Logo

Հայաստանի ազգային պատկերասրահ. Օգյուստ Ռոդենի «Սյուզոնը»

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 20.07.2021ՍՊՈՐՏ
Capture1 1 - Հայաստանի ազգային պատկերասրահ. Օգյուստ Ռոդենի «Սյուզոնը»

19-րդ դարի վերջին ֆրանսիական գեղարվեստական մշակույթը ներկայացնում էր բազմազանության բարդ հյուսվածք։ Պատմության այս շրջանում իր վառ անհատականությամբ աչքի ընկավ տաղանդավոր վարպետ Օգյուստ Ռոդենը, ում արվեստը զգալի ազդեցություն ունեցավ համաշխարհային քանդակագործության հետագա զարգացման վրա: Ոմանք կասեն, որ յուրաքանչյուր ստեղծագործություն, որի վրա նա աշխատել է, ինքնին դասական է: Յուրաքանչյուր ոք, ով գնահատում է քանդակագործական արվեստը, հավանաբար կունենա Ռոդենի գործերից իր սիրելին: Շատերի համար էլ այն կարող է լինել օրինակ «Սյուզոն» անունով նրբագեղ ստեղծագործությունը:

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում Ռոդենը ներկայացված է վաղ շրջանի «Սյուզոնը» բրոնզե դիմաքանդակով, որի տարբերակներից մեկը պահվում է Փարիզի Ռոդենի թանգարանում:

Կնոջ դիմաքանդակ կամ ուղղակի Սյուզոն

«Սյուզոն»՝ կնոջ կիսանդրի՝ կանացի, փայլուն և ռոմանտիկ գեղեցկությամբ: Ռոդենն այս ստեղծագործությունն սկսել է մոտավորապես 1872 թվականին։ Սկզբում այն ստեղծել է գիպսի մեջ, ավելի ուշ վերափոխել Սևրի ճենապակու և վերջապես սպիտակ մարմարի: Քանդակագործն ունենալով լուրջ ֆինանսական խնդիրներ՝ ստիպված եղավ իր որոշ քանդակների իրավունքները վաճառել Բրյուսելի «Բրոնզե ընկերությանը», որը լիազորված էր վերարտադրել «գնված» ստեղծագործությունները: Հետագայում Սյուզոնը վերափոխվում է բրոնզով: Ստեղծագործության օրինակները կան ամբողջ աշխարհում, որոնք նույնպես համարվում են բնօրինակներ: Քանդակները պահվում են ինչպես մասնավոր հավաքածուներում, այնպես էլ թանգարաններում:

«Սյուզոն» դիմաքանդակի ստեղծման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է 18-րդ դարի ռոմանտիկ շարժումը: Այս ռոմանտիկ շարժումը ազդեցություն է ունեցել նաև կերպարվեստի և գրականության վրա: «Կնոջ դիմաքադակը» ստեղծելու շրջանում Ռոդենը գտնվում էր Բրյուսելում: Ֆրանկո-պրուսական պատերազմի պատճառով նա ստիպված էր ապրել տանից հեռու՝ աքսորված: Այդ ժամանակ Բրյուսելում աքսորված էր նաև մեկ այլ քանդակագործ՝ Ալբերտ- Էռնեստ Կարիե-Բելյոզը: Նա մեծ ազդեցություն ուներ Ռոդենի վրա: Եվ ըստ էության, Ռոդենը ստեղծեց Սյուզոնը՝ հարգանքի տուրք մատուցելով իրեն:

Նա հարգում էր անցյալի գործերը։ Տաղանդավոր վարպետ, որն ամենից շատ փափագում էր մեծ ճանաչում ունենալուն: Ոմանք ճանաչում էին նրա տաղանդը, ոմանք՝ ոչ: «Սյուզոնը» Ռոդենի աշխատանքներից ամենաճանաչվածը չէ, բայց անխոս ամենագեղեցիկներից է: «Կնոջ դիմաքանդակը» ցույց է տալիս նկարչի գեղեցիկը գնահատելու ունակությունն ու ռոմանտիզմը:

Ինչպե՞ս հայտնվեց Ազգային պատկերասրահում

Օգյուստ Ռոդենի «Կնոջ դիմաքանդակ. Սյուզոն» ստեղծագործությունը 1958 թվականի դեկտեմբերին համալրեց Հայաստանի ազգային պատկրասրահի հիմնական հավաքածուն: Ստեղծագործությունը գնվել է Մոսկվայում՝  քաղաքացի Ս. Սկիդանի անձնական հավաքածուից՝ 5000 ռուբլի արժեքով:

Պատկերասրահում ներկայացված է քանդակի բրոնզե օրինակը, որի ետնամասում մակագրված է «A. Rodin», առջևում՝ «Suzon»:

Suzon 960x303 - Հայաստանի ազգային պատկերասրահ. Օգյուստ Ռոդենի «Սյուզոնը»


20138456 - Հայաստանի ազգային պատկերասրահ. Օգյուստ Ռոդենի «Սյուզոնը»
                                                 Auguste Rodin, “Suzon”. 1875

 

Լուսանկարները՝ ազգային պատկերասրահի արխիվից


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա