Logo

Խոակին Կապառոսի օրոք Հայաստանի հավաքականի վերջին 15 հանդիպումների տխուր վիճակագրությունը. Հայաստան-Շոտլանդիա խաղը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:46 / 15.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Hayastan-Shotlandia-past

Հայաստանի ազգային հավաքականը շարունակեց անհաջող ելույթներն Ազգերի լիգայի մրցաշարում՝ սեփական հարկի տակ 1-4 խոշոր հաշվով զիջելով Շոտլանդիայի ընտրանուն: 4 խաղից հետո 3 միավորով ՀՀ հավաքականը շարունակում է եզրափակել B դիվիզիոնի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը: Ակնհայտ է, որ ՀՀ հավաքականը ձախողել է մրցաշարը: Սեպտեմբերին կայանալիք ավարտական երկու հանդիպումներում մեր ընտրանին պետք է փորձի խույս տալ աղյուսակի վերջին հորիզոնականից, որպեսզի գոնե պահպանի տեղը B դիվիզիոնում, ինչը չափազանց դժվարին խնդիր է՝ հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղի որակը կայացած հանդիպումներում:

VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Այդ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներն ընդամենը մեկ անգամ գրավեցին մրցակցի դարպասը, սեփականը բաց թողնելով 9 գնդակ: Ընդ որում մինչ այդ ՀՀ հավաքականը 201 րոպե շարունակ չէր գտել մրցակցի դարպասի բանալին:

2. ՀՀ հավաքականը երկրորդ անընդմեջ խաղում մրցակցին զիջեց խոշոր հաշվով: Դա Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած 24 հանդիպումներում Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով 6-րդ պարտությունն էր, որից 5-ը՝ պաշտոնական մրցումներում: Մինչ շոտլանդացիներին պարտվելը, մեր ընտրանին զիջել էր Գերմանիայի (0-6, 1-4), Հս. Մակեդոնիայի (0-5), Նորվեգիայի (0-9) և Ուկրաինայի (0-3) հավաքականներին: Այդ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներն ընդամենը 2 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 31 գնդակ:

Խոշոր հաշվով պարտություններից 3-ը գրանցվել է սեփական հարկի տակ: Կապառոսի օրոք ՀՀ հավաքականը երկրորդ անգամ խոշոր հաշվով 2 անընդմեջ պարտություն կրեց: Առաջին նման դեպքը գրանցվել էր անցյալ տարվա նոյեմբերին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, երբ սեփական հարկի տակ հավաքականը զիջել էր Հս. Մակեդոնիայի (0-5) և Գերմանիայի (1-4) ընտրանիներին: 

Hayastan-Shotlandia-1

3.  Խոշոր հաշվով հերթական պարտությունը 41-րդն էր ՀՀ հավաքականի անցկացրած 235 հանդիպումներում: Խոշոր հաշվով կրած պարտությունների թվով Կապառոսը հավասարվեց վատագույն արդյունքն ունեցող Խորեն Հովհաննիսյանին: Իսկ ընդհանրապես ՀՀ հավաքականը գլխավորած 20 մարզիչներից միայն 3-ին՝ Էդուարդ Մարգարովին (6 խաղ), Անդրանիկ Ադամյանին (2 խաղ) և Օսկար Լոպեսին (2 խաղ) է հաջողվել խուսափել խոշոր հաշվով պարտվելուց:

4. Շոտլանդիան այն 17 հավաքականներից մեկն է, որի հետ հանդիպումներում մեր ընտրանին միավոր չի վաստակել՝ պարտվելով ընդհանուր 1-6 հաշվով: Առավել անհաջող ՀՀ հավաքականը մրցել է Իսպանիայի (6 խաղ), Ֆրանսիայի և Գերմանիայի (5-ական խաղ) ընտրանիների հետ՝ պարտվելով բոլոր հանդիպումներում էլ:

5. Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում ՀՀ հավաքականի ցույց տված արդյունքը (4 խաղից 3 միավոր) վատագույնն է մրցաշարի պատմության մեջ: 2018թ. ՀՀ հավաքականն Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում 4 խաղում 6 միավոր էր վաստակել: Իսկ ահա Կապառոսի օրոք անցկացրած Ազգերի լիգայի 2-րդ խաղարկությունում ՀՀ հավաքականը մեկնարկային 4 հանդիպումներում իր օգտին 5 միավոր էր գրանցել:

Hayastan-Shotlandia-2

6. Խոակին Կապառոսի օրոք անցկացրած վերջին 15 հանդիպումներում ՀՀ հավաքականն ընդամենը 2 հաղթանակ է տոնել, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 9 պարտություն, որից 6-ը՝ խոշոր հաշվով: Մեր ֆուտբոլիստներն ընդամենը 8 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 40 գնդակ:

Պաշտոնական մրցումներում անցկացրած վերջին 11 հանդիպումներում Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ ընդամենը մեկ հաղթանակ է տոնել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի,  կրել է 7 պարտություն: Մեր ֆուտբոլիստներն ընդամենը 5 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 27 գնդակ:

7. Վահան Բիչախչյանը հավաքականի կազմում 3-րդ գոլը խփեց՝ 6-րդ րոպեին գրավելով շոտլանդացիների դարպասը: Դա ՀՀ հավաքականի խփած ամենաարագ գոլերից մեկն էր: Այդ ցուցանիշով ռեկորդակիրը  Յուրա Մովսիսյանն է, որը 2013թ. հունիսի 11-ին Կոպենհագենում դանիացիների դարպասը գրավել էր 1-ին րոպեին:

Hayastan-Shotlandia-3

Պաշտոնական մրցումներում Բիչախչյանն առաջին գոլը խփեց: Նա իր գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա հունիսի 5-ին շվեդների հետ հյուրընկալվելիս կայացած ընկերական խաղում: 2-րդ անգամ Բիչախչյանն աչքի էր ընկել այս տարվա մարտի 24-ին Երևանում Չեռնոգորիայի հավաքականի հետ անցկացված ընկերական խաղում, որում Վահանի խփած միակ գոլը հաղթանակ էր պարգևել ՀՀ հավաքականին:

8. Ընթացիկ մրցաշրջանում ՀՀ հավաքականի անցկացրած 6 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները 4 անգամ հեռացվել են խաղադաշտից: Յուրօրինակ ռեկորդակիրն Արման Հովհաննիսյանն է, որը 2-րդ կարմիր քարտը ստացավ: Առաջին անգամ նա խաղադաշտից հեռացվել էր մարտի 29-ին նորվեգացիների հետ կայացած ընկերական հանդիպման 18-րդ րոպեին: Մինչև այդ էլ՝ մարտի 24-ին՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ երևանյան մրցախաղում, կարմիր քարտի էր արժանացել Ստյոպա Մկրտչյանը: Կամո Հովհաննիսյանը հավաքականում առաջին անգամ հեռացվեց խաղադաշտից:

Hayastan-Shotlandia-4

ՀՀ հավաքականի պատմության մեջ 3-րդ անգամ մեկ խաղում մեր երկու ֆուտբոլիստներ հեռացվեցին խաղադաշտից: Առաջին նման դեպքը տեղի էր ունեցել 2000թ. փետրվարի 4-ին Կիպրոսի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որում խաղադաշտից հեռացվել էին Ռոմիկ Խաչատրյանն ու Սարգիս Հովսեփյանը:

2007թ. հունվարի 14-ին Լոս Անջելոսում Պանամայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում էլ կարմիր քարտի էին արժանացել Կարեն Ալեքսանյանն ու Սարգիս Հովսեփյանը:
Յուրօրինակ ռեկորդը գրանցվել էր 2001թ. հունիսի 6-ին Երևանում Լեհաստանի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում խաղադաշտից հեռացվել էին միանգամից 3 ֆուտբոլիստներ՝ Ալբերտ Սարգսյանը, Ֆելիքս Խոջոյանն ու Հայկ Գևորգյանը:

Ընդհանուր առմամբ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստները 31 անգամ են խաղադաշտից հեռացվել: Կարմիր քարտերի քանակով ռեկորդակիրներն Ալբերտ Սարգսյանն ու Վարազդատ Հարոյանն են, որոնք 3-ական անգամ հեռացվել են խաղադաշտից: 

9. Վարազդատ Հարոյանը ՀՀ հավաքականում 68-րդ խաղն անցկացրեց և շրջանցելով Մարկոս Պիզելիին, ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Ազգերի լիգայի մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով (14) Հարոյանը Տիգրան Բարսեղյանի հետ հավաքականի ռեկորդակիրն է:

Hayastan-Shotlandia-5

10. Արթուր Սերոբյանը դարձավ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում ՀՀ հավաքականում հանդես եկած 22-րդ ֆուտբոլիստը: Նրանցից միայն 7-ը՝ Դավիթ Յուրչենկոն, Հրայր Մկոյանը, Կամո Հովհաննիսյանը, Արտակ Դաշյանը, Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանն ու Վահան Բիչախչյանն են մասնակցել բոլոր խաղերին: Ընդ որում Դավիթ Յուրչենկոն և Հրայր Մկոյանն առանց փոխարինման են հանդես եկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա