Logo

Հայաստանում առաջին անգամ դարպասապահների մարզիչների համար ՈՒԵՖԱ-ի արտոնագրի դասընթաց է անցկացվում (տեսանյութ)

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:37 / 01.07.2022Հայկական ֆուտբոլ
ՈՒԵՖԱ-ի արտոնագրի դասընթաց

Հայաստանում առաջին անգամ դարպասապահների մարզիչների համար ՈՒԵՖԱ-ի «Բ» կարգի արտոնագրի դասընթաց է անցկացվում՝ տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երևանում գործող ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպված դասընթացը հատուկ հրավիրված հյուրի կարգավիճակով համակարգում է ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքսանդր Վենցելը։

Դասընթացին մասնակցում է տարիքային տարբեր խմբերի հավաքականներում և ակումբներում աշխատող դարպասապահների 20 մարզիչ Հայաստանից և Արցախից:

«Դասընթացը բաղկացած է երեք տարբեր մոդուլից։ Սա առաջինն է։ Այդ ընթացքում մարզիչներն աշխատում են նաև ակումբներում։ Ստանալու և կատարելու են հանձնարարություններ։

Շատ կարևոր է դասընթացի ինտերակտիվ լինելը։ Նախկինում միայն դասախոսություններ էին կարդում, իսկ այժմ մեթոդները փոխվել են։ Մասնագետների հետ ակտիվ աշխատանք ենք կատարում։

Հուսով եմ՝ վերջում բոլորը հաջող կհանձնեն քննությունը, կստանան Բ կարգի արտոնագրեր, առաջընթաց կգրանցեն իրենց կարիերայում և մեկ տարի անց կրկին կհանդիպենք՝ արդեն «Ա» կարգի արտոնագրի դասընթացի շրջանակում»,- ասել է Ալեքսանդր Վենցելը:

Վենցելը ներկայացրել է նաև ժամանակակից ֆուտբոլում բարձրակարգ դարպասապահ լինելու չափանիշները։

«Երեխաները դեռ փոքր տարիքից սովորում են խաղալ ոտքով։ Մարզումային պրոցեսը կառուցվում է այնպես, որ երեխաները երկու ոտքով էլ լավ խաղան։ Չնայած ոտքով խաղը կարևոր է, բայց դարպասապահի գլխավոր առաքելությունը դարպասն անառիկ պահելն է։

Կարող ես լավագույնը լինել աշխարհում ոտքով խաղալիս, նույնիսկ ավելի լավը, քան Մեսին, բայց եթե անընդհատ գնդակ բաց թողնես, ապա քեզ երբեք պետք չի գա այդ հմտությունը։

Ֆուտբոլն առաջ է շարժվում, և մենք պետք է փոխվենք։ Փոխվում է դասավանդման ձևը, փոխվում են դարպասապահները և մարզիչները։ Դա սովորական գործընթաց է»,- նշել է նա։

Դասընթացին մասնակցող մարզիչների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը։

«Սա աննախադեպ իրադարձություն է մեզ համար, որը շատ օգտակար կլինի մեր մարզիչներին։ Շատ հետաքրքիր է անցնում։

Չնայած երկրորդ օրն է, արդեն շատ բան եմ սովորել։ Մենք կաղում ենք դարպասապահներ պատրաստելու հարցում։ Կարևոր է, որ կրթվում ենք, և պետք է այս գիտելիքները փոխանցենք հայ երեխաներին։ Հուսով եմ՝ ճիշտ աշխատանքի դեպքում լավ ապագա կունենանք»,- նշել է  Կասպարովը։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա