Logo

Հայաստանի լեռնադահուկային սպորտում կներդրվի մարզումային նոր համակարգ

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:19 / 03.06.2022Ձմեռային մարզաձևեր
լեռնադահուկային սպորտ

Մարզումային նոր համակարգի ներդրման և կիրառման հնարավորության մասին քննարկումներ են ծավալվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի կոմիտեների հերթական նիստում։

Հանրապետական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ՀԴՍՖ նախագահ Գագիկ Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել մայիսի 25-26-ը Իտալիայի Միլանում կայացած Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի համաժողովին մասնակցության արդյունքների մասին։ Նիստում քննարկվել է տարիքային բոլոր խմբերի հավաքական թիմերում մարզումային նոր համակարգի ներդրման հնարավորության վերաբերյալ ՀԴՍՖ նոր նախաձեռնությունը։ Անցած մրցաշրջանում գրանցված արդյունքների հիման վրա մասնակիցները հաստատել են լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի՝ տարիքային տարբեր խմբերի հավաքականների ընդլայնված կազմերը։ 

Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն ու լեռնադահուկային սպորտի կոմիտեի ղեկավար Արսեն Ներսիսյանը ներկայացրել են նախապատրաստական նոր համակարգի սկզբունքները, ձևաչափը և իրագործման մեխանիզմները, որոնց արդյունքներն ստուգվելու են որոշակի պարբերականությամբ անցկացվելիք ուսումնամարզական հավաքների ընթացքում՝ թեստային տարբերակով։ 

Արսեն Ներսիսյանը նիստի մասնակիցների քննարկմանն է ներկայացրել թեստային համակարգում ընդգրկված նորմատիվային վարժությունները։ Ծավալուն քննարկման արդյունքում որոշվել է ընդունել ներկայացված առաջարկները, վերամշակել դրանք և հուլիսի առաջին տասնօրյակում նախատեսված առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնել նոր ձևաչափով։ 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա