Logo

Մ20 ԵԱ. Հայաստանի 2 ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:36 / 28.06.2022Ըմբշամարտ
null

Հայաստանի 10 ներկայացուցիչներից 7-ը կարող են մեդալներով վերադառնալ Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունից։

60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հաղթելով Լատվիան ներկայացնող Կասպարս Բոնդարենկոյին (10։0) և շվեդ Իլիաս Ջեյսոն Այխանին (9։0), հասել է կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է ադրբեջանցի Նիհատ Մամեդլիի հետ։

Կիսաեզրափակիչում է նաև 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, որը պարտության է մատնել սերբ Մոմչիլո Գայիչին (9։0), իտալացի Ալեսանդրո Գրեսպիին (11։0) և թուրք Օնուր Յուրտադային (9։0)։ Կիսաեզրափակիչում Խաչատրյանը մրցելու է ուկրաինացի Մարիան Գոլուբովսկու հետ։

Բրոնզե մեդալի համար պայքարին ներգրավվելու հնարավորություն է պահպանում նաև Արման Խաչիկյանը (72 կգ), որը մեկնարկում մոլդովացի Ալեքսանդրու Սոլովեյին (4։2) հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում պարտվել է հունգարացի Աթիլա Տամաշ Տոյեսմագին (1։3)։ Վերջինս հասել է կիսաեզրափակիչ ու ևս մեկ հաղթանակ տանելու դեպքում կբացի Խաչիկյանի ճանապարհը դեպի սփոփիչ փուլ։

Սպասումային նույն վիճակում են նաև Հայկ Մխիթարյանը (82 կգ) և Հրանտ Միքայելյանը (97 կգ), որոնք առաջին իսկ գոտեմարտում պարտվել են համապատասխանաբար իտալացի Լեոն Ռիվալտային (1։4) և էստոնացի Ռիչարդ Կարելսոնին (0։8)։ Հայ մարզիկներին հաղթած ըմբիշները գոտեմարտելու են կիսաեզրափակիչում։

Ավելի վաղ բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք էին ստացել Վիգեն Նազարյանը (87 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը։ Նազարյանը 3-րդ տեղի համար մրցելու է շվեդ Ալգոտ Լենարտ Բոտվիդ Կելմանի, իսկ Վարդանյանը՝ թուրք Թալիպ Չիֆտչիի հետ։

55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել 3-րդ տեղի համար գոտեմարտին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա