Logo

Երևանում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:13 / 23.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում այսօր տեղի կունենան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին մենամարտերը։ Նախօրեին բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկած ստուգատեսում կսկսվի մրցակցային փուլը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած արարողությունն ուղեկցվել է լուսագրաֆիկական գրավիչ ներկայացմամբ, որի ընթացքում ներկայացվել են մեր երկրի ու ժողովրդի պատմությունը և մշակույթը։ Ընդունված կարգով ներկայացվել են նաև մասնակից բոլոր 39 երկրների թիմերը։ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն էր միջազգային տարբեր մրցումների հաղթող և մրցանակակիր Նարեկ Մանասյանը։

Մարզիկների անունից արդար պայքարելու և մարզական սկզբունքներին հավատարիմ մնալու հատուկ հայտարարությամբ է ելույթ ունեցել Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

Մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանում այդ մարզաձևն ամենասիրվածներից է, բայց այս քայլով ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում խրախուսել ոչ միայն բռնցքամարտի, այլև մասսայական սպորտի զարգացումը: Ուստի, երբ ստացանք մրցաշարը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը, ջանք ու եռանդ չխնայեցինք՝ այն լավագույնս կազմակերպելու համար: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանում մեծ ներդրումներ են կատարվում մարզական ենթակառուցվածքներում: Այս մրցաշարի կազմակերպումը և իրավունք ստանալը խթանեցին ենթակառուցվածքների զարգացումը, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ուժեղացրեց մարզական բաղադրիչը: Մենք ուշի ուշով հետևելու ենք ձեր ելույթներին, աջակցելու ենք տրիբունաներում, սպասելու ենք մեծ հաղթանակների: Այսօր Հայաստանին այդ մեծ հաղթանակները շատ անհրաժեշտ են: Վստահ եմ, որ մեր հյուրերը Հայաստանից կմեկնեն ոչ միայն մրցանակներով, այլև մեծ տպավորություններով: Բոլոր մարզիկներին մաղթում եմ հաջողություն»,- մասնավորապես, նշել է Արայիկ Հարությունյանը։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ, իր հերթին, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով անցկացնելու նման պատասխանատու առաջնությունը: 

Արարողությանը ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիփատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրներից ժամանած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ, հյուրեր:

Հավելենք՝ «Վիվառո Մեդիա»-ն բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական մեդիա գործընկերն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա