Logo

Հայաստանի հավաքական, ճամպրուկ, արտասահման. Ինչպիսի ակումբ է տեղափոխվում Ժիրայր Մարգարյանը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
16:49 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Ժիրայր Մարգարյան

Հայաստանի հավաքականի և «Արարատի» եզրային պաշտպան Ժիրայր Մարգարյանին կարևոր փորձություն է սպասվում: 24-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում առաջին անգամ մեկնում է արտասահման: Լատերալը կարիերան շարունակելու է Ուկրաինայում` «Վերես» ակումբում: Նա արդեն հաջող բուժզննում է անցել ակումբի համար:

Ուկրաինայի ուժեղագույն` VBET լիգան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը հաստատել է մոտալուտ տրանսֆերը.

«Մարգարյանն արդեն մարզվում է մեզ հետ: Առաջիկա օրերին նրա հետ պայմանագիր կստրագրենք»:

Ինչո՞ւ է Ժիրայրն այդքան կարևոր հայկական ֆուտբոլի համար, ինչպիսի՞ ակումբ է տեղափոխվում, և ի՞նչ հեռանկարներ կան արտասահմանում:

Jirayr Margaryan

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԻ ՓՆՏՐՏՈՒՔ

 «Ուրարտուի» սանը 20 տարեկանի դրությամբ մի քանի շանս էր ստացել հարազատ ակումբի գլխավոր թիմում, բայց ապագան մշուշոտ էր: Այդ պատճառով նա տեղափոխվեց «Շիրակ»: Գյումրիում նա ընդամենը կես տարվա ընթացքում դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Սկզբում Վարդան Բիչախչյանը երիտասարդ ֆուտբոլիստի համար լավագույն դիրքը գտնելու հարցում փնտրտուքի մեջ էր: Իր նորամուտի խաղում Ժիրայրը խաղաց աջ պաշտպանի դիքրում, երկրորդում` ձախ վինգերի, իսկ մինչև 2020 թվականի ամառ հասցրեց գործել նաև ձախ պաշտպանի և աջ վինգերի դիրքերում:  

Հաշվի առնելով «Շիրակում» Աղվան Դավոյանի ներկայությունը (թիմի ավագը)՝ ձախ պաշտպանի դիրքը գրեթե փակ էր Մարգարյանի համար, այդ պատճառով ձախլիկ ֆուտբոլիստն իրեն գտավ աջ պաշտպանի գոտում: «Շիրակում» անցկացրած 77 խաղերից 32-ում Ժիրայրը գործել է աջ պաշտպանի և միայն 20-ում՝ իր հիմնական` ձախ պաշտպանի դիրքում:

Ժիրայր Մարգարյանը` «Շիրակում»

Խաղ` 77

Գոլ` 3

Ասիստ` 5

Խաղային դիրքերը.

Աջ պաշտպան` 32 հանդիպում

Ձախ պաշտպան` 20

Աջ կիսապաշտպան` 10

Ձախ վինգեր` 9

Աջ վինգեր` 2

Հենակետային կիսապաշտպան` 1

Դեռ 2019 թվականին նա «Ֆուտբոլ Պլյուսի» հետ զրույցում խոսեց իր ունիվերսալության մասին.

«Ճիշտն ասած՝ ինձ ամենալավն զգում եմ իմ հիմնական` ձախ պաշտպանի դիրքում, բայց ես կատարում եմ մարզչի հրահանգները և շատ ուրախ եմ, որ այլ դիրքերում կարողանում եմ օգնել թիմին»:

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՇԱՆՍ

2020 թվականի ամռանը Մարգարյանը «Շիրակի» ամբողջ մեկնարկային կազմի հետ միասին տեղափոխվեց «Արարատ»: Այստեղ արդեն Աղվան Դավոյան չկար, և Ժիրայրի հետ Երևան ժամանած գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը լատերալին հանձնեց ձախ պաշտպանի դիրքի լիարժեք տնօրինման բանալին: «Արարատում» Մարգարյանը միայն մեկ անգամ խաղաց ձախ կիսապաշտպանի դիրքում, իսկ մյուս բոլոր հանդիպումներում` ձախ պաշտպանի:

Հարազատ դիրքը, վարպետության բնականոն զարգացումը և կուտակվող փորձը Ժիրայրին թույլ տվեցին նույնիսկ ավելի շատ գոլային գործողություն կատարել, քան «Շիրակում» անցկացրած զգալի ավելի շատ մրցավեճերում: 46 խաղում Մարգարյանը 10 ասիստ գրանցեց, այդ թվում՝ մեկը լեհական «Շլյոնսկի» դեմ եվրագավաթային մրցավեճում: 

Jirayr Margaryan 2020

Միևնույն ժամանակ Հայաստանի հավաքականը վերջին տարիներին տարօրինակ իրավիճակում էր: Ազգային ընտրանին ունի աջ պաշտպանի դիրքի համար մի քանի բարձրակարգ թեկնածու, իսկ ձախ եզրում ամեն ինչ ավելի բարդ է: Սկզբում Արմեն Գյուլբուդաղյանցը, հետո էլ Խոակին Կապառոսն ստիպված էին այդ դիրքում օգտագործել աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանին, մի քանի անգամ փյունիկցի Սերոբ Գրիգորյանին, իսկ երբեմն նույնիսկ կիսապաշտպան Հակոբ Հակոբյանին: Հիմնական հույսը Նաիր Տիկնիզյանն էր, որը, սակայն, հրաժարվեց միանալ մեր հավաքականին:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկար ժամանակ հրավեր չէր ուղարկում Մարգարյանին: Դա էլ ավելի կոփեց լատերալին, և նա նոր մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաշատ գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստն է (6 ասիստ):

Նման արդյունավետությունն արդեն չէր կարող աննկատ մնալ Կապառոսից: Իսպանացին Մարգարյանին հրավիրեց ԱԱ 2022-ի ընտրական փուլի նոյեմբերյան խաղերին: 

«Հրավերի մասին իմացա համացանցից: Տանն էի, բացեցի ՀՖՖ-ի կայքը: Կազմն արդեն հրապարակվել էր, տեսանյութով տեսա և շատ ուրախացա»,- ասաց պաշտպանը ՀՖՖ-ի հետ զրույցում:

Jirayr Margaryan-2

Չնայած Ժիրայրի նորամուտը համընկավ Հյուսիսային Մակեդոնիայից և Գերմանիայից կրած խոշոր հաշվով պարտությունների հետ, ձախ պաշտպանը պաշտոնապես սկսեց համարվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ:

Ֆուտբոլային գործակալները հաճախ են նշում, որ ֆուտբոլիստին շատ ավելի հեշտ է արտասահմանյան լիգա ուղարկել, եթե նա հանդիսանում է ազգային ընտրանու անդամ: Մարգարյանի դեպքում երկար սպասված նորամուտը հենց այդ խոսքերի ապացույցը դարձավ: Դեռ դեկտեմբերի սկզբին «Վերեսի» գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը խոստովանեց, որ ակումբն արդեն առաջարկ է կատարել «ազգային հավաքական ներկայացնող ոմն ֆուտբոլիստի»: Մեկ ամիս անց Մարգարյանը հայտնվեց այդ թիմում…

Ի՞ՆՉ ԱԿՈՒՄԲ Է «ՎԵՐԵՍԸ»

Ռովնո քաղաքը ներկայացնող ակումբն ստեղծվել է 1957 թվականին` «Կոլխոզնիկ» անունով (պատկերացրեք, եթե հիմա այդպես կոչվեր…): Հետագայում մի քանի անվանափոխություն է եղել, և ակումբը կրել է «Գորին» ու «Ավանգարդ» անունները, իսկ 1990-ից կոչվում է «Վերես»:

Խորհրդային Միության ուժեղագույն լիգայում այդ ակումբը երբեք չի խաղացել, իսկ Ուկրաինայի անկախացումից հետո՝ 1992-ից սկսել է ներկայացնել երկրի ուժեղագույն դիվիզիոնը: Թիմն աղմուկ է հանել հատկապես 1993-94 մրցաշրջանում, երբ գավաթի խաղարկությունում հետագա պայարից դուրս է թողել Կիևի «Դինամոյին», իսկ առաջնությունում՝ հաղթանակների հասել «Շախտյորի», «Դնեպրի» ու «Մետալիստի» նկատմամբ: Սակայն 1997 թվականից ակումբը նահանջել է ցածր դիվիզիոններ և այնտեղ մնացել մինչև 2011 թվականը: Տասը տարի առաջ ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է գործունեությունը…

ՎԵՐԵՍ

ՎԵՐԱՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

2015 թվականին նոր ներդրողների միջոցով ակումբը վերաստեղծվեց և ելույթները սկսեց երկրորդ դիվիզիոնում: Ակումբն անմիջապես երկրորդ տեղը գրավեց և բարձրացավ առաջին դիվիզիոն: 2016-17 մրցաշրջանի գարնանային հատվածում թիմի ղեկն ստանձնեց ներկայիս գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը (հետագայում հեռացավ և վերադարձավ), որի հետ «Վերեսը» գրավեց երրորդ տեղը: Պրեմիեր լիգայի ուղեգիր տալիս էր երկրորդ հորիզոնականը, սակայն այդ տեղը գրաված «Դեսնան» արտոնագիր չստացավ, և ուժեղագույն դիվիզիոնում հայտնվեց «Վերեսը»:

Ուժեղագույնների լիգայում «կարմրասևերը» հաջող ելույթ ունեցան` գրավելով վեցերորդ տեղը, սակայն 2018-ին տեղի ունեցավ անհասկանալին. «Վերեսի» ու «Լվովի» ղեկավարների պայմանավորվածության արդյունքում երկու ակումբները փոխվեցին դիվիզիոններով: Որքան էլ աբսուրդային հնչի, բայց «Վերեսը» համաձայնեց ոչ միայն դուրս մնալ Պրեմիեր լիգայից, այլ նաև Առաջին լիգայից և հայտնվեց երկրորդ դիվիզիոնում: Եվ այդ ամենը պաշտոնապես ընդունվեց ուկրաինական ֆուտբոլի ղեկավարության կողմից:

ՆՈՐ ԹԻՄ, ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վերեսը» ցածր լիգաներում երկար չմնաց՝ 2 տարում վերադառնալով ուժեղագույնների խումբ: VBET լիգայի ընթացիկ առաջնությունում «Վերեսը» նորեկի կարգավիճակով 16 թիմերի պայքարում ընթանում է 9-րդ տեղով:

Յուրի Վիրտի տրամադրության տակ լիգայի ամենատարեց թիմն է: Միջին տարիքը 27,4 տարեկան է:

«Մեզ հարկավոր է այնպիսի սելեկցիա կատարել, որ երիտասարդացնենք թիմը: Այսպիսի կազմով մենք մեկ տարի հետո ավելի վատ տեսք կունենանք»,- մտորում է Իվան Նադեինը՝ «Վերեսի» նախագահը:

Ակումբին ոչ միայն սերնդափոխություն է հարկավոր, այլ նաև կազմի խորություն, ինչի մասին խոսել է նաև գլխավոր մարզիչը: Ընթացիկ մրցաշրջանում «Վերեսը» պաշտոնական խաղերում օգտագործել է ընդամենը 21 ֆուտբոլիստի: Նրանցից 20-ն ուկրաինացիներ են: Միակ լեգեոները Մոլդովայի հավաքականի թեկնածու Միխաիլ Գեչևն է:

Kucherov

Նման կազմի պարագայում գլխավոր մարզիչ Վիրտը շեշտը դրել էր «անառիկ դարպասն ավելի կարևոր է, քան գոլ խփելը» նշանաբանի վրա: «Վերեսի» մասնակցությամբ խաղերում լիգայի ամենաքիչ գոլերն են գրանցվում: Դա էլ այն դեպքում, որ «ժողովրդական թիմին» «Դինամոն» 3 գոլ է խփել, իսկ «Շախտյորը»` 4:

Սպասվող գոլերի (xG) ցուցանիշով էլ ամեն ինչ հուսադրող չէ: «Վերեսն» Ուկրաինայի առաջնության ամենաքիչ գոլային պահեր ստեղծած թիմն է (18 խաղում 15,9 xG): Համեմատության համար նշենք, որ մրցաշարային աղյուսակի հետնապահ «Մարիոպոլն» սպասվող գոլերի թվով xG 22 է:

Փոխարենը, ամուր պաշտպանության վրա շեշտադրումն օգնում է փայլել այլ ֆուտբոլիստների: Դարպաապահ Բոգդան Կոգուտը 9 «չոր» խաղ է անցկացրել, ինչը լիգայի լավագույն ցուցանիշն է:

ՓՈՔՐ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ

«Վերեսն» Ուկրաինայի առաջնության ամենափոքր բյուջե ունեցող ակումբներից է: Ռովնոցիների նախագահ Իվան Նադեինը խոստովանեց, որ ակումբի տարեկան բյուջեն կազմում է մոտ 2,2 միլիոն եվրո:  

«Մեզ համար դժվար է ֆինանսներով մրցակցել նույնիսկ Առաջին լիգայի որոշ ակումբների հետ, բայց մենք ունենք ամուր հիմք...»
Իվան Նադեին, «Վերեսի» նախագահ

Ակումբին պատրաստ էին օգնության ձեռք մեկնել ուկրաինական գրանդները: Կիևի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը «Վերեսի» մարզական տնօրեն Վյաչեսլավ Շևչուկի հետ զրույցում առաջարկել է ակումբի սաներին վարձակալությամբ Ռովնո ուղարկել, սակայն նույնիսկ նման ծախսերն անհավանական են «Վերեսի» համար:

«Հարկավոր է իրավիճակին իրատեսորեն նայել: «Շախտյորի» ու «Դինամոյի» ֆուտբոլիստները մեր թիմում չեն լինի: Մենք չենք կարող վարձակալել այդ խաղացողներին, նույնիսկ եթե նրանց ակումբները շարունակեն աշխատավարձի կեսը վճարել: «Վերեսում» միջին աշխատավարձը 2 հազար եվրո է: Մենք լիգայի ամենափոքր բյուջեն ունենք «Մինայի» հետ մեկտեղ»,- պարզաբանեց գլխավոր մարզիչ Վիրտը:

 Իգոր Սուրկիս

ԱՌԱՋԱԴԵՄ ԱԿՈՒՄԲ

Բարդ իրավիճակը «Վերեսին» դրդել է առաջադեմ քայլերի գնալ: 2021 թվականի ապրիլից «Վերեսն» սկսեց վաճառել ակումբի բաժնետոմսերը: Մեկ բաժնետոմսը գնահատվում էր 3 եվրո, և ցանկացած մարդ կարող էր այն գնել: Օգոստոսին արդեն ֆոնդային բիրժայում վաճառվեցին բոլոր 500 հազար բաժնետոմսերը: 20 օր առաջ ակումբը հայտարարեց, որ այդ բաժնետոմսերը թանկացել են 73 տոկոսով: Այժմ մեկ բաժնետոմսն արժե 5,4 եվրո:

Նման եկամուտներն ակումբին թույլ տվեցին ենթակառուցվածքային ծախսեր կատարել: «Վերեսը» նոր մարզաբազա և ստադիոն է կառուցում:

«Բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարի շնորհիվ մարզաբազայի կառուցողական աշխատանքների վրա արդեն 310 հազար եվրո ենք ծախսել: Եվս 250 հազար եվրո տարեկան վճարում ենք քաղաքի հողատարածքի համար»,- պարզաբանում է նախագահ Նադեինը:

Ակումբը նաև վերակառուցում է «Ավանգարդ» մարզադաշտը: Սպասվում է, որ ապրիլ-մայիս ամիսներին այն արդեն շահագործման կհանձնվի:

«Վերեսում» հույս ունեն եկամտաբեր ակումբ ստեղծել, ինչի մասին բացահայտեց նախագահ Նադեինը:

«Ակումբի զարգացման ռազմավարության համաձայն՝ ծրագրում ենք 2025 թվականին «Վերեսը» ինքնաֆինանսավորվող ակումբ դարձնել: Առաջին հերթին դա հնարավոր կլինի լիգայի հեռարձակումների միասնական փաթեթի միջոցով: Ծրագրում ենք 2025 թվականին ակումբի շրջանառությունը հասնցել 3 միլիոն եվրոյից ավելիի:

«Վերեսը» հպարտորեն կրում է «ժողովրդական ակումբ» մականունը և այն մշտապես հիշատակում պաշտոնական հայտարարություններում: Առաջադեմ ռազմավարությունը «կարմրասևերին» օգնել է հատուկ ուշադրության արժանանալ: Ֆուտբոլասերները նույնպես գնահատել են «բաց ակումբի» երևույթը և ակտիվորեն հետևում են «Վերեսին»: Ակումբը 21 հազար հետևորդ ունի Youtube-ում և 28 հազար` Instagram-ում:

Երկրպագուներին ավելի մոտ լինելու նոր քայլը դարձավ օրեր առաջ ակումբի հայտարարած մրցույթը նոր տարբերանշանի դիզայնի հարցում: Երկրպագուները և դիզայներները պետք է ուղարկեն իրենց տարբերակները: Միակ պայմանը` ակումբը ցանկանում է պահպանել նախկին` կարմիր ու սև գույները:

Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է ակումբ, որն Ուկրաինայում խաղադաշտից դուրս առանձնանում է աննախադեպ մոտեցմամբ, ինչպես նաև ֆինանսական կայունությամբ: Մյուս քայլը խաղային առաջընթաց գրանցելն է: Այդ հարցում արդեն «Վերեսին» կարող է զգալի օգնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա