Logo

«Եվրոպայի առաջնությունում չհաջողեցինք, պատրաստվում ենք Օլիմպիական վարկանիշային մրցումներին». Հովհաննես Դավթյանի հարցազրույցը VNews-ին

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:45 / 13.05.2022Ձյուդո
Բացառիկ
Հովհաննես Դավթյան

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի արծաթե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը դժգոհ է վերջերս Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկների մասնակցության արդյունքից։ Նրանց ելույթներին և առաջիկա ծրագրերին գյումրեցի մասնագետն անդրադարձել է VNews-ի հետ զրույցում։

ՄԵԿ ՍԽԱԼԻ ԱՐԺԵՔԸ

«Դժվար է միանշանակ մեկնաբանել Եվրոպայի 2018 թվականի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի պարտությունը մեկնարկային գոտեմարտում։ Ամեն դեպքում նրանից ավելի լավ ելույթ էինք ակնկալում։ Սակայն ձյուդոն յուրահատուկ մարզաձև է. այստեղ ընդամենը մեկ սխալը կարող է հանգեցնել պարտության և մարզիկին դուրս թողել հետագա պայքարից։ Հենց նման իրավիճակի բախվեց Կարապետյանը, որը փորձեց հնարք կիրառել ռումինացի մարզիկի նկատմամբ, սակայն պատասխան գործողություն բաց թողեց և պարտվեց իպոն գնահատականով։ Ցավալի է, իհարկե, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆերդինանդը պատրաստ էր գոտեմարտին, լավ էր սկսել այն և ընդհանուր առմամբ առավելություն ուներ։ Պարտությունը պայմանավորված է չստացված հնարքով և տակտիկական սխալով։ Չեմ կարող ասել, որ որևէ այլ գործոնով զիջում էր մրցակցին»։

ՊԱՐՏՎԵՑ, ԲԱՅՑ ՎԱՏ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԹՈՂԵՑ

«Մեր երկրորդ մասնակից Արսեն Ավետիսյանը ելույթն սկսեց Կոսովոն ներկայացնող Եվրոպայի գործող չեմպիոնի նկատմամբ հաղթանակով։ Երկրորդ գոտեմարտում նա միայն «ոսկե գցումով» պարտվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն ռումինացուն։ Մեր գնահատմամբ՝ Արսենի մասնակցությունը վատը չէր։ Իհարկե, որոշակի ակնկալիքներ ունեինք նրանից, որոնք ավելի ծանրակշիռ դարձան Եվրոպայի չեմպիոնին հաղթելուց հետո։ Ցավոք, ավելին անել չհաջողվեց, թեպետ Արսենը կարող էր հաղթել նաև երկրորդ գոտեմարտում։ Իրականում մեդալի սպասելիք ունեինք նրանից։ Մեծ հաշվով՝ Արսենին փորձելու կարիք չունեինք, քանի որ լավ ծանոթ էինք նրա հնարավորություններին։ Երկրորդ գոտեմարտում էլ հաղթելու դեպքում առնվազն 3-րդ տեղի համար պայքարելու հնարավորություն կստանար։ Մեր մարզիկների մասնակցությունից գոհ չեմ կարող լինել, քանի որ, ամեն դեպքում, ձեռնունայն ենք վերադարձել»։

ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ԼՈՒՐՋ ԽԹԱՆ Է

«Արսենն սպասելիքներն արդարացրեց եվրոպական ստուգատեսին անմիջապես հաջորդած Եվրոպայի գավաթի փուլային մրցաշարում՝ երկրորդ տեղը գրավելով հարազատ 73 կգ քաշային կարգում։ Նա 4 հաղթանակով հասավ եզրափակիչ, որում զիջեց հունգարացի ձյուդոյիստին։ Հավանաբար, ինչ-որ բան չբավականացրեց մեր մարզիկին։ Աշխատելու տեղ դեռ շատ կա։ Այնուհանդերձ, պետք է ընդունել, որ 21-ամյա Ավետիսյանը լավ է մեկնարկել մեծահասակների ասպարեզում և արդեն անդրանիկ մեդալն է նվաճել։

Տարիքային այս խմբում առաջին պարգևն ունեցավ նաև 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը, որը նույն մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ։ Նա նույնպես երիտասարդ է, ճիշտ է՝ առայժմ վարպետության մակարդակով զիջում է Արսենին, բայց ուրախացնում է, որ հնարավորություններից բարձր ելույթ ունեցավ։ Շնորհավորում եմ մեր տղաներին, քանզի առաջին մեդալը հոգեբանական կարևոր նշանակություն ունի մարզիկի կարիերայում։ Այն կարող է առաջընթացի լուրջ խթան լինել։ Իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունում էլի ունեցանք երկու հաղթանակ գրանցած մարզիկ։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցությունը վատը չէր։ Առհասարակ այս տարի մտադիր ենք շատ մարզիկների ներգրավել միջազգային մրցումներին։ Մարզիչները գոհ են նման մոտեցումից և իրենց սաների մոտ նկատվող աճից»։

ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ

«Մայիսի 20-ից հունիսի 2-ն ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Վլադիկավկազում։ Պատրաստվելու ենք Թբիլիսիում կայանալիք «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարին, որին նախատեսել ենք գործուղել Ֆերդինանդ Կարապետյանին, Արսեն Ավետիսյանին և Արտյոմ Ղալաչյանին։ Վերջինս վնասվածք ունի, բայց հուսով ենք՝ կհասցնի ապաքինվել։ Առողջական որոշ խնդիրներ ունի նաև Ֆերդինանդը։ 

Առհասարակ հագեցած մրցաշրջան է սպասվում։ Արդեն հուլիսից սկսվելու են ձյուդոյի Օլիմպիական վարկանիշային մրցումները, որոնցից առաջինը մեզ համար լինելու է Մոնղոլիայում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Առաջիկա երկու տարիներին հենց վարկանիշային մրցումներն են լինելու մեր առաջնային նպատակը։ Լավ մասնակցության համար շատ կարևոր է, որ տղաները լիարժեք ապաքինվեն վնասվածքներից։

Աշնանն Ուզբեկստանում անցկացվելու է աշխարհի առաջնությունը։ Մի խոսքով՝ ծրագրերն այնքան շատ են, որ պետք է հաջորդաբար պատրաստվել յուրաքանչյուրին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա