Logo

Հայաստանի գավաթի եզրափակիչ, «Փյունիկ» – «Շիրակ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.05.2017Հայկական ֆուտբոլ
ՖԳԵԴԳ - Հայաստանի գավաթի եզրափակիչ, «Փյունիկ» - «Շիրակ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ՇԻՐԱԿ»

11 խաղ, +5=1-5, 12:9
24 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

1992թ. 1/2 եզրափակիչ
18.05. ՀՄԸՄ – «Շիրակ»՝ 3:0 (1:0)
Խորեն Հովհաննիսյան (24` 11մ), Հայկ Մարգարյան (57), Արսեն Ավետիսյան (66):

22.05. «Շիրակ»ՀՄԸՄ` 2:0 (1:0)
Հարություն Վարդանյան (38` 11մ, 82` 11մ):

1994թ. 1/2 եզրափակիչ
10.04. «Շիրակ»ՀՄԸՄ` 1:0 (0:0)
Իշխան Շահնազարյան (78):

02.05. ՀՄԸՄ – «Շիրակ»՝  2:1 (1:1)
Աբրահամ Խաշմանյան (41), Արսեն Ավետիսյան (54) – Արտյոմ Բեռնեցյան (17):

1995թ. 1/4 եզրափակիչ
04.04. ՀՄԸՄ – «Շիրակ»՝ 1:2 (0:1)
Արսեն Ավետիսյան (69) – Արտակ Ադամյան (36), Հարություն Վարդանյան (49):

13.04. «Շիրակ» – ՀՄԸՄ` 1:0 (0:0)
Սամվել Նիկոլյան (73):

2011թ. 1/4 եզրափակիչ
10.03. «Շիրակ» – «Փյունիկ»՝  1:1 (1:0)
Անդրանիկ Բարիկյան (34) – Սարգիս Հովսեփյան (87):

14.03. «Փյունիկ»«Շիրակ»` 0:1 (0:1)
Տիագո Լոպես (37):

2012/13թթ. եզրափակիչ
07.05.2013  «Փյունիկ» – «Շիրակ»` 1:0 (1:0)
Տարոն Ոսկանյան (38):

2014/15թթ. 1/4 եզրափակիչ
17.09.2014  «Փյունիկ» – «Շիրակ»` 3:0 (1:0)
Սեսար Ռոմերո (21, 57), Վարազդատ Հարոյան (90):

05.11.2014  «Շիրակ» – «Փյունիկ»՝  0:1 (0:1)
Գագիկ Պողոսյան (24):

Որքան էլ որ զարմանալի է, սակայն հայկական ֆուտբոլի տիտղոսակիր 2 ակումբներն ընդամենը 2-րդ անգամ են միմյանց հետ մրցելու Հայաստանի գավաթի եզրափակչում: Վճռորոշ այդ հանդիպումը կայացել է 2013թ. մայիսի 7-ին և ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով:

Մինչ օրս պատվավոր մրցանակի համար պայքարում «Փյունիկի» և «Շիրակի» Ճանապարհները 6 անգամ են հատվել: Մրցակիցներից յուրաքանչյուրին հաջողվել է 3-ական անգամ հաղթող դուրս գալ գավաթային դիմակայությունում: Եթե 90-ական թվականներին մրցակիցների միջև գավաթային 3 դիմակայություններում 2 անգամ հաջողությունն ուղեկցել էր շիրակցիներին, ապա 2000-ականներին փյունիկցիներն են 2 անգամ հաղթող ճանաչվել:

Հայաստանի 8-ակի գավաթակիր «Փյունիկի» համար գավաթի եզրափակիչ հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում մրցանակի արժանանալու միակ հնարավորությունն է: Ի տարբերություն առաջնության հանդիպումների, «Փյունիկը» շատ հաջող հանդես եկավ գավաթի մրցաշարում՝ հաղթելով անցկացրած 4 հանդիպումներում էլ:

Քառորդ եզրափակչում փյունիկցիներն առավելության հասան չեմպիոնի՝ «Ալաշկերտի» նկատմամբ (2:1, 1:0), իսկ կիսաեզրափակչում պայքարից դուրս մղեցին գործող գավաթակիր «Բանանցին» (2:1, 1:0):

 «Շիրակը» գավաթի մրցաշարը սկսեց նորաստեղծ Աբովյանի «Կոտայքի» հետ մրցավեճով: Առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան հանդիպումը չկայացավ, քանի որ «Կոտայքը» լուծարվել էր: Գյումրեցիները եզրափակչի ուղեգիր նվաճեցին՝ առավելության հասնելով գանձասարցիների նկատմամբ (1:0, 1:1):

18319072_1522517301154907_7487209108729923947_o

«Շիրակն» ընդամենը մեկ անգամ է նվաճել Հայաստանի գավաթը: Գյումրեցիների վաղեմի երազանքը հաջողվեց իրականացնել Վարդան Բիչախչյանին, որի գլխավորությամբ «Շիրակը» 2012թ. խաղարկության եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Դիլիջանի «Իմպուլսին», 5-րդ փորձից վերջապես նվաճեց պատվավոր մրցանակը:

Գավաթի առաջիկա եզրափակիչը Վարդան Բիչախչյանի մարզչական կարիերայում 3-րդն է: Իսկ որպես ֆուտբոլիստ Բիչախչյանին բախտ չի վիճակվել հանդես գալու գավաթի վճռորոշ խաղում: 1999թ., երբ «Շիրակը» 3-րդ անգամ մտավ գավաթի եզրափակիչ, Բիչախչյանն այդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Գյումրիում»:

Արտակ Օսեյանի մարզչական կարճատև գործունեության ընթացքում գավաթի եզրափակիչն առաջինն է: Իսկ որպես ֆուտբոլիստ Օսեյանն ավելի հաջողակ է գտնվել Բիչախչյանից՝ 2007թ. «Բանանցի» կազմում վայելելով գավաթի նվաճման բերկրանքը:

Երկու թիմերում միասին վերցված առայժմ 11 ֆուտբոլիստներ են նախկինում գավաթակիր դարձել: Հետաքրքիրն այն է, որ նրանցից միայն մեկը՝ գյումրեցի փորձառու պաշտպան Գևորգ Հովհաննիսյանն է «Շիրակի» կազմում վայելել գավաթը նվաճելու բերկրանքը: Իսկ նրա ներկայիս 4 թիմակիցները՝ Անատոլի Այվազովը (2015թ.), Արման Հովհաննիսյանը (2013-14թթ.), Ղուկաս Պողոսյանն (2013, 2015թթ.) ու Վիուլեն Այվազյանը (2013-14թթ.) գավաթակիր են դարձել «Փյունիկում» և ամեն ջանք կներդնեն մրցանակին արժանանալու նաև շիրակցիների կազմում:

Իսկ ահա «Փյունիկի» ներկայիս կազմի 5 ֆուտբոլիստներ գավաթին արժանացել են հարազատ թիմում, ևս մեկը՝ Պետրոս Ավետիսյանը՝ «Բանանցի» շարքերում գտնվելիս (2016թ.): Նրանցից ամենատիտղոսակիրը Նարեկ Ասլանյանն է, ով եռակի գավաթակիր է (2013-15թթ.): Երկուական անգամ գավաթակիր են դարձել Գոռ Մանուկյանը (2013-14թթ.), Ռազմիկ Հակոբյանը (2014-15թթ.) և Հովհաննես Պողոսյանը (2014-15թթ.), մեկ անգամ էլ գավաթակրի կոչմանն է արժանացել Ռոբերտ Հակոբյանը (2015թ.):

«Փյունիկի» և «Շիրակի» միջև կայացած գավաթային հանդիպումներում առավել արդյունավետ են գործել շիրակցի Հարություն Վարդանյանը և փյունիկցի Արսեն Ավետիսյանը` խփելով 3-ական գնդակ:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած 6 հանդիպումներից 3-ում հաղթել են գյումրեցիները, 2-ում հաջողության են հասել փյունիկցիները:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա