Logo

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում` ըստ VNews-ի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 08.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
121375024 10164505484840247 8365316683981509441 o - Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում` ըստ VNews-ի
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 6 տուր

08 Սեպտեմբեր 2021 - 20:00

1

Հայաստան

1

Լիխտենշտեյն

1 - 0 Հենրիխ Մխիթարյան - 50`

1 - 1 Նոա Ֆրիք - 80`

Հայաստանի հավաքականը աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում այսօր «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Լիխտենշտեյնի հավաքականին: Մեր ընտրանու համար անչափ կարևոր է այս խաղում հաղթանակը:

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմի երկու տարբերակ:

Ռոբերտ Գասպարյան

Հայաստանի հավաքականը դեռևս շարունակում է պայքարը ԱԱ-2022 ընտրական մրցաշարի խմբային փուլում։ Գերմանիայից կրած խոշոր հաշվով պարտությունը ոչ մի կերպ չի խանգարում Խոակին Կապառոսին. գոլերի տարբերությունը, իհարկե, քչացել է, սակայն Լիխտենշտեյնի հետ տնային խաղում այն կարելի է մասամբ վերականգնել։ Ինչո՞ւ մասամբ. քանի որ երևանյան մրցակիցը պաշտպանվում է առանց առաջ գնալու հույսի։ Նման մրցակցի պաշտպանությունը կոտրելու համար հարկավոր են տեխնիկապես լավ զինված ֆուտբոլիստներ, որոնք իր տրամադրության տակ Կապառոսն, անխոս, ունի։

1.Հատկապես Գերմանիայի հետ խաղում զգացվեց դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի խաղային տոնուսի բացակայությունը։ «Ալաշկերտի» «1» համարը մինչև այս հավաքն ուներ վնասվածք, որից ապաքինվել մինչև վերջ առայժմ չի հաջողվել։ Այնուամենայնիվ, չեմ կարծում որ «միստերը» կգնա ռիսկի ու կփոխրի դարպասապահին։ Բաց թողած 6 գոլերից 4-ում գոնե մի փոքր, բայց Յուրչենկոյի մեղքը կար։

2.Պաշտպանությունում առաջացած խնդիրները կարևոր դարձան Շտուտգարդում կայացած խաղում։ Անդրե Չալըշըրի նման բալանսավորված պաշտպանի փոխարեն դաշտ դուրս եկած ավելի իմպուլսիվ Տարոն Ոսկանյանը իր պարտականությունները լավ չկատարեց (չնայած չկա որևէ փաստ, որ եթե լիներ Չալըշըր, հաշիվը այլ կլիներ): Այդ պատճառով պաշտպանության կենտրոնում տեսնում եմ Հարոյանին և Չալըշըին:

Եզրային պաշտպանների հարցում կան տարբերակներ. Համբարձումյանը չի խաղալու, ինչը նշանակում է, որ ձախից կխաղա Կամո Հովհաննիսյանը, իսկ աջից գուցե իր շանսը ստանա ավելի հարձակվողական Դավիթ Տերտերյանը։

3. Միջին օղակում նորից պետք է սպասել փոփոխությունների. Արտակ Գրիգորյանը բառի ամենաուղիղ իմաստով խաղում է վերջին շնչով. նրան հանգիստ է հարկավոր։ Բայց Լիխտենշտեյնը գրեթե չի գրոհում, ու գործնականում միայն 1 հենակետայինը բավական է. իմ կարծիքով` Գրիգորյանը հենց այդ հենակետայինն էլ կլինի։ Նրա «վերևում» դասավորվող ֆուտբոլիստները գործելու են 1 գծով՝ 4-1-4-1 սխեմային համապատասխան։

Աջ եզրում կլինի Տիգրան Բարսեղյանը, ձախ կողմում՝ Հենրիխ Մխիթարյանը, իսկ Խորեն Բայրամյանը լավ կմտնի խաղի մեջ ընդմիջումից հետո։ Մեկը մեկի դեմ պայքարում հիանալի խաղացող Էրիկ Վարդանյանը, կարծում եմ  նորից շանս կստանա։ Լիխտենշտեյնի հետ խաղը հիանալի հնարավորություն է Սպերցյանին առաջին րոպեներից դաշտ դուրս բերելու համար, որը անհատական որակների շնորհիվ կարող է ձևափոխել կիսապաշտպանությունն ու դառնալ երկրորդ հենակետայինը։

4. Հարձակվողի հարցում Խոակին Կապառոսը 3 հավասարազոր տարբերակ ունի։ Ադամյանին ու Գելոյանին իսպանացի մասնագետն արդեն գործում տեսել է, ու երկուսն էլ, մեղմ ասած, չեն արդարացրել։ Ինչո՞ւ չփորձարկել Կարապետյանին, որը Լիխտենշտեյնի հավաքականին արդեն հիանալի է ճանաչում։ Բացի դրանից, նա երկրորդ հարկում էլ կարող է ճնշել մրցակցին։

Rob 1 1 960x960 - Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում` ըստ VNews-ի

Հայաստանի ընտրանու անբաժան ընկերը՝ Լիխտենշտեյնի հավաքականը

Արման Աբելյան

1․ Լիխտենշտեյնը նախընտրում է փակ ֆուտբոլ խաղալ: Նրանց դեմ արտագնա խաղում մեզ հաջողվեց բավականաչափ գոլային պահեր ստեղծել, սակայն իրացման վատ տոկոսի պատճառով հաղթանակ կորզեցինք միայն 83-րդ րոպեին, այն էլ՝ ինքնագոլով: Հնարավոր է՝ մեր հավաքականում այս անգամ խաղային սխեմայի փոփոխություն տեսնենք՝ շատ ավելի հարձակողական ընտրություն: Նախ պաշտպանական գծի մասին: Չի խաղալու հիմնական աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Կա 2 տարբերակ․ նրա փոխարեն խաղադաշտ մտցնել Դավիթ Տերտերյանին, կամ էլ աջ եզր տեղափոխել Կամո Հովհաննիսյանին, իսկ ձախ պաշտպանի դիրքում վստահել Արման Հովհաննիսյանին: 2 տարբերակներն էլ իրատեսական են, բայց քանի որ Տերտերյանը վերջերս ավելի հաճախ է վստահության արժանանում Կապառոսից, նրա շանսերը մի փոքր ավելի մեծ են:

2․ Հիմա սխեմայի հավանական փոփոխության մասին: Մեզ առջևում ավելի շատ ֆուտբոլիստներ պետք կգան մրցակցի բազմաշերտ պաշտպանությունը ճեղքելու համար: 4-3-3 կամ 4-1-4-1 սխեմայի պարագայում միակ հենակետայինի դերին հավասարապես կարող են հավակնել թե՛ Արտակ Գրիգորյանը, թե՛ Սոլոմոն Իմե Ուդոն: Վերջինիս օգտին կարող է ծառայել այն հանգամանքը, որ 33-ամյա Գրիգորյանն ամբողջությամբ մասնակցել է նախորդ 2 հանդիպումներին, ու չի բացառվում, որ հոգնածություն ունենա:

3․ Էրիկ Վարդանյանն առավել վտանգավոր է հենց նման մրցակիցների դեմ մրցավեճերում: Նա սիրում է խաղն իր վրա վերցնել և հաջող դրիբլինգ իրականացնել: Կենտրոնում հետաքրքիր կլիներ հետևել նրա և Հենրիխ Մխիթարյանի համագործակցությանը: Եզրերում, դժվար թե, փոփոխություններ լինեն: Եթե սխեման, իրոք, փոփոխության ենթարկվի, ապա ձախից կարող է խաղալ Խորեն Բայրամյանը, աջից՝ Տիգրան Բարսեղյանը: Իսկ եթե Կապառոսը որոշի պահել 4-4-2 դասավորությունը, չի բացառվում, որ ձախ կիսապաշտպանի դիրքում Բայրամյանի փոխարեն լինի Վարդանյանը՝ այն պայմանով, որ գրոհների ժամանակ հաճախ տեղաշարժվի կենտրոնական հատված:

4․ Ո՞վ կլինի հարձակման կենտրոնում: Ալեքսանդր Կարապետյանը նախորդ 2 խաղերին գեթ մեկ րոպե խաղաժամանակ չստացավ, ու գուցե մարզչական շտաբը նրան «խնայել» է այս հանդիպման համար: Մյուս տարբերակը Սարգիս Ադամյանն է, բայց նրան իր լավագույն հատկանիշները ցուցադրելու համար ավելի շատ տարածություն է պետք (ինչն այս խաղում հազիվ թե լինի), իսկ Կարապետյանի՝ խաղադաշտ մտնելու պարագայում հաճախ կարելի կլինի ապավինել նաև եզրերից օդային փոխանցումներին: Եթե հանկարծ չհաջողվի մինչև երկրորդ խաղակեսը հաշվի մեջ առավելություն ստանալ, շատ ցանկալի կլինի, որ գոնե այս անգամ փոխարինման մտածներն անհրաժեշտ ակտիվություն ապահովեն: Դա կսպասենք առավելապես Վահան Բիչախչյանից, Ժիրայր Շաղոյանից, Արշակ Կորյանից ու գուցե Արտյոմ Ավանեսյանից:

Arman 1 960x960 - Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում` ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա