Logo

Հայկ Գալստյան. «Մարզվում եմ «Շտուտգարտի» 1-ին թիմի հետ և կփորձեմ «ստիպել» մարզիչներին ինձ խաղաժամանակ տրամադրել»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.01.2018Հայկական ֆուտբոլ
sdadadasdanew - Հայկ Գալստյան. «Մարզվում եմ «Շտուտգարտի» 1-ին թիմի հետ և կփորձեմ «ստիպել» մարզիչներին ինձ խաղաժամանակ տրամադրել»

Հայկ Գալստյանը հայազգի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է, ով ներկայացնում է գերմանական «Շտուտգարտը» և Հայաստանի Մ-21 հավաքականը:

19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը, չնայած երիտասարդ տարիքին, Գերմանիայում ելույթ ունենալու բավականին փորձ է կուտակել: 2014-2017թթ. ներկայացնելով «Հոֆենհայմը» (Մ-17 և Մ-19 թիմեր) և «Բոխումը» (Մ-19)՝ Գալստյանը նախորդ ամռանը միացել է «Շտուտգարտին», որտեղ հանդիպումների առայժմ մասնակցում է 2-րդ թիմի կազմում: Հայկն այնտեղ ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հայկը, ով մինչ Գերմանիա տեղափոխվելը ֆուտբոլային կրթություն է ստացել Երևանի «Միկայում», VivaroNews.am-ին տված հարցազրույցում ամփոփել է իր առաջին կես տարին «Շտուտգարտում», խոսել Հայաստանի Մ-21 հավաքականի անբավարար ելույթների պատճառների և այլ թեմաների շուրջ:

Նոյեմբերին չմիացաք Հայաստանի երիտասարդական հավաքականին: Արթուր Ոսկանյանը հայտարարել էր, որ ինքներդ եք դիմել բացակայելու խնդրանքով՝ ակումբային գործերը կարգավորելու համար: Այս ժամանակահատվածում լուծվե՞լ են այդ խնդիրները:

-Ցավոք, չկարողացա միանալ հավաքին: Այո՛, մի քանի հարցեր կային իմ թիմում, այդ պատճառով էլ խոսեցի Արթուր Ոսկանյանի հետ, որպեսզի կարողանամ լուծել այդ հարցերը: Հիմա ամեն ինչ լավ է: Մյուս հավաքին պատրաստ կլինեմ 100%-ով, որպեսզի օգնեմ հավաքականին:

Ինչպե՞ս կամփոփեք «Շտուտգարտի» 2-րդ թիմում անցկացրած առաջին կես տարին: Ստացած խաղաժամանակը գոհացնո՞ւմ է:

-Այս 6 ամիսը մի փոքր դժվար անցավ ինձ համար, քանի որ հենց սկզբից, մասնակցելով 1-ին թիմի ուսումնամարզական հավաքին, վնասվածք ստացա և մեկ ամիս չմարզվեցի, բայց ես գոհ եմ իմ ստացած խաղաժամանակից: Կփորձեմ 2-րդ խաղաշրջանում բարելավել և առավելագույն ուժերով օգուտ տալ թե՛ թիմիս, թե՛ հավաքականիս:

Wa8g94l iP4 - Հայկ Գալստյան. «Մարզվում եմ «Շտուտգարտի» 1-ին թիմի հետ և կփորձեմ «ստիպել» մարզիչներին ինձ խաղաժամանակ տրամադրել»

Ի՞նչ հիմնական տարբերություններ եք տեսնում «Շտուտգարտի» և Ձեր նախկին թիմերի՝ «Հոֆենհայմի» ու «Բոխումի» միջև: 

-Իհարկե, բոլոր 3 թիմերն էլ շատ հզոր և ուժեղ են, բայց կառանձնացնեմ «Շտուտգարտին»: Այն տարբերվում է մյուսներից իր պատմությամբ և ընդհանուր որակական առումով:

Գերմանական ակումբների պրոֆեսիոնալիզմի մասին շատ է խոսվում: Նրանց ո՞ր հատկանիշն է, որ, ըստ Ձեզ, այսօր շատ է պակասում հայկական ակումբներին:

-Գերմանական ակումբների միակ տարբերությունն այն է, որ նրանք կենտրոնացած են միայն ֆուտբոլի վրա, հետապնդում են զուտ ֆուտբոլային նպատակներ: Նաև, պայմանների առումով էլ գերազանցում են հայկական ակումբներին:

Ուշադրություն զգո՞ւմ եք «Շտուտգարտի» առաջին թիմի մարզիչների կողմից: Ըստ Ձեզ, ի՞նչ հեռանկարներ ունեք՝ որոշ ժամանակ անց գլխավոր թիմում ելույթներ ունենալու համար:

-Իհարկե, առաջին թիմի մարզիչների հետ միշտ կապի մեջ եմ, քանի որ ես մարզվում եմ 1-ին թիմի հետ: Ինչպես քիչ առաջ նշեցի, 2-րդ խաղաշրջանում կփորձեմ առավելագույն ուժերով մարզվել, որպեսզի նրանց «ստիպեմ» ինձ խաղաժամանակ տրամադրել:

21557694 517302188613068 5444279031619677635 n - Հայկ Գալստյան. «Մարզվում եմ «Շտուտգարտի» 1-ին թիմի հետ և կփորձեմ «ստիպել» մարզիչներին ինձ խաղաժամանակ տրամադրել»

Կարելի՞ է ասել, որ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայում ճանապարհ է բացել հայ ֆուտբոլիստների համար, և այժմ գերմանական թիմերն ավելի մեծ վստահություն ունեն հայ խաղացողների նկատմամբ:

-Այո՛: Հենրիխը մեծ պատմություն է կերտել գերմանական ֆուտբոլում: Հենց նրա շնորհիվ է, որ Գերմանիայում սկսել են բոլոր հայերին ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Անգլիայում առավել մեծ ուշադրություն է դարձվում ֆուտբոլիստի ֆիզիկական որակներին, Իսպանիայում՝ տեխնիկային, Իտալիայում՝ տակտիկական պատրաստվածությանը: Գերմանիայում ինչի՞ վրա է հիմնական շեշտ դրվում, կամ միգուցե այնտեղ այդ ամենի ընդհանրությո՞ւնն է:

-Ճիշտ եք նկատել: Գերմանական ֆուտբոլն այժմ այնքան է զարգացել, որ ֆուտբոլիստը պետք է ամեն ինչի վրա աշխատի: Խաղացողը պետք է ուժեղ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես, թե՛ տակտիկապես:

IMG 0962 - Հայկ Գալստյան. «Մարզվում եմ «Շտուտգարտի» 1-ին թիմի հետ և կփորձեմ «ստիպել» մարզիչներին ինձ խաղաժամանակ տրամադրել»

Երիտասարդական հավաքականի ելույթները 2017թ.-ին գոհացուցիչ չէին: Արդյոք գլխավոր խնդիրն այն է, որ ֆուտբոլիստների մեծամասնությունը Հայաստանի Առաջին խմբում է հանդես գալիս, թե՞ այլ հիմնական պատճառ կա:

-Այդ հարցի շուրջ մեր մարզիչները նույնպես խոսել են, և ես համակարծիք եմ այն մտքին, որ մրցակից թիմերի ֆուտբոլիստները հանդես են գալիս թոփ-առաջնություններում, թոփ-թիմերում, իսկ մեր խաղացողների մեծամասնությունը՝ Հայաստանի առաջնությունում: Դա է միակ խնդիրը: Բայց մի բան կարող եմ վստահեցնել, որ մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ամեն խաղին նվիրվում են 100%-ով:

Հավաքականում շատ են սպասելիքները հատկապես Ձեզնից և Վահան Բիչախչյանից: Դուք Ձեզ համարո՞ւմ եք ֆուտբոլիստ, ով կարող է առաջատարի դեր ստանձնել հավաքականում:

-Միայն կասեմ, որ աշխատում եմ 100%-ով նվիրվել խաղին և արդյունք ցույց տալ: Ֆուտբոլը թիմային խաղ է, և ես կարծում եմ, որ պետք չէ որևէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել և նրան համարել առաջատար:

Հայկ Գալստյան

Երիտասարդականի ֆուտբոլիստներից Էրիկ Վարդանյանը վերջին ընկերական խաղում նշեց նորամուտն ազգային հավաքականում և փայլուն գոլ խփեց: Ե՞րբ կհասունանա այն պահը, երբ Դուք կկրեք ազգային հավաքականի մարզաշապիկը:

-Նախ շնորհավորում եմ Էրիկին փայլուն նորամուտի և գոլի համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա հրավիրողը մարզիչն է, և ամեն ինչ կախված է նրանից: Ես մեծ հաճույքով կսպասեմ հրավերի և առավելագույնս կաշխատեմ ինձ վրա, որպեսզի հայտնվեմ ազգային հավաքականում:

Որո՞նք են Հայկ Գալստյանի առաջնային նպատակները 2018թ.-ի համար:

-Նպատակներն այն են, որ իմ առաջին րոպեներն անցկացնեմ «Շտուտգարտի» գլխավոր թիմում և Հայաստանի ազգային հավաքականում:

Արման Աբելյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա