Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

«Հայաստանում բոլորը երազում են հաղթել «Արարատ-Արմենիային», մենք «Սպարտակի» նման ենք». Պողոս Գալստյան

Հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման նոր փուլն սկսվել է 2018 թվականին: Հենց այդ տարի հիմնվեց «Արարատ-Արմենիան», որն անմիջապես դարձավ չեմպիոն, իսկ մեկ տարի անց կրկնեց այդ նվաճումը: Թվում էր՝ հայկական ֆուտբոլում նոր գերիշխանություն է հաստատվում, բայց հաջորդ 2 տարում երևանյան թիմը ոսկե մեդալ չնվաճեց: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում նրանց ընդամենը մեկ միավոր չբավարարեց չեմպիոնության համար, ինչից հետո ակումբում լուրջ փոփոխություններ են լինում: 

«Արարատ-Արմենիան» շատ ակտիվ է տրանսֆերային շուկայում և արդեն ունի նոր մարզիչ ու Հայաստանում հեղինակություն վայելող նորեկներ: Այդ և այլ թեմաների մասին VNews-ի հետ զրույցում խոսեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը: 

- «Արարատ-Արմենիան» 8 միավորի առավելությամբ գնաց ձմեռային ընդմիջման, բայց հետո բաց թողեց չեմպիոնությունը. ո՞ր պահից հասկացաք, որ հնարավոր է՝ չնվաճեք տիտղոսը.

- Մինչև վերջին տուրը պայքարել ենք չեմպիոնության համար, կռվում էինք, իսկ դա ինձ համար ամենակարևորն է: Իմ փորձից գիտեմ, որ հաճախ են լինում դեպքեր, երբ միավորների պաշար ունեցող թիմը գավաթը չի նվաճում: Օրինակ՝ «Արարատ-Արմենիայի» առաջին մրցաշրջանում մենք 9 միավորով զիջում էինք «Ալաշկերտին», բայց չեմպիոն դարձանք: Հենց ձմեռային դադարից հետո շրջանցեցինք առաջատարին: Այս անգամ հակառակը եղավ: 

- Կոնկրետ մեղավոր կա՞ր, որ բաց թողեցիք չեմպիոնությունը: 

 - Պատճառները տարբեր են լինում, մեկը չէ: Հնարավոր է՝ ֆուտբոլիստները հանգստացան, մտածեցին՝ 8 միավորի առավելությունը բավարար է: Երիտասարդ տղաներ են, ժամանակի ընթացքում պետք է փորձ կուտակեն: 8 միավորի առավելությունը հետագա 17 տուրի պարագայում համարում եմ հավասար շանսեր: Եթե 15-20 միավորի տարբերություն լիներ, այլ հարց էր: Բայց նորից շեշտեմ, որ մեկ մարդու կամ մեկ հանգամանքի հարց չէր, պատճառները շատ էին: 

- Ինչպիսի՞ն էր Գունկոյի դերը թիմի սկզբնական հաջողություններում և հետագայում առաջին տեղը բաց թողնելու հարցում.

- Գունկոն լավ մարզիչ է, նրա աշխատանքից գոհ եմ: Պարզ ասեմ՝ «Արարատ-Արմենիան» միայն չեմպիոնության համար պայքարող ակումբ է: Նույնիսկ երկրորդ տեղը մեզ համար խնդիրը չկատարել է համարվում: Գունկոյի հետ պայմանավորվել էինք, որ եթե թիմը դառնա չեմպիոն, նրա հետ համագործակցությունը կշարունակեինք, իսկ եթե ոչ, հրաժեշտ կտայինք: Ֆուտբոլում դա նորմալ է. յուրաքանչյուր մարզչի հրավիրում են կոնկրետ նպատակով: Ջերմ հարաբերություններով ենք բաժանվել, նրանց աշխատանքը շատ լավ եմ գնահատում: 

- Գունկոյի որոշումներից մեկը, որը հրապարակայնորեն չբացատրվեց, Յուսուֆ Օտուբանջոյին հրաժեշտ տալն էր (հարցազրույցը կայացել է մինչև հարձակվողի՝ «Փյունիկ» տեղափոխությունը-խմբ.). իրականում ո՞րն էր ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից մեկից բաժանվելու պատճառը. 

- Որևէ ֆուտբոլիստ հավերժ չի մնում թիմում: Մեզ մոտ այնպես չէ, որ մի ֆուտբոլիստը եկավ, օգնեց թիմին, դարձավ լավագույն ռմբարկու և այդպիսով իր տեղն ապահովեց ապագայում: Ո՛չ: Նա ամեն տարի պետք է նույն աշխատանքը կատարի: Երբ նա չի կարողանում այդ պահանջներին համապատասխանել, պետք է հեռանա: Գունկոն հենց այդպիսի որոշում կայացրեց, և ես նրան աջակցեցի, որովհետև նա է մարզիչը, նա է պատասխանատու արդյունքների համար: Հավանաբար մարզչի կողմից դա ճիշտ որոշում էր, որովհետև մրցաշրջանի երկրորդ կեսում Օտուբանջոն իր խաղամակարդակի շեմն իջեցրեց: Մեր հավակնոտ նպատակներով թիմում 5-6 խաղում 1 գոլը բավարար չէ: 

- Թիմի հոգեբանությանն ուղղված աշխատանքում Գունկոյին ինչպե՞ս կգնահատեք. մրցաշրջանի երկրորդ կեսում ակնհայտ էր, որ «Փյունիկը» հոգեբանական վերելքում է, իսկ «Արարատ-Արմենիան» անկում է ապրում. 

- Եթե արդյունք չկա, բնական է՝ մարզչի աշխատանքում որոշակի որակներ կորել են: Իմ նշած մի քանի պատճառներից մեկը ֆուտբոլիստների հետ հոգեբանական աշխատանքն է, որը մարզիչների պարտականությունն է: Նշանակում է՝ ինչ-որ բան ճիշտ չի արվել: Մենք իրավունք չունեինք այդքան միավոր կորցնել: Հոգեբանորեն պատրաստ չլինելն արտացոլվեց «Նոայի», «Նորավանքի» և ԲԿՄԱ-ի դեմ խաղերում կորցրած միավորներով: Դրանք թիմեր էին, որոնք մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում են: Այսինքն՝ թերագնահատել էին այդ մրցակիցներին:


 
 - Դուք ձմռանը տեսնում էիք, թե ինչպիսի տրանսֆերներ է կատարում «Փյունիկը». կարծում եք՝ Դուք այդ գործում լուրջ օգնությու՞ն ցուցաբերեցիք մարզչական շտաբին. 

- Մեր հիմնական խնդիրը Յոան Գուֆրանի հեռանալով էր պայմանավորված: Նա այն ֆուտբոլիստն էր, որ թիմին իսկապես իր հետևից էր տանում: Ֆուտբոլը մարտիկների խաղ է, և Գուֆրանը մեր թիմի մարտիկն էր: Ցավոք, ընտանեկան պատճառներով նա ավարտեց կարիերան: Նրա հեռանալուց հետո զգացի, որ մեր խաղում այդ մարտական կողմը կորցրինք: 

- Բայց Գուֆրանի հեռանալուց հետո եղավ ձմեռային տրանսֆերային պատուհանը. չէի՞ք կարող այդպիսի բնավորությամբ ֆուտբոլիստ հրավիրել. 

- Գուֆրանի պես մեկ այլ խաղացողի դժվար է կրկին գտնել և բերել Հայաստան: 

- Արդեն հայտնի է, որ «Արարատ-Արմենիան» գլխավորելու է Վարդան Բիչախչյանը. ինչու՞ եք ընտրել հենց նրան. 

- Մենք Վարդանին ճանաչում ենք՝ որպես լավ մարզչի, միշտ հետևել ենք նրա աշխատանքին: Եթե վիճակագրությանը նայեք, կտեսնեք, որ հիմնականում հայ մարզիչների թիմերն են դառնում Հայաստանի չեմպիոն: Նրանք լավ գիտեն տեղական մենթալիտետը: Ակումբի ղեկավարությունով որոշեցինք, որ նոր մարզիչը պետք է հայ լինի, իսկ Բիչախչյանը հայ լավագույն մասնագետներից է:  

- Բիչախչյանը սիրում է իր թիմերում հայ ֆուտբոլիստներից կազմված կորիզ ունենալ, և հաճախ այնպիսի թիմերն են դառնում չեմպիոն, որոնցում տեղացի խաղացողների խումբ կա: Ձեր թիմում հայ ֆուտբոլիստները շատ չէին. ի՞նչ փոփոխությունների եք գնալու.  

- Ճիշտ հարց եք տալիս: Բիչախչյանին հրավիրելով՝ պարտավոր ենք նրա բոլոր ցանկությունները կատարել: Հասկանում ենք, որ ունենք մարտունակ հայ ֆուտբոլիստների կարիք: Հիմա կկատարենք տրանսֆերներ: Մեզ կմիանան Գևորգ Ղազարյանը և Արման Հովհաննիսյանը: Կարծում եմ՝ այս պահին նրանք բավարար կլինեն՝ թիմի մարտունակությունը բարձրացնելու և թիմն իրենց հետևից տանելու համար: 

- Նշեցիք, որ Գունկոյի առջև խնդիր էիք դրել չեմպիոն դառնալ. նույնը նաև Բիչախչյանի՞ խնդիրն է: 

- Այո՛, միայն չեմպիոնություն:

- Իսկ Կոնֆերենցիաների լիգայու՞մ.

- Հնարավորինս լավ ելույթը: Առավալագույն խնդիրը խմբային փուլ մտնելն է: Բայց անկախ եվրագավաթներում արդյունքներից, Բիչախչյանին անպայման հնարավորություն ենք տալու ամբողջական մրցաշրջան անցկացնել: 



- Ղազարյանը «Փյունիկի» ավագն էր, իսկ Հովհաննիսյանը՝ առաջատար պաշտպաններից. ինչպե՞ս կարողացաք «Արարատ-Արմենիայի» գլխավոր մրցակցի խաղացողներին գրավել ձեր կողմը: 

- Առաջին հերթին ստացվեց Վարդան Բիչախչյանի ցանկությամբ: Արման Հովհաննիսյանն արդեն խաղացել էր մեր ակումբում, ես եմ նրան Ուկրաինայից հրավիրել: Գևորգ Ղազարյանն էլ ներկայացման կարիք չունի: Նրանց հետ նորմալ բանակցություններ անցկացրինք, նրանք հայտնեցին իրենց ցանկությունները, մենք էլ մեծ սիրով հրավիրեցինք: 

- Հայտնի է, որ Սերժ Դեբլեն նույնպես մոտ է «Փյունիկից» հեռանալուն. նրան նույնպես մտադի՞ր եք հրավիրել «Արարատ-Արմենիա».

- Չեմ թաքցնի՝ իհարկե Դեբլեի պես ֆուտբոլիստին կցանկանայինք տեսնել մեր ակումբում: Այս պահին որևէ հստակություն չկա: Մենք ցանկանում ենք նրա պես հարձակվող գտնել, որը շատ գոլ կխփի: Ձմեռային դադարից հետո մեր խնդիրը հենց քիչ գոլեր խփելն էր:

- Դուք «Փյունիկին» ինչպե՞ս եք վերաբերվում. նրանց համար «Արարատ-Արմենիան» ամենասկզբունքային մրցակիցն է՝ անկախ ամեն ինչից. 

- Որ ասեմ՝ շատ վատ, սիրուն չի լինի: Ի միջի այլոց եմ նրանց վերաբերվում: 

- Բայց միայն «Փյունիկը» չէ. եթե Երևանի «Արարատի» դեպքում սպասելի էր, ապա մյուս մի քանի ակումբների համար «Արարատ-Արմենիան» ինչու՞ է սկզբունքային մրցակից. 

- Բոլորը տեսել են, որ «Արարատ-Արմենիան» եկավ և Հայաստանի առաջնության մակարդակը բարձրացրեց: Այսօր մեր ակումբը դարձել է այնպիսին, ինչպիսին Ռուսաստանում Մոսկվայի «Սպարտակը»: Ես Ռուսաստանում աշխատել եմ և գիտեմ, որ «Սպարտակին» հաղթելը մեծ մոտիվացիա է բոլորի համար: Շատ ֆուտբոլիստներ ցանկանում են մեր ակումբում լինել, որովհետև գիտեն՝ այստեղ ամեն ինչ բարձր մակարդակի է: Դրա համար մյուս ակումբներին դա տրամադրում է մեր դեմ: Այդ ակումբների համար երազանք է մեզ հաղթելը կամ մեզ հետ ոչ-ոքի խաղալը: Մենք դա ընդունում ենք, հասկանում, որ անցումային հանդիպումներ չենք ունենալու, բոլորի դեմ պետք է 100 տոկոսով խաղանք: 

- Նշեցիք բարձր մակարդակը: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն օրերս հայտարարեց՝ չեմպիոնական պայքարն ավելի շատ նյարդերի պայքար էր, և «Արարատ-Արմենիան» տեղի տվեց, որովհետև միավորներ կորցնելուց հետո, ըստ նրա տեղեկության, ակումբում խուճապ էր սկսվում. ֆուտբոլիստներին սպառնում էին պարգևավճար չտալ: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

- Շատ սխալ տեղեկություն ունեն: Լավ կլինի, որ նրանք զբաղվեն իրենց թիմով և մտածեն, թե ինչու են իրենց ֆուտբոլիստները գալիս «Արարատ-Արմենիա»:  



- Խոսենք նաև ակումբի զարգացման վերաբերյալ, բայց մինչև այդ հարց Ջևան Չելոյանցի մասին. «Ուրարտուի» սեփականատերը հրապարակայնորեն հայտարարել էր, որ «Արարատ-Արմենիան» ակումբ չէ, այլ թիմ է, նաև նշել էր, որ Հայաստանում 1,5 ակումբ կա, որից լիարժեք միայն «Ուրարտուն» է: Ինչպե՞ս  արձագանքեցիք նրա այդ խոսքերին.

- Չելոյանցի հետ լավ հարաբերություններ ունեմ: Հարգում եմ նրան, որովհետև ճիշտ ներդրումներ է կատարում մեր ֆուտբոլում: Ինչ վերաբերում է նրա խոսքերին, ապա իրավունք ունի իր կարծիքը հայտնել: Մենք էլ կարող ենք այդ խոսքերին նշանակություն տալ կամ չտալ: 

- Այդուհանդերձ, տարածված կարծիք կա, որ «Արարատ-Արմենիան», ունենալով Հայաստանում լավագույն ֆինանսական միջոցները, չի փորձում զարգացնել ակումբը, այլ կենտրոնացած է միայն թիմի վրա. 

- Բերեմ կոնկրետ օրինակներ. «Արարատ-Արմենիան» գոյություն ունի 3 տարի: Այս ընթացքում մենք 8-10 ֆուտբոլիստ ենք պատրաստել ԲԿՄԱ-ի, այսինքն՝ երիտասարդական հավաքականի համար: ԲԿՄԱ-2-ում նույնպես ունենք 8-10 ֆուտբոլիստ: Բա այդ ֆուտբոլիստները որտեղի՞ց: Հիմա նայեք մյուս ակումբներին, որոնք իրենց արևին ֆուտբոլ և ֆուտբոլիստներ են զարգացնում: Նայեք նրանց և մեր սաների քանակին՝ պատանեկան հավաքականներից սկսած: Այդ թվերը տալիս են բոլոր հարցերի պատասխանները: 3 տարվա ակումբ ենք, իսկ կան ակումբներ, որոնք 10-14 տարի գոյություն ունեն, բայց որևէ խաղացող չեն տվել տարբեր տարիքային հավաքականներին: Այս խոսքերս, որ գրեք, նրանք էլ կարդան, արդեն կհասկանան: Ազգային հավաքականում էլ «Արարատ-Արմենիան» 4 ֆուտբոլիստ ունի, նույնիսկ կարող էր 6 լինել, բայց եթե Ժիրայր Շաղոյանի պես ֆուտբոլիստը պետք է երիտասարդական հավաքականում խաղա, թող խաղա: 

- Ձեր թված ֆուտբոլիստներից ոմանք «Ավան Ակադեմիայում» էին, երբ «Արարատ-Արմենիան» դարձավ նրա իրավահաջորդը. 

- Ո՛չ, այդպես չէ:

- Ինչու՞ ոչ. նույն Շաղոյանը 2017 թվականին հենց «Փյունիկից» է տեղափոխվել «Ավան Ակադեմիա», իսկ մեկ տարի անց «Արարատ-Արմենիան» դարձել է այդ ակումբի իրավահաջորդը.

- Այդ ֆուտբոլիստներին «Փյունիկը» չի աճեցրել: «Փյունիկի» ակադեմիայում «Փյունիկ» ակումբն այդ ֆուտբոլիստներին չի աճեցրել, դա այդպես չէ: Նրանք եղել են ակումբի նախկին ղեկավարության սաները, այլ ոչ թե «Փյունիկի», իսկ ներկայիս ղեկավարները պարզապես ստացել են այդ ակումբի անվանումը: Բոլորս գիտենք այդ պատմությունը: Ներկայիս «Փյունիկը» թող զարգացնի իր սաներին...

- Հասկանալի է՝ ինչ նկատի ունեք...

- Այդ երեխաներն իրենք են ցանկացել խաղալ մեր ակումբում, նրանց վերցրել ենք և 2 տարի խաղացրել Առաջին խմբում, նրանց վրա մեծ ջանք ենք թափել, որ հասնեն այս մակարդակին: 

-  Քանի որ խոսեցիք ֆուտբոլիստների զարգացման մասին. Դուք հայտնի եք տաղանդներ և ներուժ ունեցող խաղացողներ նկատելու սուր աչքով: Հայտնի օրինակ է Դավիթ Տերտերյանը, որին հրավիրել էիք «Գանձասար-Կապանից», երբ նրան քչերն էին հավատում, և ավելացրել, որ ապագայում կարող է Հայաստանի հավաքականում խաղալ: Ինչպե՞ս եք տեսնում ֆուտբոլիստի այն որակները, որոնք շատերը չեն նկատում. 

- Ոմանց համեմատ՝ ես առավոտից երեկո ֆուտբոլի մեջ եմ: Գնում եմ տարբեր տարիքայինների խաղերին: Տեսնում եմ տաղանդավոր ֆուտբոլիստների, նրանց հետ շփվում եմ, հեռանկարային խաղացողներին հրավիրում եմ մեր ակումբ, հետո նրանց հետ մեծ աշխատանք ենք կատարում՝ նրանց տաղանդը բացահայտելու համար: Առաջին խմբում նրանք առաջադիմում են, այնտեղ ունենք լավ մարզիչներ: Լավագույն երեխաներին ցանկանում եմ տեսնել մեր ակումբում, դա նորմալ երևույթ է: Այլ ակումբներից հրավիրելու դեպքում օրինական փոխհատուցում ենք վճարում, իսկ մյուսներին էլ վերցնում ենք մեր ակադեմիայից: Եթե այլ ակումբներ կարող են, թող նրանք էլ անեն: 

- Շատերը սպասում էին, որ ավարտված մրցաշրջանը Շաղոյանի համար կլինի բեկումնային հետագայում թոփ առաջնություններ տեղափոխվելու հարցում, բայց դրա փոխարեն նա գրեթե ամբողջ տարի անցկացրեց փոխարինման մտնելով, իսկ մեկնարկային կազմում հայտնվեց միայն մրցաշրջանի վերջում: Ի՞նչ գնահատական եք տալիս նրա մրցաշրջանին.

 - Շատ հաջող մրցաշրջան էր Շաղոյանի համար, հիմա ասեմ՝ ինչու: Երբ ինձ հարցնում են՝ ինչու Շաղոյանին չեք խաղացնում, պատասխանում եմ, որ նախ՝ որոշողը մարզիչն է, և հետո՝ նա պետք է պայքարի իր տեղի համար: Ժիրայրը պայքարեց և վերջում իր տեղը նվաճեց մեկնարկային կազմում: Եթե ֆուտբոլիստը դադարում է կռվել իր տեղի համար, նա չի կարող բարձր մակարդակի հասնել: «Արարատ-Արմենիայում» միշտ մրցակցություն ենք ստեղծում, որ ֆուտբոլիստը կռվի իր տեղի համար: Տեսա՞ք՝ Ժիրայրն ինչ գոլ խփեց Ֆրանսիային: Թող բոլորը տեսնեն, որ Շաղոյանն աճում է: 



- Ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում նրա համար. 

- Սպասում ենք, որ նա դառնա լավ ֆուտբոլիստ, խաղա արտասահմանում: Դրանում չեմ կասկածում: Չենք ուզում շտապել. ցանկանում ենք, որ Շաղոյանն ավելի հասունանա, հետո նոր հեռանա Հայաստանից: Խոսքը վերաբերում է նաև մեր մյուս տաղանդներին, բոլորին օգնելու ենք: 

- Ենթակառուցվածքների վերաբերյալ ինչ-որ բան փոխելու՞ եք, թե՞ մտադիր եք հաստատվել Ավան Ակադեմիայում:

- Մտածում ենք դրա մասին, մեծ աշխատանք ենք դրա շուրջ կատարել: Հիմա փնտրում ենք տարածք, որպեսզի այնտեղ ունենանք մեր մարզադպրոցը: Բայց մեզ պետք է՝ մի փոքր ընդառաջեն, Երևանում տարածք տրամադրեն: Եթե դա լինի, հենց վաղը կսկսենք մեր դպրոցը կառուցել: Ես չեմ կարող մեծ ծախսեր անել և այդ ակադեմիան բացել Աշտարակում կամ Զովունիում, որտեղ 15-20 երեխա կգա մարզվելու: Բոլորս էլ հասկանում ենք, որ երեխաների մեծ մասը Երևանում է: Այստեղ կարող ենք 1200-1500 երեխայի համար ակադեմիա կառուցել: 

- Վերջին 4 մրցաշրջաններում Հայաստանի չեմպիոնը որոշվել է վերջին 1-2 տուրերում: 2018-2020 թվականների ընթացքում տեսանելի էր ֆուտբոլի խաղամակարդակի զգալի աճ. հիմա հայկական ֆուտբոլն ու՞ր է գնում.

- Շատ բան պայմանավորված է ֆինանսներով, ակումբները պետք է կայուն լինեն: «Արարատ-Արմենիայի» նախագահ Սամվել Կարապետյանը խնդիր է դրել, որ Հայաստան գալով՝ պետք է բարձրացնենք ֆուտբոլի մակարդակը: Մենք այստեղ չենք եկել՝ մոնոպոլիա ստեղծելու նպատակով: Իհարկե, տեսնում ենք, որ մեր դեմ հատուկ կերպ են պայքարում, ներդրումներ կատարում, այնպես որ, մեր խնդիրներից մեկը՝ բոլոր ակումբների որակի բարձրացման խնդիրը լուծեցինք: 

- Գումարած եվրագավաթները.

- Այո՛: «Ալաշկերտը» կարողացավ եվրագավաթների խմբային փուլ դուրս գալ: Եթե Կոնֆերենցիաների լիգան 3 տարի առաջ ստեղծված լիներ, «Արարատ-Արմենիան» էլ 2 անգամ արդեն խմբային փուլում կխաղար: Խաղամակարդակի բարձրացման ապացույցը հենց եվրագավաթներում հայկական թիմերի նվաճումներն են: Հիմա կարևոր է խաղամակարդակը պահպանել: Եթե դա չլինի,«Արարատ-Արմենիան» այլևս ոչ մեկին պետք չի լինի: Մեզ մրցակիցներ են հարկավոր ընդհանուր զարգացման համար: Մեզ ձեռնտու չէ խոշոր հաշիվներով ջախջախել ավելի թույլ թիմերի: 

- Այս տարի «Փյունիկի» պես մրցակիցը ձեզ ավելի ուժե՞ղ դարձրեց.

- Այո՛: Հիմա մենք հետևություններ ենք անում, վերլուծություն կատարում: Տեսանք՝ մեր թիմում ով մեզ չի համապատասխանում: Համոզված եմ՝ հաջորդ առաջնությունը շատ ավելի բարձրակարգ է լինելու: Արդեն ունեմ տեղեկություն, որ շատ թիմեր ավելի են ուժեղանալու: 

- Եվ վերջին հարցը. որո՞նք են «Արարատ-Արմենիայի» կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները.

- Զարգացնել մեր մարզադպրոցը, գլխավոր թիմում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ ունենալ, աշխատանք ենք կատարում դրա համար, օրինակ՝ Ստյոպա Մկրտչյանը մյուս մրցաշրջանից կվերադառնա մեր ակումբ և կլինի գլխավոր թիմում: Նաև Եվրոպայում ճանաչելի դառնալը, բոլորի հետ պայքարելը, խմբային փուլ մտնելը: Դա մեզ համար շատ կարևոր է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Մովսիսյանը՝ Զախարյանի որոշման մասին. «Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում»

  • 1333

Ժորդի Արարատը հեռացել է «Նոայից»

  • 402

Ռուս ֆուտբոլիստը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին

  • 7251

Բագրատ Նավոյան. «Չունեմ ֆուտբոլիստներ գողանալու հիվանդություն՝ ի տարբերություն որոշ ակումբների»

  • 4008

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը

  • 1094

Ինսայդ. Արտասահմանյան 2 ակումբ հետաքրքրված է Հայաստանի հավաքականի նորեկի ծառայություններով

  • 8355

Աղբյուր. Էդգար Սևիկյանը կխաղա Հայաստանի հավաքականում

  • 2483

Գերմանական ակումբից պարզաբանել են՝ արդյոք հետաքրքրվա՞ծ են Սպերցյանով

  • 7026

Չեֆերին. «Վստահ եմ, որ շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականին մեծ մրցաշարերում»

  • 581

Հայաստանի ու Վրաստանի լեգենդների խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

  • 772

Լեգենդների խաղում Հայաստանը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին (ֆոտոներ)

  • 6745

«Հայաստանի 30 տարվա լավագույն գոլ» անվանակարգի հաղթողը (տեսանյութ)

  • 2059

Հայաստանի 30 տարվա խորհրդանշական հավաքականը երկրպագուների վարկածով (լուսանկար)

  • 2498

«Մրցակիցն ուժեղ է, բայց կարելի է հասնել հաջողության». Եղիշե Մելիքյանը՝ VNews-ի հետ զրույցում

  • 541

Խոակին Կապառոսի օրոք Հայաստանի հավաքականի վերջին 15 հանդիպումների տխուր վիճակագրությունը. Հայաստան-Շոտլանդիա խաղը՝ 10 փաստով

  • 3474

Բարսեղյանը բոլորից արագ հասավ այդ ցուցանիշին, իսկ Մկոյանից 14 մրցաշրջան պահանջվեց

  • 633