Logo

Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:14 / 24.03.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Թուրքերի դեմ մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում:

Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները երկրորդ անգամ են ընդգրկվել ընտրական նույն խմբում: Մրցակիցների միջև մինչև օրս կայացած երկու խաղերն էլ տեղի են ունեցել 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբում:

Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարին նախապատրաստվել էր նոր գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենի գլխավորությամբ, որը փոխարինել էր կյանքից հեռացած շոտլանդացի Իան Պորտերֆիլդին:

Մինչև ընտրական մրցաշարի մեկնարկն անցկացրած ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականն իրեն վատ չէր դրսևորել: Փետրվարի սկզբին Մալթայում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը հաղթել էր տանտերերին (1-0) ու բելառուսներին (2-1) և պարտվել իսլանդացիներին (0-2): Այնուհետև ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր ղազախներին և ոչ-ոքի խաղացել մոլդովացիների (2-2) ու հույների (0-0) հետ:

2008թ. սեպտեմբերի 6-ին «Հրազդան» ստադիոնում թուրքերի հետ կայացած խաղն ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումն էր: Հայաստանի հավաքականը 0-2 հաշվով պարտություն կրեց: Երկրորդ խաղակեսում Թուրքիայի հավաքականի գոլերը խփեցին Թունջայ Շանլին և Սեմիհ Շենթյուրկը:

Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմն այսպիսին էր. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան (ավագ), Ալեքսանդր Թադևոսյան, Ռոբերտ Արզումանյան (Ռոմիկ Խաչատրյան, 35), Աղվան Մկրտչյան, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան, Արտավազդ Քարամյան, Լևոն Պաչաջյան, Համլետ Մխիթարյան (Ռոբերտ Զեբելյան, 66), Էդգար Մանուչարյան (Արման Քարամյան, 76):

Թիմերի պատասխան հանդիպումը կայացավ 2009թ. հոկտեմբերի 14-ին Բուրսայում։ ԱԱ-2010-ի ընտրական մրցաշարի վերջին խաղում ևս թուրքերը հաղթեցին 2-0 հաշվով: Դաշտի տերերը Հալիլ Ալթինթոփի և Սերվեթ Չետինի խփած գոլերի շնորհիվ արդեն առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը:

Այդ խաղում Հայաստանի հավաքականը գլխավորում էր Վարդան Մինասյանը, որը հետևյալ կազմն էր դուրս բերել խաղադաշտ. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան (ավագ), Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Արարատ Առաքելյան (Մարկոս Պիզելի, 58), Կառլեն Մկրտչյան, Արտավազդ Քարամյան, Արման Քարամյան (Էդուարդ Կակոսյան, 77), Հովհաննես Գոհարյան (Սամվել Մելքոնյան, 46), Հենրիխ Մխիթարյան:

Հայ-թուրքական ֆուտբոլային դիմակայությունն իր մեջ ներառում է նաև երկու երկրների երիտասարդական հավաքականների միջև կայացած 4 հանդիպումները: Դրանք տեղի են ունեցել Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում:

Առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական հավաքականները միևնույն խմբում են հայտնվել Եվրո-2009-ի ընտրական մրցաշարում: Մրցակիցների միջև 2008թ. օգոստոսի 20-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած առաջին հանդիպումը դրամատիկ ավարտ ունեցավ:

66-րդ րոպեին Աբդուլա Դուրակը բացեց հաշիվը՝ գրավելով Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը: Հանդիպման վերջնամասն անցավ Հայաստանի հավաքականի բուռն գրոհներով, ինչն իր արդյունքը տվեց: 89-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը տուգանայինի խաղարկումից հետո վերականգնեց հավասարակշռությունը, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց հաղթական գոլը՝ 2-1: Երկու դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակը Հովհաննես Գոհարյանն էր: Հայաստանի հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ տպավորիչ հաղթանակ գրանցեց:

Սեպտեմբերի 9-ին Թուրքիայում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Բաթուհան Կարադենիզը, մեկական գոլ էլ խփեցին Էրեն Գյունգորն ու Օզեր Հուրմաչին:

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հաջորդ մրցաշարում մրցակիցները կրկին հայտնվեցին նույն խմբում: Դանիացի մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ անցկացված երկու հանդիպումներն էլ անհաջող էին Հայաստանի երիտասարդական հավաքականի համար:

2009թ. հունիսի 9-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում թուրքերը հաղթեցին 5-2 հաշվով: Դենիզ Յիլմազի, Այդին Յիլմազի, Ֆերհատ Բիկմազի և Մուստաֆա Պեկտեմեկի խփած գոլերի շնորհիվ հյուրերը հաղթում էին 4-0 հաշվով: Միայն 69-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն մեկ րոպե անց Յիգիթ Գյոքոգլանը 5-րդ գնդակն ուղարկեց Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը, որին 81-րդ րոպեին Հայաստանի հավաքականը պատասխանեց Արտակ Դաշյանի խփած գոլով:

Հոկտեմբերի 13-ին Թուրքիայում կայացած պատասխան խաղի ելքը վճռեց ավելացված ժամանակում Այդին Յիլմազի խփած միակ գոլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա