Logo

Հայոց եռագույնը՝ Ստամբուլում ծածանվելու սպասումով. VNews-ի զրույցը Ռաֆայել Մեհրաբյանի հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
21:18 / 07.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը բարձր տրամադրությամբ և մարտական տրամադրվածությամբ է մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը մեկնելուց անմիջապես առաջ VNews-ին հայտնեց, որ մրցավայր մեկնող բոլոր 4 մարզուհիները լավ մարզավիճակում են, ինչն առնվազն մեկ մեդալ նվաճելու հույս է ներշնչում։

Համաշխարհային ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու են Գայանե Տեր-Բարսեղյանը (մինչև 48 կգ քաշային կարգում), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ)։ Պատվիրակության կազմում են նաև գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

«Գոհ եմ նախապատրաստական բոլոր փուլերում կատարված աշխատանքից, որևէ խնդիր չի եղել։ Նախավերջին հավաքն անցկացրել ենք Ծաղկաձորում, իսկ վերջինը՝ Երևանում։ Ամեն ինչ ընթացել է ըստ ծրագրի։ Մեր բոլոր մարզուհիներն էլ լավ վիճակում են, վնասվածքներ չեն ունեցել։ Չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, բայց գրեթե բոլորն էլ մրցանակային տեղ գրավելու հույս են ներշնչում։ Չեմ պատկերացնում նրանց պարտվելը։ Հուսով եմ՝ առնվազն մեկ մեդալակիր կունենանք, թեպետ բոլորն էլ արժանի են նման հաջողության։ Փոքր-ինչ անհանգստացնում է այն հանգամանքը, թե Թուրքիայում ինչպես կվերաբերվեն մեզ»,- VNews-ին ասաց Ռաֆայել Մեհրաբյանը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ամենից քիչ մրցափորձ, թերևս, ունի 20-ամյա Տեր-Բարսեղյանը, որին մարզիչը համարում է բավական խոստումնալից։ Ռ. Մեհրաբյանն ակնկալում է, որ այս ստուգատեսում ձեռք բերած փորձը Գայանեին օգտակար կլինի հուլիսին նախատեսված Եվրոպայի առաջնության ժամանակ։ Մեր մյուս երեք մարզուհիները փորձառու են, տրամադրված են անպայման հայոց եռագույնը ծածանել Ստամբուլում։

Գլխավոր մարզիչը չթաքցրեց, որ իրեն մտահոգում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախկին չեմպիոնուհի Սիչևան տևական ժամանակ չի մասնակցել միջազգային մրցումների։ «Չնայած նա շատ պատասխանատու է, նվիրված մարզվել է։ Ի դեպ, Եկատերինան ամբողջությամբ մերվել է մեր թիմին, նույնիսկ հայերեն որոշ արտահայտություններ է սովորել և սիրով օգտագործում է։ Անուշն ու Անին էլ իրենց անցած մարզական ուղիով են ապացուցել, թե ինչի են ունակ։ Նրանք արդեն հասել են այն մակարդակին, որ անպայման պետք է արդյունք ապահովեն»,- մանրամասնեց մարզիչը։

Նա հայտնեց, որ պատրաստվում է 7 մարզուհու հայտավորել Եվրոպայի առաջնությանը։ «Իրոք արդեն ձևավորված թիմ և համապատասխան ներուժով մարզուհիներ ունենք։ Այսօր հավաքականում կա 15 բռնցքամարտիկ։ Ներգրավել եմ նաև անցյալ տարվա Հայաստանի երիտասարդների չեմպիոնուհիներից մի քանիսին։ Աշխարհի առաջնությունից հետո բոլորի մասնակցությամբ հավաք կանցկացնենք և կպատրաստվենք եվրոպական ստուգատեսին։ Իսկ մրցակցային փորձի պակաս ունեցող մարզուհիներին էլ կստուգենք միջազգային մի քանի մրցումներում։ Միայն դրանից հետո կորոշենք վերջնական կազմը»,- նշեց մարզիչը։

Հավելենք, որ աշխարհի այս առաջնությունում չեմպիոնուհին պարգևատրվելու է 100 հազար դոլարով, իսկ երկրորդ և երրորդ տեղեր գրավողների համար նախատեսված է համապատասխանաբար 50 և 25 հազար դոլար մրցանակային գումար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա