Logo

Գրեթե 30 տարի անց հայ ջրացատկորդուհի է մասնակցելու աշխարհի առաջնությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:01 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Հայաստանը երկու մասնակից է ունենալու Բուդապեշտում մեկնարկած ջրային մարզաձևերի աշխարհի 19-րդ առաջնության ջրացատկի մրցումներում։ Շուրջ քառորդ դար ընդմիջումից հետո մեր երկիրը ներկայացված է լինելու նաև կանանց ստուգատեսում՝ VNews-ին հայտնեց մարզաձևի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ ասպարեզ են դուրս գալու 14-ամյա Ալիսա Զաքարյանը և 23-ամյա Վլադիմիր Հարությունյանը։ Նրանք մասնակցելու են 10 մետր բարձրություն ունեցող աշտարակից ցատկերին։

Խոսելով սպասելիքների մասին՝ Հրաչյա Չանդիրյանը, մասնավորապես, ասաց. «Վլադիմիրը վատ մարզավիճակում չէ։ Հուսով եմ՝ առնվազն կիսաեզրափակիչ փուլ կանցնի, իսկ այնուհետև կտեսնենք, թե ինչպես կստացվի։ Եզրափակիչ փուլում հայտնվելն արդեն կհամարվի շատ լավ արդյունք։ Իսկ սինքրոն ցատկերում այս անգամ մասնակիցներ չենք ունենա, որովհետև մեր երկրորդ ջրացատկորդը՝ Վարդան Բայանդուրյանը, ցավոք, վնասվածք է ստացել ու վիրահատվել։ Նա բաց կթողնի համաշխարհային ստուգատեսը»։

Հայաստանի թիմը մրցավայր է մեկնելու հունիսի 22-ին։ Ալիսա Զաքարյանը մեկնարկելու է դրանից 4 օր անց, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝ հուլիսի 2-ին։

Հարկ է նշել, որ վերջին անգամ Հայաստանը կանանց ջրացատկի մրցումներում ներկայացված էր եղել նախորդ դարի 90-ական թվականների երկրորդ կեսին, երբ ասպարեզ էին դուրս գալիս դեռևս խորհրդային դպրոցի սաներ Արուս Գյուլբուդաղյանը և Փառանձեմ Զաքարյանը։

Առհասարակ, ժամանակին կանանց ջրացատկը բավական լավ դիրքեր է ունեցել մեր հանրապետությունում. Սիրվարդ Էմիրզյանը դարձել է ԽՍՀՄ չեմպիոնուհի, 1980 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Իսկ ահա հայկական տղամարդկանց ջրացատկի խորհրդանիշն է մնում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Դավիթ Համբարձումյանը։

Այս ամառ հայ ջրացատկորդների օրացուցային պլանում նշված է ևս երկու միջազգային մրցում՝ հուլիսի 24-30-ը Ռուսաստանում անցկացվելիք «Համագործակցության գավաթ» մրցաշարը և օգոստոսի 11-21-ը Հռոմում կայանալիք ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը, որոնցից առնվազն վերջինում մեր երկիրը, ըստ հավաքականի մարզչի, միանշանակ ներկայացված է լինելու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա