Logo

Հայաստանի և Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիաները համագործակցություն են սկսել

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:18 / 21.06.2022Ձմեռային մարզաձևեր
դահուկային սպորտի ֆեդերացիաներ

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հրավերով Հայաստան են այցելել Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնք վերապատրաստման 6-օրյա դասընթացներ են անցկացրել հայ մարզիչների համար։ Հյուսիսցի հյուրերին ընդունել է նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ձեռք է բերվել համագործակցությանը նոր երանգ հաղորդելու պայմանավորվածություն։

Հանդիպման ընթացքում, ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում, ՀԴՍՖ նախագահ Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ նորվեգական կողմի հետ արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել, իսկ մարզչական դասընթացները եղել են շատ ուսուցողական և հետաքրքիր։ «Անցկացվել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ: Նորվեգացի մասնագետներն աշխատել են նաև 50 հայ երեխաների հետ: Այս համագործակցությունը շարունակական է լինելու: Հաջորդ դասընթացները նախատեսում ենք անցկացնել ձմեռային ամիսներին»,- ասել է նա։

Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն օգոստոսին և սեպտեմբերին ուսումնամարզական հավաքների կմասնակցի Նորվեգիայի թիմի հետ, կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ղեկավարությամբ ու փորձ ձեռք կբերի։ Իսկ հոկտեմբերին կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլերի ու միջազգային մրցաշարերի։

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլը նշել է, որ Հայաստանում կան հիանալի պայմաններ և շատ լավ մասնագետներ: «Վերապատրաստման դասընթացներ ենք անցկացրել 16 մարզիչների հետ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ բոլորն էլ ունեն սովորելու մեծ ցանկություն և ձգտում: Զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկը կրթությունն է: Վստահ եմ՝ Հայաստանն առաջիկա տարիներին կարող է թոփ մարզիկներ ունենալ, եթե շարունակենք համակարգված աշխատել: Այս փորձը կարևոր է նաև մեզ համար»,- խոստովանել է նա։

Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի՝ գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասը նկատել է, որ Միքայելը շատ աշխատասեր մարզիկ է, ունի մեծ ներուժ։ «Հայաստանը մեծ ներուժ ունի դահուկային սպորտում: Հասցրել եմ լինել մի շարք վայրերում, մասնավորապես Աշոցքում և համոզվել եմ, որ Հայաստանում առկա են բոլոր պայմանները դահուկային սպորտը զարգացնելու, այստեղ մրցաշարեր անցկացնելու համար: Իդեալական պայմաններ ունեք: Վստահ եմ՝ կարող ենք լավ մարզիկներ պատրաստել ձեր երկրում»,- ընդգծել է նա։

Կարեն Գիլոյանը նորվեգացի գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ առաջարկելով ձմռանն ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա