Logo

Հայկական ակումբները՝ եվրագավաթների մրցաշարերում. ռեկորդային նոր ցուցանիշների ակնկալիքով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:17 / 05.07.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Այսօր Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպումով հայկական ակումբները կսկսեն իրենց ելույթները ֆուտբոլի եվրագավաթների 2022/23թթ. խաղարկությունում: Երկու օր անց մրցասպարեզ դուրս կգան «Արարատն» ու «Ալաշկերտը»՝ անցկացնելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները: Իսկ «Արարատ-Արմենիան» իր ելույթները կսկսի ավելի ուշ՝ մեկնարկի դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում:  

Առաջին փուլի հաղթահարումը «Փյունիկին» լավ հեռանկարներ կընձեռի

«Փյունիկը» երկամյա ընդմիջումից հետո կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս կգա՝ 21-րդ անգամ մեկնարկելով եվրագավաթների մրցաշարերում, ինչը յուրօրինակ ռեկորդ է հայկական ակումբների համար: 

Վերջին անգամ փյունիկցիները եվրագավաթներում հանդես էին եկել 2019/20թթ. խաղարկությունում՝ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ հասնելով մինչև Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ («Շկուպի» Մակեդոնիա՝ 3-3, 2-1, «Յաբլոնեց» Չեխիա՝  2-1, 0-0, «Վուլվերհեմփթոն» Անգլիա՝ 0-4, 0-4): Թիմի համար լավագույն այդ արդյունքը գրանցվել էր նաև 2018/19թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում Անդրեյ Տալալաևի օրոք:

«Փյունիկը» 13-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Վերջին անգամ Չեմպիոնների լիգայում փյունիկցիները հանդես են եկել 2015/16 թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ որակավորման առաջին փուլում հաղթահարելով Սան Մարինոյի «Ֆոլգորեի» արգելքը (2-1, 2-1): Իսկ ահա 2-րդ փուլում «Փյունիկը» զիջեց նորվեգական «Մոլդեին» (0-5, 1-0): Ընդհանուր առմամբ «Փյունիկին» 5 անգամ է հաջողվել հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է հայկական ակումբների համար: 

Կոնֆերենցիաների լիգայի հիմնումով Չեմպիոնների լիգայի մրցաշարում հանդես եկող թիմերին հնարավորություն է ընձեռվել երկարացնելու եվրագավաթներում իրենց մասնակցության ժամկետը: Այդ առումով «Փյունիկի» համար շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելը: Այդ դեպքում Հայաստանի չեմպիոնը նույնիսկ հետագայում անհաջող ելույթների դեպքում նվազագույնը ևս 6 խաղ կանցկացնի (2-ական՝ Չեմպիոնների, Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում)՝ մտնելով Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ ու նաև զգալիորեն կբարելավի ակումբի ֆինանսական վիճակը: Իսկ եթե փյունիկցիներին հաջողվի հաղթահարել նաև Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը, ապա նվազագույնը կապահովի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիրը: 

Ի դեպ, հիշեցնենք, որ «Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը լինելու է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» և Ալբանիայի «Տիրանայի» մրցախաղի հաղթողը: Իսկ անհաջողության դեպքում «Փյունիկը» ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ մրցելով Անդորրայի չեմպիոն «Ինտեր Էսկալդեսի» հետ:

Եվրագավաթներում «Փյունիկն» առաջին անգամ է մրցելու ռումինական թիմերի հետ: Իսկ «Կլուժը» 2-րդ անգամ է մրցավեճի բռնվելու հայկական ակումբների հետ: Հիշեցնենք, որ 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Կլուժը» մեծ առավելությամբ հաղթել էր «Ալաշկերտին»: 2018թ. օգոստոսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում ռումինացիները 2 անպատասխան գնդակ էին խփել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, իսկ մեկ շաբաթ անց սեփական հարկի տակ մրցակցին ջախջախել էին 5-0 հաշվով:

Հետաքրքիր է, որ «Փյունիկի» ներկայիս կազմից Ուրոշ Նենադովիչը մասնակցել էր «Կլուժի» հետ կայացած երկու խաղերին էլ, իսկ Արտակ Դաշյանը խաղադաշտ էր դուրս եկել Ռումինիայում կայացած հանդիպման ժամանակ: 

Կկրկնի՞ «Ալաշկերտն» իր նվաճումը

Հուլիսի 7-ին Մալթայի «Համրուն Սպարտանսի» հետ Երևանում կայանալիք մրցախաղով «Ալաշկերտը» կսկսի իր մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում: Հաջողության դեպքում հաջորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի բոսնիական «Վելեժի» հետ:

«Ալաշկերտը» 8-րդ տարին անընդմեջ հանդես կգա եվրագավաթներում: Առաջին 5 խաղարկություններում ալաշկերտցիներին հաջողվել էր հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ընդ որում 2018/19թթ. խաղարկությունում «Ալաշկերտը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ անհաջողության մատնվելով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, հաղթահարել էր Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը: 

Եվ միայն եվրագավաթների 2020/21թթ. խաղարկությունում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով նախնական փուլերում մրցակիցներն ընդամենը մեկ անգամ մրցեցին միմյանց հետ, «Ալաշկերտին» չհաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով մակեդոնական «Ռենովային»:

Իսկ ահա եվրագավաթների նախորդ խաղարկությունում «Ալաշկերտը» դարձավ հայկական առաջին ակումբը, որին հաջողվեց խմբային փուլում հանդես գալ: Հայաստանի չեմպիոնը եվրագավաթների 2021/22թթ. խաղարկությունը սկսել էր Չեմպիոնների լիգայից՝ որակավորման 1-ին փուլում հաղթահարելով Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» արգելքը (2-2, 1-0): 2-րդ փուլում զիջելով մոլդովական «Շերիֆին» (0-1, 1-3), ալաշկերտցիները պայքարը շարունակեցին Եվրոպա լիգայի 3-րդ փուլում, որտեղ առավելության հասան ղազախական «Կայրաթի» նկատմամբ (0-0, 3-2): Այդ մրցաշարի փլեյ-օֆֆում զիջելով շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»  (0-1, 0-0), «Ալաշկերտը» նոր մրցակարգի համաձայն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց:

Ցավոք, խմբային փուլում ալաշկերտցիները շատ անհաջող հանդես եկան՝ Թել-Ավիվի «Մաքաբիի» (1-4, 1-1), ֆիննական ՀԻԿ-ի (2-4, 0-1) և ավստրիական ԼԱՍԿ-ի (0-3, 0-2) հետ մրցախաղերում վաստակած ընդամենը մեկ միավորով եզրափակելով խմբի մրցաշարային աղյուսակը:

Եվրագավաթների խաղարկություններում երկրորդ անգամ են հատվում Հայաստանի և Մալթայի թիմերի ճանապարհները: Առայժմ միակ մրցավեճը կայացել է 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում «Ուլիսի» և «Բիրկիրկարայի» միջև: Մրցակցի հարկի տակ գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Երևանում «Ուլիսը» պարտվել էր 1-3 հաշվով:

Հայ-մակեդոնական հերթական դիմակայությունն «Արարատի» համար հոբելյանական խաղարկությունում 

Հուլիսի 7-ին Սկոպյեում հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ մրցախաղով «Արարատը» 2-րդ տարին անընդմեջ կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայում: Եթե արարատցիներին ուղեկցի հաջողությունը, ապա հաջորդ փուլում նրանց մրցակիցը կլինի լատվիական «Վալմիերան»: 

Անցյալ տարի «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո կրկին եվրոպական մրցասպարեզ էր  դուրս եկել: Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ արարատցիներն առաջին փուլում հաղթահարել էին հունգարական «Ֆեհերվարի» արգելքը (1-1, 2-0): Հաջորդ փուլում «Արարատը» դուրս էր մնացել հետագա պայքարից՝ զիջելով լեհական «Շլյոնսկին» (2-4, 3-3):

«Արարատի» համար եվրագավաթների ընթացիկ խաղարկությունը հոբելյանական՝ 10-րդն է: 4 անգամ արարատցիներին հաջողվել է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Հայկական թիմերից  «Արարատն» առաջինն էր, որ անկախացումից հետո Հայաստանը ներկայացրեց եվրագավաթներում՝ մասնակցելով 1994/95թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը, որտեղ զիջեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին՝ 0-3, 0-0: 

Կոնֆերենցիաների լիգան «Արարատի» համար եվրագավաթային 4-րդ մրցաշարն է: Նախկինում արարատցիները մասնակցել են Գավաթակիրների գավաթի, ՈՒԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգայի) և Ինտերտոտոյի գավաթի խաղարկություններին:  «Արարատի»  համար առայժմ անհասանելի է Չեմպիոնների լիգան:

«Արարատն» առաջին անգամ է մրցելու մակեդոնական ակումբի հետ: «Շկենդիան» կդառնա մակեդոնական 8-րդ ակումբը, որը եվրագավաթներում մրցավեճի կբռնվի Հայաստանի ներկայացուցչի հետ: Հայկական ակումբները բավական հաջող են խաղացել մակեդոնական թիմերի հետ՝ 5 անգամ հաղթող դուրս գալով նրանց հետ դիմակայությունում: 

Ընդհանուր առմամբ մակեդոնական թիմերի հետ անցկացրած 13 հանդիպումներում հայկական ակումբները տոնել են 7 հաղթանակ, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 2 պարտություն, խփել են 20 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 10 գնդակ:

«Արարատի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից եվրագավաթներում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (21) ամենափորձառուն Հրայր Մկոյանն է: Նա թիմի միակ ֆուտբոլիստն է, որ մասնակցել է 2008թ. Սոլիգորսկի «Շախտյորի» հետ «Արարատի» անցկացրած եվրագավաթային հանդիպումներին: 

Կգերազանցի՞ «Արարատ-Արմենիան» իր լավագույն արդյունքը 

Հայկական թիմերից վերջինը մրցասպարեզ դուրս կգա «Արարատ-Արմենիան», որը պայքարը սկսելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլից: Մրցակիցն առայժմ հայտնի չէ:  Հուլիսի 21-ին ՀՀ չեմպիոնը սեփական հարկի տակ հյուրընկալելու է Թբիլիսիի «Դինամոյի» և էստոնական «Պայդեի» մրցավեճում հաղթած թիմին: Այդ օրն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը կնշի Վարդան Բիչախչյանը:

«Արարատ-Արմենիան» մեկամյա ընդմիջումից հետո կրկին եվրոպական մրցասպարեզ է վերադառնում: Թիմը 3-րդ անգամ մեկնարկի դուրս կգա եվրագավաթներում՝ առաջին անգամ մասնակցելով Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարին:

«Արարատ-Արմենիայի» նորամուտը եվրագավաթներում պարզապես փառահեղ ստացվեց: 2019/20թթ. խաղարկությունում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ելույթները սկսելով Չեմպիոնների լիգայից (ԱԻԿ Շվեդիա՝ 2-1, 1-3), «Արարատ-Արմենիան» դարձավ հայկական առաջին թիմը, որին հաջողվեց հասնել մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ՝ հաղթահարելով Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» (2-0, 2-1) և վրացական «Սաբուրթալոյի» (1-2, 2-0) արգելքները:

Ցավոք, Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ փլեյ-օֆֆում կայացած դիմակայությունում «Արարատ-Արմենիան» չկարողացավ օգտվել Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու հիանալի հնարավորությունից: Երևանյան մրցախաղում ունենալով մեծ առավելություն, Վարդան Մինասյանի սաները հաղթեցին միայն մեկ գնդակի տարբերությամբ (2-1):

Մրցակցի հարկի տակ կայացած պատասխան հանդիպման առաջին խաղակեսը ևս հաջող դասավորվեց «Արարատ-Արմենիայի» համար: Արդեն 21-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն կարող էր բացել հաշիվը, սակայն չիրացրեց 11մ հարվածը: Ինչպես պարզվեց հետագայում, այդ վրիպումը ճակատագրական եղավ թիմի համար: Այնուամենայնիվ, 3 րոպե անց Մաիլսոն Լիման խոցեց մրցակցի դարպասը: Սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը 2 անգամ գրավեցին Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում էլ ավելի դիպուկ գտնվելով, «Արարատ-Արմենիային» զրկեցին բաղձալի ուղեգրից:

Եվրագավաթների հաջորդ խաղարկությունում էլ «Արարատ-Արմենիան» կրկնեց իր լավագույն արդյունքը՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիրը զիջելով սերբական «Ցրվենա Զվեզդային», որին Երևանում պարտվեց 1-2 հաշվով:

Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր

Եվրոպական գավաթների մրցաշարերի մասնակցության 28-ամյա պատմության մեջ հայկական ակումբների համար ամենահաջողը նախորդ մրցաշրջանն էր, որում առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ եվրագավաթների խմբային փուլում: Դրա շնորհիվ հայկական 4 ակումբներն ընդհանուր առմամբ եվրագավաթների 2021/22թթ. խաղարկությունում առավել շատ՝ 22 խաղ անցկացրին: Ճիշտ է, արդյունքը գոհացուցիչ չէ, քանի որ ընդամենը 18 միավոր վաստակեցին՝ տոնելով 4 հաղթանակ, 6 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 12 պարտություն, խփեցին 20 գոլ, բաց թողեցին 39 գնդակ:

Վաստակած միավորների քանակով լավագույնը եվրագավաթների 2019/20թթ. խաղարկությունն էր, որում հայկական 4 ակումբները միասին անցկացրած 20 հանդիպումներում 32 միավոր էին վաստակել՝ տոնելով առավելագույն հաղթանակներ (10), 2 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 8 պարտություն, խփելով ռեկորդային թվով գոլեր (29), բաց թողելով 37 գոլ:

Բոլորից արդյունավետ գործեց «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն, որը 4 գնդակով կրկնեց եվրագավաթների մեկ խաղարկությունում «Բանանցի» ռմբարկու Արամ Հակոբյանի 2005թ. գրանցած ռեկորդային ցուցանիշը: Եվրագավաթների նախորդ խաղարկությունում էլ նման արդյունք ցույց տվեց ալաշկերտցի Ժոզե Էմբալուն:

Արդյունավետության ռեկորդը կարող է վերջապես գերազանցվել

Թեև առանձին հաջողություններին, եվրագավաթներում հայկական ակումբների ելույթների ընդհանուր վիճակագրությունը դեռ բավական տխուր է: Անցկացրած 281 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները տոնել են ընդամենը 58 հաղթանակ, 48 խաղ ավարտել են ոչ-ոքի, 175-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 217 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 528 գնդակ: 

Հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը ֆիննական ԿուՊՍ-ի ֆուտբոլիստ Անտոն Պոպովիչն էր, որը Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության որակավորման առաջին փուլում «Նոայի» հետ մրցավեճում գրավել էր սեփական դարպասը: 

Քանի որ եվրագավաթներում հայկական ակումբների ընդհանուր արդյունավետությունը բարձր չէ, ուստի ցածր են նաև ռմբարկուների ցուցանիշները: Մինչև եվրագավաթների 2020/21թթ. խաղարկության մեկնարկը բոլորից արդյունավետ էր գործել նախկին շիրակցի Արարատ Հարությունյանը` խփելով ընդամենը 5 գոլ: Նրա արդյունքը կրկնելու համար 18 տարի պահանջվեց: 3 անգամ գրավելով մրցակիցների դարպասը, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիման իր գոլերի քանակը հասցրեց 5-ի՝ հավասարվելով Հարությունյանին:

Այնպես որ Մաիլսոն Լիման հիանալի հնարավորություն ունի գերազանցելու Արարատ Հարությունյանի արդյունավետության ռեկորդը և դառնալու եվրագավաթներում լավագույն ռմբարկուն:

Եվրագավաթների նոր խաղարկությանը մասնակցող մեր 4 թիմերի ֆուտբոլիստներից լավագույն ռմբարկուի տիտղոսի համար պայքարին մասնակցելու լավ հնարավորություններ ունեն նաև փյունիկցի Ուրոշ Նենադովիչը (4 գոլ) և 3-ական գոլի հեղինակ դարձած ալաշկերտցի Ֆոֆանա Բեկոն ու «Արարատի» նորեկ Ալեքսանդր Գլիշիչը: Իհարկե, չի բացառվում, որ բոլորովին մեկ այլ ֆուտբոլիստ աչքի ընկնի իր արդունավետությամբ, ինչը ևս շատ հաճելի կլինի:

Եվրագավաթներում խփած 217 գոլերի հեղինակներ են դարձել մեր թիմերի 133 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակից թիմերի 3 խաղացողներ՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

Արտակ Գրիգորյանը կբարելավի իր ռեկորդային ցուցանիշը

Եթե Արարատ Հարությունյանի և Մաիլսոն Լիմայի արդյունավետության ռեկորդը վտանգված է, ապա եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով (42) Արտակ Գրիգորյանի ռեկորդային ցուցանիշին ոչինչ չի սպառնում: Գրիգորյանի մոտակա հետապնդողները նրա թիմակիցներ Տարոն Ոսկանյանն (36 խաղ) ու Արտակ Եդիգարյանն են (34 խաղ): 

Այնպես որ Արտակը կարող է այդ առումով հանգիստ լինել ու բարելավել ռեկորդային իր ցուցանիշը: Նա կարող է դառնալ հայկական թիմերի առաջին ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում 50 խաղ կանցկացնի: Իհարկե, նման ցուցանիշին հասնելն անչափ դժվար կլինի, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի «Ալաշկերտը» նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճի:

«Ալաշկերտի» ավագին եվրագավաթների նախորդ խաղարկությունում վերջապես հաջողվել էր զգալիորեն գերազանցել Աղվան Մկրտչյանի ռեկորդը, որը մինչ այդ եվրագավաթներում 32 խաղի էր մասնակցել:

Աբրահամ Խաշմանյանի և Գևորգ Կասպարովի ռեկորդները վտանգված են

Քանի որ խոսք գնաց ռեկորդներից, նշենք ևս մի քանիսը, որոնք կարող են բարելավվել եվրագավաթների 2022/23թթ. խաղարկությունում:

Ուշադրության կենտրոնում առաջին հերթին կլինի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, որը կարող է միանգամից ռեկորդային 2 ցուցանիշ գրանցել՝ գերազանցելով Աբրահամ Խաշմանյանին պատկանող ռեկորդները: Խաշմանյանի սաները եվրագավաթներում տոնել են բոլորից շատ հաղթանակ (7) և վաստակել են առավելագույն քանակի միավորներ (25):  

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակն» ու «Արարատը» եվրագավաթներում ընդհանուր առմամբ 5 հաղթանակ են տոնել, վաստակել են 22 միավոր:

Եվրագավաթների նախորդ խաղարկությունում Բիչախչյանին հաջողվել էր 2 ռեկորդի հեղինակ դառնալ: Նրա գլխավորությամբ «Շիրակն» ու «Արարատը» եվրագավաթներում ընդհանուր առմամբ 24 խաղ են անցկացրել: Նախկին ռեկորդը պատկանում էր Վարդան Մինասյանին, որի գլխավորած թիմերը բոլորից շատ՝ 20 խաղ էին անցկացրել եվրագավաթներում: Բիչախչյանին հաջողվել էր նաև 5-րդ անգամ իր սաներին հաջորդ փուլի ուղեգիր պարգևել՝ գերազանցելով Աբրահամ Խաշմանյանի ռեկորդային ցուցանիշը (4 անգամ):

Նշենք մարզչական ևս մեկ նվաճման մասին, որը գերազանցելը մեծ ջանքեր կպահանջեն: Անդրեյ Տալալաևին, Ալեքսանդր Տարխանովին, Վարդան Մինասյանին, Դավիդ Կամպանյային և Ալեքսանդր Գրիգորյանին մեկական անգամ հաջողվել է իրենց սաների հետ եվրագավաթների մեկ խաղարկությունում միանգամից երկու փուլի արգելք հաղթահարել:  

Ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչն էլ կարող է դառնալ եվրագավաթներում հայկական ակումբների կազմում բոլորից շատ խաղ անցկացրած դարպասապահը՝ գերազանցելով Գևորգ Կասպարովի ցուցանիշը: Առայժմ Չանչարևիչը Կասպարովի հետ 21 խաղով այդ ռեկորդի համահեղինակն է:

Հաջողություն մաղթելով հայկական ակումբներին եվրագավաթների նոր խաղարկությունում՝ VNews-ը ներկայացնում է մեր թիմերի ցուցանիշները եվրպական գավաթների մրցաշարերում:

Թիմեր

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

%

1. «Փյունիկ»

60

17

12

31

57-106

63

35

2. «Ալաշկերտ»

37

10

9

18

33-58

39

35,1

3. «Շիրակ»

39

6

9

24

27-68

27

23

4. «Արարատ-Արմենիա»

12

7

0

5

19-16

21

58,3

5. «Արարատ»

26

5

4

17

23-50

19

24,3

6. «Միկա»

26

3

8

15

14-39

17

21,7

7. «Ուրարտու»

30

4

3

23

18-66

15

16,6

8. «Կոտայք»

4

2

0

2

4-8

6

50

9. «Գանձասար Կապան»

12

2

0

10

8-27

6

16,6

10. «Զվարթնոց»

2

1

0

1

3-6

3

50

11. «Նոա»

3

1

0

2

2-9

3

33,3

12. «Ուլիս»

8

0

2

6

1-11

2

8,3

13. «Էրեբունի-ՀՄՄ»

2

0

1

1

1-7

1

16,6

14. «Կիլիկիա»

2

0

0

2

1-8

0

0

15. «Լեռնագործ» Երևան

2

0

0

2

1-9

0

0

16. «Սպարտակ»

4

0

0

4

0-8

0

0

17. «Ցեմենտ»

6

0

0

6

3-15

0

0

18. «Երևան»

6

0

0

6

2-17

0

0

 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա