիներին բավական հաճախ է հանդիպում: Բայց ինչպիսի՞ն է այս թիմերի միջև կայացած դիմակայության պատմությունը:

Հայաստանի ու Լիխտենշտեյնի ընտրանիները միմյանց դեմ խաղացել են 5 անգամ. 3 անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, մյուս 2 խաղերում գրանցվել է ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը խփել է 9 գոլ՝ Լիխտենշտեյնի 4-ի դիմաց:

Հայաստան – Լիխտենշտեյն, 2-1, 06.09.18

Ազգերի լիգայում Հայաստանն ու Լիխտենշտեյնը հայտնվել էին միևնույն՝ D դիվիզիոնի 4-րդ խմբում: Մրցաշարի արդեն առաջին տուրում Հայաստանն ընդունեց հենց Լիխտենշտեյնի հավաքականին: Ազգերի լիգան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու այլընտրանքային հնարավորություն էր Հայաստանի ընտրանու համար: Մրցաշարից առաջ հույսերը մեծ էին՝ Վարդան Մինասյանի առաջին պաշտոնական խաղն էր՝ որպես գլխավոր մարզիչ հավաքական վերադառնալուց հետո: Լիխտենշտեյնի դեմ մեկնարկն Ազգերի լիգայում հաղթական ստացվեց:

Հանդիպման 30-րդ րոպեին Մարկոս Պիզելին իրեն հատուկ ոճով՝ ձախ ոտքով կատարած գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը, սակայն ընդամենը 3 րոպե անց հյուրերը հավասարեցրին խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում, մասնավորապես՝ 69-րդ րոպեին Լիխտենշտեյնի պաշտպանը խախտեց կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում, բայց նույն Մխիթարյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը: Այնուամենայնիվ, խաղավերջում Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը մոտ տարածությունից կատարած հարվածով հաղթանակ ու առաջին 3 միավորը պարգևեց Հայաստանի հավաքականին:

Լիխտենշտեյն – Հայաստան, 2-2, 19.11.18

4-րդ խմբի վերջին տուրը, որում Հայաստանը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնին, գրեթե ոչինչ չէր որոշում: Մակեդոնիան գործնականում արդեն վճռել էր խմբում առաջինը լինելու հարցը, և միայն հրաշքով սեփական հարկի տակ չէր հաղթի Ջիբրալթարի ընտրանուն: Այնուամենայնիվ, Հայաստանի ու Լիխտենշտեյնի միջև ընթացած պայքարը բավական թեժ ստացվեց:

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին գլխի հարվածով բացեց Սարգիս Ադամյանը: Ընդմիջումից անմիջապես առաջ և հետո Լիխտենշտեյնի ընտրանին կարողացավ հաղթանակի նժարն իր կողմը թեքել: Նախ՝ հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մարսել Բուխելը, իսկ հետո արդեն մեր պաշտպանների անհաշվենկատ խաղի արդյունքում դաշտի տերերի 2-րդ գոլը խփեց Նիկոլաս Հասլերը: Միայն 85-րդ րոպեին փոխարինման մտած Ալեքսանդր Կարապետյանը գլխի հարվածով կարողացավ փրկել Հայաստանին պարտությունից:

Հայաստան – Լիխտենշտեյն, 3-0, 08.06.19

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական այս փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունեց Լիխտենշտեյնի ընտրանուն: Առաջին 2 տուրից հետո 2 պարտություն գրանցած մեր ընտրանու համար լիխտենշտեյնցիների դեմ խաղում հաղթելը կարևորագույն նշանակություն ուներ, ու դա լավ էին հասկանում թե՛ ֆուտբոլիստները, թե՛ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Եվ մեր թիմը շատ ավելի լավ տեսք ուներ այդ խաղին, քան նախորդ երկուսին:

Հայաստանի հավաքականը շատ վստահ տեսք ուներ ամբողջ խաղի ընթացքում և խաղավերջում գրանցված 3-0 հաշիվը դրա վառ վկայությունն է: Խաղասկզբում Հարոյանի կատարած հեռակա հիանալի փոխանցումը գերազանց կերպով կասեցրեց Գևորգ Ղազարյանը և սառնասրտորեն այն ուղարկեց դարպասը: Արդեն 18-րդ րոպեին նույն Ղազարյանի՝ տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածը շատ անհաջող ետ մղեց հյուրերի դարպասապահ Հոբին, ինչից օգտվեց մեր թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման ավարտին էլ խաղի վերջնահաշիվը ձևակերպեց Տիգրան Բարսեղյանը:

Հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ԱԱ ընտրական մրցախաղերում

Լիխտենշտեյն – Հայաստան, 1-1, 12.10.19

Ընտրական այդ փուլի պատասխան խաղը թիմերի միջև կայացավ արդեն հոկտեմբերին՝ Հայաստանի հավաքականի ցավալի արդյունքով:

J խմբի ետնապահի նկատմամբ տարած հաղթանակը կարող էր լրացուցիչ ուժ տալ մեր թիմին՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ Հայաստանը հաղթել էր 3 խաղում և դեռ պահպանում էր խմբում գոնե 2-րդ հորիզոնականը գրավելու շանսերը:

Վադուցում կայացած խաղի առաջին կեսում հաշիվը բացեց Լիխտենշտեյնի դահիճը դարձած Տիգրան Բարսեղյանը՝ հեռահար ու դիպուկ հարվածով: Հանդիպման ընթացքն անցնում էր գրեթե առանց գոլային պահերի: Անցնող րոպեների հետ Հայաստանի հավաքականը սկսեց բավարարվել խփած 1 գոլով ու փորձեց պահել հաղթական հաշիվը, բայց չստացվեց: 72-րդ րոպեին Դենիս Սալանովի ոչ շատ ուժեղ հարվածից հետո Արամ Հայրապետյանը կոպիտ սխալ թույլ տվեց՝ ոչ միայն չորսալով գնդակը, այլ այն հետ մղելով ուղիղ մրցակցի հարձակվող Նոա Ֆրիկի ուղղությամբ, որն էլ գրավեց դարպասը:

Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի և ոչ միայն ավարտվեց Հայաստանի հավաքականի՝ 2-րդ հորիզոնականը գրավելու շանսերը, այլ նաև կոտրվեց թիմի մարտական ոգին: Լիխտենշտեյնի դեմ այդ խաղից հետո Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացավ՝ տեղը զիջելով Աբրահամ Խաշմանյանին: Բայց հետո, Հայաստանի հավաքականը 3 անընդմեջ պարտություն կրեց ընտրական փուլում (այդ թվում՝ իտալական ջախջախումը 1-9 հաշվով):

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում` ըստ VNews-ի

Լիխտենշտեյն – Հայաստան, 0-1, 25.03.21

Լիխտենշտեյնի ու Հայաստանի հավաքականի հաջորդ առճակատումն իրեն երկար սպասեցնել չտվեց՝ ընդամենը մեկուկես տարի:

Եթե Վադուցում կայացած նախորդ խաղը ցավոտ հիշողություններ է արթնացնում, ապա Հայաստանի՝ Լիխտենշտեյնի մայրաքաղաք վերջին այցելությունը սկիզբ դրեց շատ գեղեցիկ ու հաղթական շարքի: Արդեն Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը բոլորովին այլ տեսք ուներ՝ թե՛ խաղի առումով, թե՛ կազմի:

ԱԱ 2022-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրում կայացավ թիմերի միջև հանդիպումի, որի ամբողջ ընթացքում Հայաստանի հավաքականը կրակի տակ էր առել մրցակցի դարպասն ու անդադար գրոհում էր: Առանց Հենրիխ Մխիթարյանի էլ Կապառոսի սաները գոլային պահեր ստեղծելու խնդիր չունեին, բայց այդ պահերն իրացնելը ոչ մի կերպ չէր ստացվում: Թվում էր՝ հերթական ֆիասկոն է լինելու, բայց խաղավերջում Լիխտենշտեյնի հավաքականն արդարությունը վերականգնեց: Մրցակցի ֆուտբոլիստ Նոա Ֆրոմելտը գրավեց սեփական դարպասն ու Հայաստանի հավաքականին պարգևեց 3 միավոր:

Այդ հաղթանակից ոգևորված Կապառոսն ու տղաները հաղթեցին նաև Իսլանդիային, իսկ 3 օր անց արդեն Ռումինիայի հավաքականին: 9 միավոր, 100 տոկոսանոց ցուցանիշ ու առաջին հորիզոնական:

Իհարկե, Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ-ոքիից ու Գերմանիայից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց, բայց դեռ լավ շանսեր է պահպանում 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու: Լիխտենշտեյնի դեմ առաջին խաղով սկսվեց հավաքականի համար առաջին հաղթական փուլը: Այժմ, կրկին Լիխտենշտեյնի դեմ խաղով, կարող է սկսվել հաղթական երկրորդ փուլը. ավելի քան խորհրդանշական կստացվի:

Հայաստանի ընտրանու անբաժան ընկերը՝ Լիխտենշտեյնի հավաքականը

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա