Logo

«Առաջին անգամ ենք նման մրցաշար ընդունելու». Գևորգ Կարամանուկյանը՝ Երևանում կայանալիք թենիսի միջազգային թիմային մրցաշարի մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:25 / 20.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Գևորգ Կարամանուկյան

Հունիսի 26-28-ը Երևանում առաջին անգամ անցկացվելու է մինչև 14 տարեկան թենիսիստների Եվրոպայի թիմային գավաթի խաղարկության ընտրական մրցաշար՝ VNews-ին տեղեկացրեց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրեն և գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը։

ԻՆՉ ՄՐՑԱՇԱՐ Է

Հայաստանն ընդունելու է ընտրական Ա խմբի մրցաշարը, որին մեր երկրի պատանեկան հավաքականի հետ մասնակցելու են Բուլղարիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Նիդեռլանդների և Սլովակիայի նույն տարիքային խմբի թիմերը։ Նշված 8 հավաքականները հունիսի 25-ին Երևանում կայանալիք վիճակահանությամբ բաժանվելու են հավասար կազմով երկու խմբի, որոնց հաղթողներն էլ նվաճելու են եվրոպական ստուգատեսի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Ընտրական մյուս երեք խմբերի մրցաշարերն անցկացվելու են Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։ Վերջինս ընդունելու է նաև 8 հավաքականների մասնակցությամբ եզրափակիչ փուլը, որը հուլիսի 1-3-ը կազմակերպվելու է Վալենսիայում։ Յուրաքանչյուր մրցամարտ բաղկացած է լինելու երկու մենախաղից և մեկ զուգախաղից։

ԻՆՉ Է ԱՍՎԵԼ

«Մրցաշարն անցկացվելու է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն տեղեկացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման մասին։ Ընդունող երկիրն է ապահովելու բոլոր մասնակիցների կեցության և սննդի հարցերը, հոգալու մրցավարության ծախսերը։ Խաղերն անցկացվելու են Երևանի «Ինկորտ» ակումբի խաղահրապարակներում։ Կարծում եմ՝ սպասվում է հետաքրքիր, գրավիչ և լարված պայքար, քանի որ մասնակցելու են թենիսում լուրջ ավանդույթներ ունեցող երկրների թիմեր»,- VNews-ին փոխանցեց Գևորգ Կարամանուկյանը։

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԸ

Հայաստանն առաջին անգամ է ընդունելու մինչև 14 տարեկանների եվրոպական նշանակության թիմային մրցաշար։ Նախկինում մեր երկրում անցկացվել են ազգային հավաքականների մասնակցությամբ տղամարդկանց՝ Դևիսի և կանանց՝ Ֆեդերացիայի գավաթի խաղարկության ցածր դիվիզիոնների մրցումներ։ Վերջին անգամ 2009 թվականին է Երևանում կազմակերպվել թենիսի միջազգային թիմային մրցաշար։ Վերջին տարիներին Հայաստանը պարբերաբար դառնում է պատանիների և աղջիկների միջև անհատական միջազգային մրցաշարերի մրցավայր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա