Logo

Հայաստանի երկրորդ պատվիրակի ելույթն անհաջող էր

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:04 / 04.05.2022Ծանրամարտ
Անդրանիկ Պապեյան

Անդրանիկ Պապեյանը մրցանակային հավակնություններ չի դրսևորել հունական Իրակլիոնում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

61 կգ քաշային մարզիկն արդյունավետ է կատարել 6 մոտեցումներից միայն մեկը։ Պոկում վարժության մեկնարկում նա արձանագրել է 115 կգ քաշը, որից հետո երկու անգամ չի կարողացել իր կամքին ենթարկել դրանից 5 կգ ծանր կշռող ծանրաձողը։ Այդ վարժությունը նա ավարտել է մրցաշարային աղյուսակի ուղիղ մեջտեղում՝ 7-րդ տեղում։ Հրում մրցաձևում Պապեյանը երեք մոտեցումներում էլ չի բարձրացրել պատվիրած 140 կգ քաշը և զրո է ստացել։ Ըստ այդմ՝ Պապեյանը հաշվարկային տեղ չի գրավել նաև երկամարտում։

Նախկինում Անդրանիկը 4-րդ տեղն է գրավել 2018 և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Իրակլիոնում պոկում վարժությունից կրկնել է եռամյա վաղեմության իր լավագույն արդյունքը։ Հրումից նրա լավագույն ցուցանիշը եղել է 138 կգ։

Հայաստանի հաշվին արդեն գրանցվել է առանձին վարժությունների 2, երկամարտի՝ 1 ոսկե մեդալ, որոնք 55 կգ քաշային կարգում նվաճել է 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը (պոկում՝ 108, հրում՝ 132, երկամարտ՝ 240 կգ)։

Ընթացիկ առաջնությունում Հայաստանը ներկայացնում են նաև Միլենա Խաչատրյանը (աղջիկների 76 կգ քաշային կարգում), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը և Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա