Logo

Հայաստանի հավաքականը վերադառնում է. 3 բան, որ իմացանք Կապառոսի ասուլիսից

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 25.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
IQ5A6LF6K7lVAAhtVI4YMitgpN - Հայաստանի հավաքականը վերադառնում է. 3 բան, որ իմացանք Կապառոսի ասուլիսից

Միջազգային ֆուտբոլը վերադառնում է: Կարծես երեկ լիներ, երբ Կապառոսի թիմը 3 անընդմեջ հաղթանակ տարավ Աշխարհի 2022 թվականի առաջնության նախընտրական փուլի իր խմբում: Մարտից մինչև սեպտեմբեր հայ երկրպագուները հաճույքով են նայում J խմբի մրցաշարային աղյուսակին, որը միանձնյա գլխավորում է Հայաստանի հավաքականը՝ 100 տոկոսանոց ցուցանիշով: Նույնիսկ խմբի ֆավորիտ Գերմանիայի ընտրանին հասցրել է սայթաքել և ունի 6 միավոր:

Շատ շուտով՝ սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը վերսկսում է ելույթները ԱԱ ընտրական փուլում՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա և շատ կարևոր խաղով: Այդ խաղին կհետևի Գերմանիայի հավաքականի դեմ (կրկին արտագնա) խաղը և Լիխտենշտեյնի դեմ տնային հանդիպումը:

Խոակին Կապառոսը հրապարակեց հավաքականի հայտացուցակը և տվեց ծավալուն ասուլիս: Առանձնացրել ենք հայտացուցակի ու իսպանացի մասնագետի առանցքային կետերը, որոնց շնորհիվ դատողություններ անելով կարելի է հասկանալ՝ ինչ է մեզ սպասում առաջիկա հանդիպումներին:

1. Մխիթարյանը վերադառնում է. թոփ «տրանսֆեր»՝ ամենակարևոր պահին

Բնականաբար՝ Կապառոսի հայտացուցակում բոլորի ուշադրության կենտրոնում Հենրիխ Մխիթարյանի ներկայությունն էր: Հայաստանի հավաքականի ավագն ու առաջատարը բաց էր թողել ԱԱ ընտրական փուլի առաջին 3 խաղերը վնասվածքի պատճառով, որոնցում Կապառոսի սաները կարողացել էին հաղթել, իսկ դրան հաջորդող ընկերական խաղերի հայտացուցակում Հենրիխը չէր ընդգրկվել մարզչական շտաբի որոշմամբ:

Մխիթարյանի վերադարձը հաստատվեց, ինչով Հայաստանի հավաքականը լուրջ ձեռքբերում ունեցավ նախորդ խաղերի համեմատ: Հենրիխը փայլում էր «Ռոմայում» նախորդ 2 մրցաշրջաններում և բավական հաջող է սկսել նաև այս մրցաշրջանը՝ Ա սերիայի առաջին իսկ խաղում դառնալով գոլի հեղինակ: Կապառոսի խնդիրն այժմ Հենրիխի այդ գերազանց մարզավիճակը հավաքական բերելն է, բայց թե ինչպես է դա պատրաստվում անել ու որ դիրքում օգտագործել՝ իսպանացին փակագծերը չբացեց. «Հաշվի առնելով Հենոյի որակները՝ նա կարող է խաղալ տարբեր դիրքերում, բայց եթե դուք ինչ-որ բան որոշել եք նրա վերաբերյալ, կարող եք ասել, իսկ հետո ես նրան կհաղորդեմ»:

Henrikh Mkhitaryan is the Player of the Year in Armenia

Մխիթարյանն, իսկապես, կարող է խաղալ տարբեր դիրքերում՝ կիսապաշտպանության կենտրոնում, հարձակման եզրում, ենթահարձակվողի դիրքում: Հաշվի առնելով իրավիճակը ու այն, որ հաղթական սխեման չեն փոխում, Կապառոսը, հավանաբար, կրկին կխաղա 4-4-2 սխեմայով, որն օգտագործեց ընտրական փուլի առաջին 3 խաղերում: Մխիթարյանի ամենահավանական դիրքն այս սխեմայում 2-րդ հարձակվողի դիրքն է: Հատկապես առաջին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում որակազրկման պատճառով չեն լինի Հարոյանը, Բայրամյանն ու Բարսեղյանը, ինչը կարող է ստիպել Կապառոսին հագեցնել խաղադաշտի կենտրոնը ու առջևում թողնել միայն Սարգիս Ադամյանին, որին էլ կօգնի Մխիթարյանը:

Չափազանց կարևոր է Հենրիխի արդյունավետ խաղը հավաքականում հենց հիմա՝ այս բարդ ու կարևորագույն փուլում: Նրա փորձը, բազմակողմանիությունը, օպտիմալ մարզավիճակն ու նվիրվածությունը հավաքականի հանդեպ մեծ օգուտ է, որ կունենա Կապառոսը:

2. Ուշագրավ բացակայություններ ու նորեկներ

Այժմ գնանք Կապառոսի հրապարակած հայտացուցակի հետքերով, որում կտեսնենք ուշագրավ բացակայություններ և ֆուտբոլիստներ, որոնք հավաքականին են միացել կամ առաջին անգամ, կամ երկար դադարից հետո:

Ամենաուշագրավ, բայց ոչ անսպասելի բացակայությունը Գևորգ Ղազարյանինն էր: Հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը վերադարձավ Հայաստանի առաջնություն՝ «Փյունիկ», վերադարձը նշեց գոլով, բայց ստացավ վնասվածք և բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղերը:

Երկրորդ ուշագրավ ու նաև անսպասելի բացակայությունը մեր հարձակման գլխավոր զենքերից մեկն է՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որի բացակայությունը Կապառոսն ասուլիսի ժամանակ բացատրեց. «Բալեկյանի բացակայությունը բացատրվում է համավարակով, ամեն երկիր ունի իր նորմերը և իր օրենքները, և այդ պատճառով այս հավաքին ներկա չէ Բալեկյանը: Հայաստան գալով նա պետք է 14 օր մեկուսացման մեջ լիներ, ուստի՝ նրան հրավիրելը նպատակահարմար չէր»:

Շաբաթներ առաջ «Բոկա Խունիորս» տեղափոխված Բալեկյանը ընտրական փուլի բոլոր խաղերում էլ մեկնարկային կազմում էր: Ճիշտ է՝ նա այդ խաղերում արդյունավետ գործողություններով (գոլ, գոլային փոխանցում) աչքի չընկավ, բայց նրա աշխատանքը՝ հատկապես հակագրոհների ժամանակ, մրցակցի ֆուտբոլիստների ուշադրությունն իր կողմը շեղելն ու ազատ տարածություններ գտնելը Կապառոսը բարձր է գնահատում: Առաջիկա խաղերին Բալեկյանը չի կարողանա օգնել հավաքականին:

Norberto Briasco, un refuerzo que tendrá ausencias por eliminatorias europeas | TNT Sports

Նախորդ խաղերին իրենց մասնակցությունն ունեցած ֆուտբոլիստներից (որոշ դեպքերում՝ մեկնարկային կազմում) հայտացուցակից բացակայում են Էդգար Բաբայանը, Հակոբ Հակոբյանը և Կարեն Մուրադյանը:

Ինչ վերաբերում է նորեկներին, ապա այստեղ առաջինն աչք է զարնում «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանի անունը, որն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի հավաքական: Կապառոսն ասուլիսի ընթացքում վստահեցրեց, որ Գելոյանի ներկայությունը հայտացուցակում հենց այնպես չէ, որ նա կարող է խաղաժամանակ ստանալ արդեն առաջիկա խաղերին. «Այն ֆուտբոլիստները, որոնք հայտավորված են, ապագայի համար չեն: Մենք, կազմելով ցուցակը, կենտրոնացել ենք հենց սպասվող խաղերի վրա: Գելոյանը կարող է խաղալ թե՛ եզրում, թե՛ կենտրոնում, ու մենք կհասկանանք՝ որտեղ կներգրավենք նրան»:

Հայտացուցակում են հայտնվել նաև այնպիսի «նորեկներ», որոնք երկար դադարից հետո չէին հրավիրվել հավաքական: Խոսքը, մասնավորապես, Հրայր Մկոյանի ու Էրիկ Վարդանյանի մասին է:

«Մենք վաղուց ենք հետևում Էրիկին, ու պատահական չէ, որ նա հրավիրվել է»:

«Մկոյանին դեռ նախորդ մրցարջանից ենք հետևում: Նա նախորդ մրցաշրջանում մասնակցեց բոլոր խաղերին՝ ինչպես առաջնության, այնպես էլ գավաթային: Մենք տարիքին ուշադրություն չենք դարձնում: Առաջին խաղում մեծ կորուստ ունենք, ինչպես Վարազդատ Հարոյանը: Մկոյանը կարող է գերազանց փոխարինել նրան, ու նա վաստակել է այս իրավունքն իր վիճակագրությամբ, այն խաղերի քանակով, որ անցկացրել է իր թիմի կազմում», – նշեց Կապառոսը՝ ընդգծելով ֆուտբոլիստի փորձառու լինելու հանգամանքը:

Մեր ընտրանին

3. Հաղթական ոգին ու հեռանկարային ծրագրերը պահպանվել են

Հայաստանի հավաքականի՝ Ազգերի լիգայում ու Աշխարհի առաջնության ընտրական փուլում գրանցած հաջողություններում մեծ է Կապառոսի դերը ոչ միայն մասնագիտական ու տակտիկական առումով, այլ նաև՝ թիմային և հաղթական մթնոլորտ ձևավորելու հարցում: Մեկ անգամ չէ, որ Կապառոսն իր հարցազրույցներում հիացմունքով է խոսել Հայաստանի և հայերի մասին: Ասուլիսի ժամանակ իսպանացին ևս մեկ անգամ շեշտեց թիմային աշխատանքի, միասնականության ու հաղթական ոգու գործոնը:

«Հաջողությունը կայացավ ջանքերի, կենտրոնացվածության շնորհիվ: Բոլորն անում էին առավելագույնը, որ նման արդյունք գրանցենք իրավիճակում, որը բարդ էր ոչ միայն համավարակի, այլև պատերազմի պատճառով: Այս իրավիճակում մենք ունեինք առավելություն բոլոր հավաքականների նկատմամբ: Բանն այն է, որ խաղադաշտ էր դուրս գալիս ոչ թե 11 ֆուտբոլիստ, այլ ամբողջ երկիր: Գնդակի համար պայքարելով՝ ամբողջ երկիրն էր մեր մտքում, ու սա այն գաղափարն է, որին մենք պետք է հետևենք: Բոլորի համախմբվածությունը հաջողության հասնելու միակ տարբերակն է:

Հայաստանում ինձ զարմացրեց մարդը… Այս իրավիճակում ցանկացած երկիր, ընտանիք գուցե տապալվեր, իսկ դուք ճիշտ հակառակը՝ ոտքի էիք կանգնում: Սա այն է, ինչն ինձ զարմացնում է: Այլ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, բողոքում ենք այնպիսի բաներից, որոնք այնքան էլ կարևոր չեն, իսկ դուք այս իրավիճակում կարողացաք ոտքի կանգնել»:

Antena 3 Deportes: Joaquín Caparrós on his experience as Armenia National Team coach: "Tears come to your eyes"

Կապառոսն ընդգծեց նաև Հայաստանի առաջնությանը և արտասահմանում խաղացող հայ ֆուտբոլիստներին մեծ ուշադրությամբ հետևելու մասին:

Մեր ազգային առաջնությունն ինձ բավարարում է, քանի որ նվազագույնը 6 հայ ֆուտբոլիստ ես խաղի ընթացքում տեսնում եմ խաղադաշտում: Երբ նոր էի ժամանել, գրեթե ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չէր գալիս, իսկ հիմա մեզ բոլորիս համար մեծ բավարարվածություն է, բայց պետք է առաջ շարժվել: Պետք է հասնել այն օրվան, երբ խաղադաշտում կտեսնենք միայն 1-2 լեգեոներ, իսկ մյուսները հայ կլինեն: Այդ ժամանակ մեր ընտրությունն ավելի մեծ կլինի»:

Կապառոսը նաև նշեց, որ մոտ ապագայում Հարոյանից բացի այլ ֆուտբոլիստներ նույնպես կարող են համալրել Իսպանիայի առաջնությունը, ինչը, բնականաբար, շատ կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը. Անուններ չեմ տա, բայց կային նաև այլ ֆուտբոլիստներ, որ կարող էին խաղալ իսպանական ֆուտբոլում: Վստահ եմ՝ կարճաժամկետ ապագայում կլինեն խաղացողներ, որոնք կխաղան եվրոպական բարձրակարգ լիգաներում: Մենք պիտի տրամադրվենք ոչ թե մասնակցությանը, այլ հաղթանակին, ինչը կնպաստի հայկական ֆուտբոլի ու հայ ֆուտբոլիստների աճին»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա