Logo

«Հավանականությունը մեծ է, որ ծանրամարտն ընդգրկվի նաև 2028թ․ ՕԽ-ում». Փաշիկ Ալավերդյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:39 / 28.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն Ալբանիայի մայրաքաղաքում մասնակցել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հատուկ համաժողովին և կազմակերպության նոր նախագահի ընտրությանը։ Այդ միջոցառումից Փաշիկ Ալավերդյանը որոշ մանրամասներ է ներկայացրել VNews-ին։ 

«Թեպետ, ընտրական գործընթացով պայմանավորված, մթնոլորտը համաժողովում նկատելիորեն լարված էր, քանի որ պատվիրակները բաժանվել էին երկու անհաշտ բևեռի, այնուամենայնիվ ամեն ինչ ընդհանուր առմամբ նորմալ անցավ։ Միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնող 12 թեկնածուներից 10-ը քվեարկությունից առաջ ինքնաբացարկ հայտարարեց, և հիմնական պայքարն ընթացավ մինչև այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող իրաքցի Մուհամմեդ Ջալուդի և կատարցի Յուսեֆ ալ Մանանի միջև։ Նախագահ ընտրվեց Ջալուդը։ Ես չէի առաջադրվել միջազգային ֆեդերացիայի որևէ օղակում ընտրվելու համար։ Ընտրություններն անցան ՄՕԿ-ի հատուկ դիտորդական առաքելության հսկողությամբ և հայտարարվեցին օրինական։ Հիմա մեծ է հավանականությունը, որ ծանրամարտն ընդգրկված կլինի նաև 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերում»,- VNews-ին պատմեց Փաշիկ Ալավերդյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ համաժողովում Հայաստանին առնչվող որևէ հարց չի քննարկվել։ Օլիմպիական ուղեգրերի քվոտան մնացել է անփոփոխ. յուրաքանչյուր երկիր, ելնելով վարկանիշային մրցաշարերում գրանցած արդյունքից, կարող է հավակնել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կանանց և տղամարդկանց մրցումների 1-3 ուղեգրի։

Անդրադառնալով Լաս Վեգասում հունիսի 29-ից հուլիսի 9-ն անցկացվելիք «Բարեկամության գավաթ» միջազգային ներկայացուցչական մրցաշարին հայ ծանրորդների մասնակցությանը՝ VNews-ի զրուցակիցը նշեց, որ դա ավելի շատ ցուցադրական մրցում է, որի նպատակն է նպաստել ԱՄՆ-ում ծանրամարտի տարածմանն ու զարգացմանը։

«Դա կոմերցիոն մրցաշար չէ, պարզապես իրենց երկրում մարզաձևը հանրայնացնելու նպատակով հրավիրել են աշխարհի լավագույն ծանրորդներին։ Այն չի ընձեռում նաև օլիմպիական վարկանիշ։ Ուղղակի ամերիկացիները ցանկանում են մի փոքր շփվել երկաթախաղի ուժեղագույն վարպետների հետ և համատեղ հավաք անցկացնել։ Հայաստանից մրցաշարին մասնակցելու են Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Նա ավելացրեց, որ հուլիսի կեսին կվերադառնան հայրենիք և կարճատև հանգստից հետո կսկսեն աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու հավաքների շարքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա