Logo

Հայաստանը տրամադրված է մարզական և կազմակերպչական նոր նշաձող սահմանել Եվրոպայի երևանյան առաջնությունում (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:09 / 19.05.2022Բռնցքամարտ
Բացառիկ
բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն-2022

Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույններից է լինելու այդ մրցաշարի տարեգրությունում՝ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսում հայտարարեցին հայաստանյան կազմկոմիտեի ներկայացուցիչները։ Իսկ մեր թիմի ելույթը հաջողված կհամարվի առնվազն երեք ոսկե մեդալ նվաճելու դեպքում։

Նախամեկնարկային ասուլիսում կատարված աշխատանքներին ու ակնկալիքներին անդրադարձան առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: 

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ընդգծեց, որ առաջնության կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ բացառապես դրական արձագանքներ են ստացվել միջազգային գործընկերներից։ «Մեր երկիրը վաղուց չի հյուրընկալել նման խոշոր մարզական միջոցառում։ Այն բարձր մակարդակով կազմակերպելու համար պետությունը, ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են լավագույնը։ Միջազգային գործընկերներից ստացվող գնահատականներն էլ շատ դրական են: Ցանկանում ենք Եվրոպայի առաջնությունների նոր նշաձող սահմանել»,- նշեց Ա. Հարությունյանը։

Արայիկ Հարությունյան

Կազմակերպիչները խոստանում են, որ առաջնության պաշտոնական արարողությունները լինելու են գեղեցիկ և խոսուն։

Կարեն Գիլոյանը հավաստիացրեց, որ Երևանը հիմնականում պատրաստ է աշխարհամասի առաջնության անցկացմանը։ «Մարզական և կազմակերպչական առումով աշխատանքների շուրջ 95 տոկոսը կատարված է»,- նշեց նա։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջնությանը մասնակցելու է 39 երկրի ավելի քան 260 բռնցքամարտիկ։ «Այդ թիվը մեր ակնկալածի սահմանում է։ Հայտնի պատճառներով չեն մասնակցելու Ռուսաստանի, Բելառուսի թիմերը և մասնակցությունից հրաժարված Ադրբեջանի հավաքականը»,- արձանագրեց Կ. Գիլոյանը։

Անդրադառնալով առաջնության տոմսերի վաճառքի ընթացքին՝ նա հայտնեց, որ նախնական մենամարտերի տոմսերն առայժմ չունեն առանձնապես մեծ պահանջարկ, իսկ ահա կիսաեզրափակիչներինը և եզրափակիչներինն ավելի լավ են սպառվում։ Ի դեպ, կազմկոմիտեն հրավիրատոմսեր է տրամադրելու մարզադպրոցների անձնակազմերին և սպորտի վետերաններին։

Խոսելով մարզական ակնկալիքներից՝ փոխնախարարը հայտարարեց, որ մեր բռնցքամարտիկների մասնակցությունը միանշանակ հաջողված կհամարվի նախկին լավագույն ցուցանիշների գերազանցման դեպքում։ Հարկ է նշել, որ նախորդ բոլոր առաջնություններում Եվրոպայի չեմպիոն է դարձել ընդամենը 11 հայ բռնցքամարտիկ, որոնք նվաճել են 16 ոսկե մեդալ։ Սակայն մեկ առաջնությունում երկու չեմպիոնից ավելի դեռ չենք ունեցել։ Եվրոպական ձուլվածքի երկուական ոսկե մեդալ Հայաստան է բերվել 1985, 1987, 2008 և 2019 թվականներին։

Կարեն Գիլոյան

Կանխատեսումներից զերծ է մնացել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, որի խոսքով՝ տղաներն սկզբունքորեն փորձելու են կրկնել և հնարավորության դեպքում գերազանցել նախորդ տարիների ցուցանիշը։

Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու մայիսի 22-ին՝ տեղական ժամանակով 20:30-ին, ՄՀՀ-ում։ Մրցումներն սկսվելու են մայիսի 23-ից և ավարտվելու են 7 օր անց։ Մայիսի 30-ին Երևանում անցկացվելու է նաև մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի նիստը։

Հովհաննես Հովսեփյան

Հովհաննես Հովսեփյան 1

եվրոպայի երևանյան առաջնություն

եվրոպայի երևանյան առաջնություն 2

վրոպայի երևանյան առաջնություն 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա