Logo

Հայկական ֆուտբոլում VAR համակարգի ներդրումը վստահվել է անգլիական Hawk eye ընկերությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:15 / 20.01.2022ՍՊՈՐՏ
VAR համակարգ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մի քանի ամսվա բանակցությունների արդյունքում որոշվել է հայրենի ֆուտբոլում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարը։

Այդ աշխատանքը, ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, վստահվել է անգլիական Hawk eye ընկերությանը:

Հաղորդագրությունում նշվում է, որ համակարգի ներդրման գործընթացը վերահսկելու են ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետները։ Ուսումնական պարապմունքներն անցկացնելու են նշված ընկերության մասնագետները Ռուսաստանից, ինչպես նաև VAR-ի հրահանգիչներ այլ երկրներից:

ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. բոլոր խաղերն սպասարկվելու են ընդհանուր կենտրոնից։ Հանրապետական ֆեդերացիան ֆուտբոլային հանրությանը տեղեկացրել է նաև, որ հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգի օգնությանը կարող է դիմել միայն այն դեպքերում, երբ առկա է մրցավարական պարզ կամ ակնհայտ սխալ կամ էլ գլխավոր մրցավարի կողմից անտեսված միջադեպ: Առանձնացված է համակարգին դիմելու միայն 4 դեպք՝ գոլի արձանագրում, 11-մետրանոցի ճշտում, խաղացողին միանգամից կարմիր քարտ ցույց տալու որոշում և դրվագի սխալ նույնականացում (օրինակ՝ երբ մրցավարը սխալմամբ պատժում է խախտում չկատարած ֆուտբոլիստին):

Միաժամանակ, ՀՖՖ-ն հիշեցնում է, որ ցանկացած պարագայում VAR-ն ունի միայն խորհրդատվական նշանակություն։ Վերջնական որոշումը մնում է գլխավոր մրցավարի հայեցողությանը։ Հայկական ֆուտբոլում VAR համակարգը նախատեսվում է ներդնել՝ 2022/23 թվականների մրցաշրջանից սկսած:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա