Logo

Բռնցքամարտի ԵԱ. Հարությունյանը և Հովհաննիսյանը չանցան կիսաեզրափակիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:38 / 27.05.2022Բռնցքամարտ
Բարեղամ Հարությունյան-Արթուր Հովհաննիսյան

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է քառորդ եզրափակիչ մենամարտերի փուլը։

Առաջին երկու հանդիպումներում Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) զիջեցին համապատասխանաբար Սախիլ Ալախվերդովին (Վրաստան) ու Մարտին Սալվադոր Մոլինային (Իսպանիա)։

Հայ բռնցքամարտիկներն ակտիվ էին, շատ էին շարժվում ռինգում, տեսողական տպավորությամբ՝ առավելություն ունեին։ Սակայն նրանց մրցակիցները հմտորեն պաշտպանվում էին, համարձակորեն հակագրոհում ու, ամենայն հավանականությամբ, ավելի շատ դիպուկ հարվածներ հասցրին։ Համենայն դեպս, այդպիսին է մրցավարների կարծիքը։ Նշենք, որ սա Հարությունյանի և Հովհաննիսյանի առաջին մենամարտն էր ընթացիկ առաջնությունում։

Ավելի վաղ պարտվել և պայքարից դուրս էին մնացել առաջնությանը հայտավորված Հայաստանի 13 բռնցքամարտիկներից ևս 4-ը՝ Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։

Այսօրվա ցերեկային մրցահերթում Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) հանդիպելու է Պետր Նովակին (Չեխիա), Համբարձում Հակոբյանը (80 կգ)՝ Լուկա Պլանտիչին (Խորվաթիա), Դավիթ Չալոյանը (92 կգ-ից բարձր)՝ Այուբ Ասաու Էլ Դրիսի Ջադֆին (Իսպանիա), իսկ Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը (60 կգ)՝ Պոլ Ջոն Հալեին (Իռլանդիա)։

Երեկոյան (18։00-ից սկսած) Արթուր Բազեյանը (57 կգ) ռինգ է դուրս գալու Բաթուհան Չիտֆչիի (Թուրքիա), Գուրգեն Մադոյանը (67 կգ)՝ Լաշա Գուրուլիի (Վրաստան), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)՝ Վիկտոր Շելստրատի (Բելգիա), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ)՝ Վահան Նանիտզանյանի (Հունաստան) դեմ։ 

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Վաղը առաջնությունում հայտարարվելու է մեկօրյա ընդմիջում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա