Logo

Սահմանամերձ բնակավայրերում Բերեզովսկիի մրցանակների խաղարկության մրցաշարեր կանցկացվեն

Հեղինակ
Հրայր Նազարյան
20:48 / 09.09.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Սեպտեմբերի 10-ին Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում անցկացվելու է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկիի մրցանակի խաղարկության մանկապատանեկան մրցաշար, որով ազդարարվելու է հաջորդ շաբաթ նաև Վայքում և Կապանում նախատեսված համանման մրցումների շարքի մեկնարկը։ Այդ իրադարձությանը նվիրված ասուլիսում, որը տեղի ունեցավ «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունում, մտահղացման հեղինակները պատմեցին ծրագրի նպատակների մասին՝ նշելով, որ մրցաշարերը դառնալու են ավանդական։

Անվանի ֆուտբոլիստի եղբայրը, «Բարության ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին հայտնեց, որ մայիսին Գյումրիում արդեն կազմակերպել են համանման մրցաշար։

«Այժմ ավելի լայնածավալ միջոցառում է լինելու։ Սկսելու ենք Տավուշի մարզից, իսկ սեպտեմբերի 15-ին և 17-ին եղբորս անվան մրցանակների խաղարկություն է տեղի ունենալու նաև Վայքում ու Կապանում։ Մտադիր ենք նման մրցաշարեր անցկացնել Հայաստանի բոլոր սահմանամերձ մարզերում։ Յուրաքանչյուր մարզի ոլորտային պատասխանատուներին առաջարկել ենք, որ իրենք ընտրեն և ներկայացնեն թիմեր տարբեր բնակավայրերից։ Ձևաչափը ենթադրում է 12-13 տարեկան երեխաների 4-ական թիմի մասնակցություն։ Լինելու է 4 խաղ՝ երկուական կիսաեզրափակիչ և եզրափակիչ»,- նշեց նա։

Ալեքսանդր Բերեզովսկիի կարծիքով՝ նմանատիպ միջոցառումներն առաջին հերթին կապահովեն երեխաների շփումը և կնպաստեն սահմանամերձ բնակավայրերում ֆուտբոլի ու ընդհանրապես մարզական կյանքի աշխուժացմանը։

«Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ ուշադրություն է դարձնում հատկապես սահմանամերձ տարածքներին։ Հուսով ենք՝ մենք նույնպես համեստ ներդրում կունենանք Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում»,- ասաց նա։

Մտահղացման հեղինակ, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ինչպես նաև Երևանում «Ռուսկի դոմ» կազմակերպության ղեկավար Վադիմ Ֆենֆիլովն էլ հայտնեց, որ գաղափարը վաղուց է ծնվել։

«Մի առիթով ուսումնասիրություններ էինք անցկացնում Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում և տեղացիներից ու ղեկավարությունից հետաքրքրվում, թե հումանիտար որ ոլորտների կամավորների կարիք ունեն։ Գրեթե բոլորը պատասխանել էին, որ ցանկանում են իրենց մոտ տեսնել հոգեբանների և մարզական անցյալով մարզչի կամ ֆիզկուլտուրայի ուսուցչի։ Այդպես էլ ծագեց գաղափարը, որն ավելի հստակեցվեց Ալեքսանդր Բերեզովսկիի հետ ծանոթանալուց հետո։ Որոշեցինք, որ դա լինելու է ևս մեկ մրցում, որը թույլ է տալու փոքր-ինչ առողջացնել մթնոլորտը և իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում։ Ընտրվածների թվում իհարկե Կապանն է, որի «Սյունիք» թիմում 1992 թվականին խաղացել է Ռոմանը՝ սկսելով իր վերելքը դեպի ֆուտբոլային օլիմպոս։

Նախատեսվում է մրցումները դարձնել ամենամյա։ Կազմակերպիչներն են ՀՖՖ-ն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչ «Ռուսկի դոմ» կազմակերպությունը և «Բարության ուղի» հասարակական կազմակերպությունը։

Բոլոր մարզերում մրցաշարին մասնակցելու է 12 թիմում ընդգրկված 144 տղա»,- ներկայացրեց Վ. Ֆենֆիլովը։

Իր հերթին Ռոման Բերեզովսկին նշեց, որ հաճելի, միաժամանակ տխուր հուշեր ունի Կապանի թիմում խաղալու ժամանակաշրջանից։

«Շատ հիշողություններ ունեմ 1992 թվականին Կապանում ելույթ ունենալուց։ Անչափ գեղեցիկ քաղաք է, մարդիկ հրաշալի են։ Հիշում եմ պատերազմի օրերին հնչող կրակոցները։ Ձայնից հասկանում էինք, թե ինչ զենքից են կրակում։ Երեկոյան գնում էինք ապաստարան, շատ սարսափելի էր։ Ի դեպ, այնտեղ ծանոթացա նաև թթի օղուն։ Շատ հաճելի և հուզիչ է 30 տարի անց վերադառնալ Կապան։ Հուսով եմ՝ մրցաշարը լավ կանցնի։ Պատերազմը, իհարկե, սարսափելի է։ Գուցե մրցաշարը երեխաներին օգնի հասկանալ, որ կյանքը շարունակվում է, նրանք ավելի լավատեսորեն նայեն ապագային»,- ընդգծեց Ռոման Բերեզովսկին։

Նա հայտնեց նաև, որ բնականաբար ներկա է լինելու բոլոր մրցաշարերին ու նաև մասնագետի հայացքով է հետևելու խաղերին, որպեսզի առանձնացնի հնարավոր տաղանդներին և ինչու չէ ուղեկցի նրանց պրոֆեսիոնալ ֆուտբոլ։

Ռոման Բերեզովսկին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր (1998/99), ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության՝ տարվա 33 լավագույն ֆուտբոլիստների անվանացանկում (1999), «Սպորտ-Էքսպրես» պարբերականի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահ (1997)։ Բերեզովսկին հետ մղած 11-մետրանոցների քանակով (14) ռեկորդակիր է խորհրդային և ռուսական ֆուտբոլում։ Լև Յաշինի անվան ակումբի անդամ է։ Նաև Լեոնիդ Իվանովի ակումբի անդամ է՝ 51 «չոր» խաղ «Զենիթում» և 7-ը՝ Հայաստանի հավաքականում։ Ռուսաստանի առաջնություններում մասնակցել է 313 հանդիպման, որոնցից 103-ում անառիկ է պահել իր թիմերի դարպասը։

1996-2016 թվականներին Ռոման Բերեզովսկին եղել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը (94 խաղ, 153 բաց թողած գոլ)։

Ռոման Բերեզովսկի. «Հիմա մեր հավաքականի առաջնային խնդիրն Ազգերի լիգայի Բ դիվիզիոնում տեղը պահպանելն է»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա