Logo

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 11.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Սիմֆոնիիիկ min - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ...[հարցազրույց]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը բացել է իր նոր՝ 15-րդ համերգաշրջան: Զրուցել ենք նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի հետ՝ անցած ուղու, ձեռքբերումների ու դժվարությունների, ինչպես նաև սպասվելիքների մասին:

Ամփոփենք նախորդ՝ 14-րդ համերգաշրջանը. որո՞նք էինք կատարված կարևորագույն ստեղծագործական աշխատանքները՝ փառատոնները, համերգները… Ինչքանո՞վ էր բարդ աշխատանքը նախ համավարակի, հետո՝ պատերազմի պայմաններում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 14-րդ համերգաշրջանը շատ հագեցած էր։ Համերգաշրջանը մեկնարկեց «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարով, որի ընթացքում նվագախումբը կատարեց հայ մեծանուն  կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ  և կամերային ստեղծագործությունները, կոնցերտները, ինչպես նաև կինոերաժշտությունը սիմֆոնիկ նվագախմբի նոր գործիքավորմամբ։

Դրանից հետո մեր նվագախումբը մեկնեց  հյուրախաղերի Դուբայ, որտեղ Դուբայի  օպերային թատրոնում տեղի ունեցավ «Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը» և «Գլադիատոր» ֆիլմերի էկրանավորված ցուցադրությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ և  դիրիժոր Ջասթին Ֆրիրի ղեկավարությամբ։

Անմիջապես հյուրախաղերի ավարտից հետո Հայաստանում մեկնարկեց «Արմենիա»  միջազգային երաժշտական փառատոնը։ Այս փառատոնի ընթացքում Հայաստան ժամանեցին հայտնի ջութակահարներ  Դանիել Լոզակովիչը և Անդրեյ Բարանովը, դաշնակահար Ինգոլֆ Վունդերը, թավջութակահար Ջոնաթան Ռուզեմանը, և այլ համաշխարհային դեմքեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հասցրեց հյուրախաղերով հանդես գալ նաև Իտալիայի՝ Սիցիլիա և Ռուսաստանի՝ Սոչի քաղաքներում և  հնչեցնել հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները ։

Ցանկանում եմ նշել նաև «Ժամանակակից Դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին, որը մեկնարկել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին՝ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Այն աննախադեպ է թե´ իր խորագրով ու եզակի ձևաչափով և թե´ իր ներկայացուցչական ընդգրկումով և  նպատակ ունի ժամանակակից երաժշտասերին ներկայացնել մերօրյա լեգենդար կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործական ժառանգությունը՝ միաժամանակ նրանց հրավիրելով Հայաստան և ստեղծելով կենդանի շփման հնարավորություն: Այս տպավորիչ երաժշտական իրադարձությունը Երևանում հյուրընկալեց մեր օրերի լեգենդար կոմպոզիտորների Չինաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Մալթայից, Ռուսաստանից, Լատվիայից, Ուելսից և աշխարհի այլ անկյուններից: Փառատոնի բացառիկ ձևաչափը հաճելի անակնկալ էր նույնիսկ միջազգային երաժշտարվեստի հռչակավոր գործիչների համար:

14րդ համերգաշրջանի ընթացքում նվագախումբն ունեցավ բազմաթիվ համերգներ, որոնցից ես կցանկանայի առանձնացնել  «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացման համերգը, “Dolce Vita Non-Stop” համերգային ծրագիրը, որտեղ մեր նվագախումբը ներկայացրեց իտալական սիրված կինոֆիլմերի երաժշտություն, Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգը և «Դասական Ջեքսոն» համերգային ծրագիրը, որի ընթացքում նվագախումբն հնչեցրեց Մայքլ Ջեքսոնի երգերը նոր գործիքավորմամբ։

 

2020 թվականը   առանձնահատուկ   էջ   դարձավ   Հայաստանի   պետական սիմֆոնիկ   նվագախմբի   պատմության   մեջ՝ հանրահայտ   ջութակահար և նվագախմբի   ռեզիդենտ   արտիստ   Մաքսիմ   Վենգերովի   հետ   ունեցած եվրոպական համերգային շրջագայություններով, որոնց ընթացքում մենք փայլուն ելույթներ ունեցանք Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի «Մյուզիքվերեյնում», Լոնդոնի «Բարբիկան» կենտրոնում, Պրահայի   «Ռուդոլֆինում»   համերգասրահում, Զալցբուրգի «Grobes Festspielhaus»-ում, Մյունխենի «Gasteig» մշակութային կենտրոնում, Շտուտգարտի «Բեթհովեն» համերգասրահում, Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում, ինչը աննախադեպ էր ոչ միայն նվագախմբի համար այլ նաև մեր երկրի համար, քանի որ համերգասրահների մեծ մասում Հայաստանից երբևէ որևէ երաժշտական կոլեկտիվ չէր ներկայացել։ Երաժշտական պրոդյուսերների հետ բավական երկար համագործակցության և աշխատանքի արդյունքում մենք կարողացանք համերգային ծրագրում ներառել Ջոն Տեր-Թադևոսյանի երկրորդ սիմֆոնիան «Մարդու ճակատագիրը», որը բոլորովին անծանոթ ստեղծագործություն էր եվրոպացի ունկնդրի համար, չնայած կարող եմ ասել, այս ստեղծագործությունը հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն նմուշներից է և 20-րդ դարի հայ սիմֆոնիկ երաժշտության գոհարներից մեկը, որը նվագախումբը արդեն երկու անգամ հնչեցրել է նաև Հայաստանում։ Շրջագայության համերգներին աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը  կատարեց Մաքս Բրուխի առաջին ջութակի կոնցերտը և Ռավելի «Գնչուհին»։

Դրանից հետո նվագախումբն իրականացրեց ամեն տարի տեղի ունեցող արդեն ավանդական դարձած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին։ Փառատոնին մասնակցելու համար Հայաստան ժամանեց Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր՝ Ռոման Սիմովիչը։ Նա կատարեց Ալեքսանդր Հարությունյանի ջութակի և լարայինների կոնցերտը, և այս ստեղծագործությունը նա պատրաստվում է ներկայացնել նաև այլ բեմերում։ Շատ կարևորում ենք նաև մեր շրջագայությունները Իսրայելում, որոնք տեղի ունեցան մարտ ամսին․ նվագախումբը հանդես եկավ “Heichal HaTarbut” համերգասրահում  և կատարեց Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և Մաքս Բրուխի ջութակի կոնցերտը՝ Մաքսիմ Վենգերովի հետ։

Իսրայելից վերադառնալուն պես սկսվեց արտակարգ դրությունը Հայաստանում։
Նվագախումբը հրավեր ուներ Օմանի Սուլթանությունից, որտեղ նվագախումբը պետք է հանդես գար հայտնի մեներգիչներից Անջելա Բլուի և Թոմաս Համփսոնի հետ, սակայն այդ համերգը հետաձգվեց համավարակի պատճառով։

Համավարակի պայմաններում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր աշխատանքը ամբողջովին տեղափոխեց առցանց տիրույթ և իրականացրեց մի շարք հետաքրքիր նախագծեր։ Քանի որ նվագախումբն ունի ավելի քան 300 ժամ թվային արխիվ, համերգների տեսաձայնագրություններ, ինչպես նաև առանձին աուդիո ձայնագրություններ, մենք կարողացանք յուրաքանչյուր շաբաթ մեկ համերգ ներկայացնել և այդպիսով ապահովել սոցիալական տիրույթներում նվագախմբի ակտիվությունը և լրացնել այն մշակութային բացը, որը ձևավորվել է համաճարակի պայմաններում։

Մենք ունեցանք նաև ավելի քան 20 համերգների շարք, որոնք առանց հանդիսատեսի էին և միայն հեռարձակվում էին առցանց տիրույթում։ Բնականաբար առցանց ելույթները երբեք չեն կարող փոխարինել իրական համերգներին, դատարկ համերգասրահում համերգների դեպքում ինչ-որ բան կիսատ է․․․

Համավարակի ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ միջոցառումներ․
ապրիլ ամսին նվագախումբը մասնակցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված համերգ-միջոցառումներին, ինչպես նաև այդ այգում նվագախումբը նկարահանեց տեսահոլովակ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի ներկայացնելով Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ աշխարհում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբը իրական ժամանակում հնչեցրեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Խաչատրյանի միջզագային մրցույթի շրջանակներում նվագախումբը 2020թ․ հունիսին կիրառելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքները՝ դիրիժորին, մենակատարին և նվագախմբին հեռավար ձևաչափով հանդիպելու հնարավորություն ստեղծեց։

Երկար դադարից հետո մենք փորձում էինք գտնել լուծումներ նվագախմբի աշխատանքը վերսկսելու համար։ Ուսումնասիրելով միջազգային փորձը, համագործակցելով բժիշկների, համաճարակաբանների և իրավաբանների հետ մենք կարողացանք հուլիս ամսին իրականացնել համերգների մի նոր ֆորմատ, ինչը հնարավորություն տվեց կազմակերպել և առցանց անցկացնել “Music 20” միջազգային փառատոնը Հայաստանում, որին մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող մենակատարներ և դիրիժորներ, Բորիս Անդրիանովը, Գլորիա Կամպաները, Մարիուս Ստրավինսկին, Ֆիլիպ Կոպաչևսկին, Ալան Չիրկոպը և այլոք։ Հուլիս ամսին մենք նաև կարողացանք ձայնագրել Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը PARMA միջազգային ձայնագրող ընկերության հետ, ով հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական գործընկերը։ Ուզում եմ նշել, որ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը երբևէ չէր ձայնագրվել։  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեռ 2019 թվականին վերականգնել է բոլոր գործիքավորումները, այսպիսով մենք ունեցանք բարձրորակ ձայնագրություններ և մշտապես կարող ենք լավ գործիքավորմամբ հնչեցնել այս ստեղծագործությունները։

Անցյալ տարին բարդ ու տարբերվող էր նաև մշակութային գործիչների համար. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպեց  բարեգործական համերգներ, որոնց ընթացքում ստացված հասույթը հատկացվեց  Զինծառայողների աջակցության հիմնադրամին. ինչպե՞ս եկաք բարեգործական համերգներ ունենալու որոշմանը: Արդյունքում, որքա՞ն կազմեց ընդհանուր օգնությունն ու արդյո՞ք պատերազմի մասնակիցների համար բարեգործական համերգները կշարունակվեն նաև 2021-ին: 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի բացօթյա համերգը, հոկտեմբեր, 2020թ.

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չի կարող անմասն մնալ երկրում տեղի ունեցող իրադարձություններից, քանի որ մենք մեր հասարակության և մեր պետության մի մասնիկն ենք։
Ինչպես գիտեք, նվագախումբը իրականացրեց բարեգործական բացօթյա համերգ-դրամահավաքները «1000+» հիմնադրամի հետ համատեղ, կարողացավ հավաքել 30 միլիոն դրամ և նվիրաբերել հիմնադրամին։
Դրանից զատ նվագախմբի ադմինիստրատիվ կազմը և նվագախմբի երաժիշտները պատերազմի առաջին իսկ օրվանից ներգրավված են եղել մի շարք կամավորական նախաձեռնություններում։

Նվագախումբը մի քանի բարեգործական համերգներ ունեցավ Արցախից եկած երեխաների համար, որտեղ մեր երաժիշտները կատարեցին հատվածներ տարբեր մուլտֆիլմներից։ Իսկ արդեն դեկտեմբեր ամսին մենք վերականգնեցինք նվագախմբի գործունեությունը և ներկայացրեցինք մի ծրագիր, Հայաստանում գտնվող արցախցի և պատերազմում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների երեխաների համար։ Նրանք հնարավորություն ունեցան ներկա գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս հեքիաթային միջոցառմանը, որտեղ «Դիսնեյ» ընկերության հետ բացառիկ համագործակցության արդյունքում ցուցադրվեց «Սառցե սիրտը» մուլտֆիլմը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ։ Այս 4  համերգներին ներկա գտնվեց շուրջ 4000 հանդիսատես։

2021 թվականի տարվա սկզբին մենք համերգով հանդես եկանք Ստեփանակերտում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, այսպիսով ազդարարելով, որ կյանքը շարունակվում է և մենք պետք է շարունակենք հնարավորության սահմաններում օգնել մեր արցախցի հայրենակիցներին։

Նվագախումբն իր գործունեության 15 տարիների ընթացքում բազմաթիվ բարեգործական և սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացրել Երևանում և մարզերում։ Բնականաբար նվագախմբի գործունեության մեջ բարեգործական համերգներն ավելի մեծ տեղ են զբաղեցնելու՝ հաշվի առնելով երկրում սոցիալական նոր խնդիրները։

Քանզի 15-րդ համերգաշրջանը հոբելյանական է, կարծում եմ՝ անտեղի չի լինի զրուցել անցյալ 15 տարիների մասին նույնպես. որո՞նք են եղել կարևորագույն ձեռքբերումները, որ գրանցել է սիմֆոնիկը՝ հիմնադրման պահից ի վեր:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և երաժիշտների նվիրյալ աշխատանքի շնորհիվ նվագախումբը  կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել միջազգային ճանաչում: Նվագախումբը գործունեության 15 տարիների ընթացքում ավելի քան 600 համերգով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Չինաստանում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Իսրայելում, Մալթայում, Ռուսաստանում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Փարիզի Opera Garnier-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում և Konzerthaus-ում, Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Համբուրգի Elbphilharmonie-ում, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում, Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում և բազմաթիվ այլ հեղինակավոր դահլիճներում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրահռչակելով և՛ հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, և՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։

Նվագախմբի հարուստ երկացանկում ընդգրկված են դասական և ժամանակակից հայ և այլազգի կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի երկացանկում ներառված են ավելի քան 1100 ստեղծագործություն, ներկայացվել են համաշխարհային և հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ։ Հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ առաջին անգամ հնչել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Նվագախումբը համագործակցում է աշխարհում հայտնի մենակատարների, դիրիժորների և արտիստների հետ. Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի, Սերգեյ Խաչատրյան, Ջոն Մալկովիչ և բազմաթիվ այլ աշխարհահռչակ արտիստներ պարբերաբար հանդես են գալիս նվագախմբի հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս մի շարք փառատոներով, նորարարական ծրագրերով։ Մասնավորապես արդեն երկար տարիների պատմություն ունի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը
հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է դարձել և 2010 թվականից ի վեր հավատարիմ է իր առաքելությանը՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, դրա ավանդույթների ժողովրդականացում, պահպանում և ճանաչման ընդլայնում հայ և արտասահմանյան երաժշտասերների և կատարողների շրջանում: Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը, որի նպատակն է հայ երաժշտարվեստի կենսակայության պահպանումը հայաստանյան և միջազգային մշակութային համապատկերում:
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որի հիմնադրման առաջին իսկ օրվանից ամենամյա երաժշտական իրադարձություն է թե´ Հայաստանում և թե´ տարածաշրջանային մակարդակով: Փառատոնի փիլիսոփայությունը հետապնդում է ոչ միայն հայ մեծանուն կոմպոզիտորի և նրա երաժշտական ժառանգության հանրահռչակման նպատակը, այլև ձգտում է ստեղծել կամ ամրապնդել միջազգային մշակութային երկխոսություններ մեկտեղելով տարբեր կատարողական դպրոցների ավանդույթները հայաստանյան այս ամենամյա միջոցառման տոնականության մթնոլորտում:

Իսկ «Արմենիա» միջազգային փառատոնն իր մի քանի տարվա պատմության ընթացքում հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում: Երևանում ամեն տարի անցկացվող այս փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելը աշխարհի հեղինակավոր դահլիճներում բոլոր երաժշտասերներին չէ, որ հասանելի է: Անցած տարիներին փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ վայելելու հայտնի մենակատարների ելույթները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համերգային ելույթներից բացի, նաև երաժշտագիտական գործունեություն է ծավալում. անցած 15 տարիներին ձայնագրվել և թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր երաժշտական ժառանգությունը սերունդների համար պահպանել ժամանակակից ձևաչափով, ինչպես նաև հանրայնացնել աշխարհում։ Նվագախումբն իր համերգային գործունեության մեջ առանձնակի կարևորում է հայ երիտասարդ տաղանդավոր մենակատարների հետ ելույթները՝ նպաստելով նրանց առաջխաղացմանը նաև միջազգային բեմերում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նաև մի շարք կրթական ծրագրերով։ 2018թ. նոյեմբերից նվագախումբը ավագ դպրոցներում իրականացնում է «Դաս A» կրթամշակութային նախագիծը, որի նպատակը ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով երիտասարդ սերնդի ուղղորդումն է դեպի դասական արվեստ: Կազմակերպվում են նաև առցանց վարպետաց դասեր աշխարհում հայտնի երաժիշտների և մանկավարժների մասնակցությամբ։

Նվագախմբի կատարումները վերջին տարիներին բազմիցս հեռարձակվել են մեծ լսարան ունեցող միջազգային հարթակներում՝ Medici.tv, Euronews, Classic.fm, Mezzo TV և այլն։

Image result for սիմֆոնիկ նվագախումբ 2020

 … Իսկ եթե խոսենք բարդությունների մասին. որոնք են եղել ամենածանր «փորձությունները», որ հաղթահարել է նվագախումբը: 

Իրականում մեր նվագախմբի աշխատանքը բավական բարդ է կազմակերպել, քանի որ ունենք տարածքի և փորձասենյակի խնդիր, որն անասելի ջանքեր է պահանջում կազմակերպչական թիմից յուրաքանչյուր օր կազմակերպելու նվագախմբի աշխատանքը։ Հուսով ենք, որ 2021թ․ այս խնդիրըները կլուծվեն և մենք կունենանք մեր առանձին շենքը՝ փորձասենյակը և գրասենյակային տարածքները։

Կպատմե՞ք մեզ՝ նվագախմբի առաջիկա պլանների մասին. ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ երաժշտասերը սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանից: 

Նախագծերը, մտքերը շատ են։ Նվագախումբը նախատեսում է հյուրախաղեր մի քանի եվրոպական երկրներում, որոնք այս պահին դեռ հետաձգված չեն և հուսով ենք, որ շատ շուտով դրանք կիրականանան։ Այս տարի ամռանը տեղի է ունենալու Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը` «դիրիժորություն» մասնագիտությամբ։ Լիահույս եմ, որ 2021 թվականին նվագախումբը կկարողանա իրագործել իր առջև դրված բոլոր ռազմավարական նպատակները և խնդիրները։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա