Գերմանական ֆուտբոլի երկնակամարում նշմարվում է հայկական արմատներով նոր պոտենցիալ աստղ։ Սարգիս Ադամյանից բացի ևս մեկ հայ ֆուտբոլիստ է խաղում Բունդեսլիգան ներկայացնող թիմում: Ծանոթացեք Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Մամեդովայի կամ պարզապես՝ Հրանտ Երանոսյանի հետ։ Նա հուլիսի 24-ին մյունխենցիների գլխավոր թիմում նորամուտն է նշել՝ «Այաքսի» դեմ ընկերական խաղում (2:2):
Մամեդովան 2018 թվականից Մյունխենի «Բավարիայի» համակարգում է։ Կարիերան սկսել է «Հանովերի» երիտասարդական թիմում, ապա մեկ տարի եղել է Դորտմունդի «Բորուսիայի» ակադեմիայում։ 2018-ից «մյունխենցիների» Մ19 ֆուտբոլիստ է։
Հրանտ-Լեոնը 18 տարեկան է, խաղում է հարձակողական կիսապաշտպանի դիրքում։ «Բավարիայի» մինչև 19 տարեկանների թիմի հիմնական ֆուտբոլիստ է: Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ 18-ամյա խաղացողը 2020/21 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 4 խաղում աչքի է ընկել 3 գոլով ու 1 գոլային փոխանցմամբ:
Հայազգի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։
View this post on Instagram
Հրանտի ազգանունը ՝ Մամեդովա, ամենայն հավանականությամբ գերմանական անձնագրային բաժնի կատարած սխալի արդյունք է: Կա 2 վարկած ազգանվան հետ կապված. կամ նրա փաստաթղթերի մեջ գրանցել են մոր ազգանունը, որը ռուսական արմատներ ունի, կամ ուղղակի ազգանվան մեջ փոփոխություն են կատարել՝ վիզա տրամադրելու համար։
Transfermarkt-ում և Հրանտի ինստագրամյան էջում Գերմանիայի դրոշի կողքին երևում է Հայաստանինը, ինչը փաստում է ֆուտբոլիստի հայկական արմատների մասին։
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը սիրում է շանս տալ երիտասարդներին և հնարավոր է , որ նրա պլաններում կա Հրանտ-Լեոնին խաղաժամանակ տրամադրելու գաղափարը: