Ֆուտբոլում երկրպագուների թիվն անընդհատ աճում է, բայց երբ հարկավոր է կոնկրետ թիմի կամ մրցաշարի երկրպագուների թիվը ներկայացնել, առաջանում են լուրջ խնդիրներ:
Հայաստանում չափման միավորները էլ ավելի քիչ են, քանի որ շատ ստադիոներում մուտքն ազատ է, իսկ երկրպագուների թիվը հաշվում են աչքաչափով: 2020/21 մրցաշրջանում դա էլ արդեն բարդացավ, քանի որ կորոնավիրուսի պատճառով շատ հանդիպումներում երկրպագուների ներկայությունն արգելված էր կամ սահմանափակ էր:
Դիտորդների քանակի չափման մի քանի գործիքից ամենահստակը հեռարձակումների դիտումների հաշվարկն է: Սակայն մեր առաջնության դեպքում սա էլ բավարար չէ ամբողջական պատկերին տիրապետելու համար, քանի որ համացանցային հեռարձակմանը զուհագեռ լինում է նաև հեռուստատեսայինը, որի տվյալները մեր ձեռքի տակ չկան: Փոխարենը, ունենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի յութուբյան ալիքով հեռարձակված խաղերի դիտումների թիվը: Այն ինչ-որ չափով թույլ է տալիս պատկերացում կազմել խաղերի նկատմամբ հետաքրքրության մասին:
VNews.am-ը ներկայացնում է 2020/21 մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաշատը դիտված 5 հանդիպումները։
5. «Արարատ» 0:1 «Ալաշկերտ »՝ 19 321 դիտում
Չեմպիոնության համար որոշիչ նշանակություն ունեցող խաղը կայացավ մայիսի 25-ին: 3-րդ տուրից հետաձգված հանդիպումը կարող էր չեմպիոնական պայքարում միանգամից 5 թիմի թողնել, ինչպես նաև նրանցից 3-ին զրկել այդ հնարավորությունից: Արդյունքում, Դավիդ Դավիդյանի գեղեցիկ անցումից ու փոխանցումից հետո Վենսան Բեզեկուրը հաղթական գոլ խփեց (1:0) և Ալեքսանդր Գրիգորյանի նոր թիմին դարձրեց չեմպիոնության ֆավորիտ: 3 օր անց «Ալաշկերտը» նվաճեց տիտղոսը:
Հանդիպումն ամբողջությամբ՝ այստեղ:
4. «Լոռի» 0:1 «Վան»՝ 22 180 դիտում
Եթե նախորդ մրցաշրջանում թոփ-5 ամենադիտված խաղերից 4-ում «Շիրակի» հանդիպումներն էին, ապա 2020/21-ում լավագույնների շարք ներխուժեց մարզային այլ ակումբ՝ «Վանը»: Չարենցավանցիների երեք խաղ թոփ-5-ում է: Այդ ակումբն առանձնանում է տնային հանդիպումներին մեծաթիվ երկրպագուներով, որոնցից շատերը էկրանների առջև դիտում էին արտագնա խաղերը: Դրանցից մեկը «Լոռիի» հետ էր, որն էլ վանաձորցիների սիրելի թիմն էր: Սեպտեմբերի 15-ին կայացած այդ հանդիպումը դարձավ մրցաշրջանում ամենադիտված մարզային դերբին: Այն նաև դրամատիկ ավարտ ունեցավ: Միակ գոլը խաղավերջում խփեց Էդգար Մովսեսյանը:
Հանդիպումն ամբողջությամբ այստեղ:
3. «Վան» 1:1 «Արարատ»՝ 24 478 դիտում
«Արարատը» պատմականորեն հայերի սիրելի թիմն է: Երբ մեկ տարի առաջ ակումբում լուրջ փոփոխություններ կատարվեցին, և թիմը լուրջ համալրում ստացավ Գյումրիից, նրա խաղերին հետևողների թիվը նույնպես կտրուկ աճեց: «Արարատի» երեք խաղ հայտնվեց թոփ 5-ում:
Մեր ընտրանին
-
5 ամենադիտված խաղերը Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունում
-
Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով
-
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը
Զարմանալի չէ, որ այդ խաղերից մեկը «Վանի» դեմ էր: Հանդիպումը կայացել է Չարենացավանում՝ մայիսի 5-ին՝ գավաթի եզրափակիչից 10 օր առաջ: Այդ ժամանակ «Արարատը», որը VBET Պրեմիեր լիգայի չեմպիոնության հիմնական ֆավորիտներից էր, «երկու կես էր լինում» ուժերը խնայելու, եզրափակիչին նախապատրաստվելու ու 28 տարի անց երկրի չեմպիոնի կոչումը նվաճելու միջև: Խաղն էլ այդպիսին ստացվեց: «Արարատն» բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, բայց վերջին պահին վճռականությունը չբավարարեց, մարզական բախտն էլ նրանցից երես էր թեքել: Արդյունքում, Վարդան Բիչախչյանի թիմը կարևոր 2 միավոր կորցրեց, որը հետագայում ազդեց չեմպիոնական պայքարի վրա:
Հանդիպումն ամբողջությամբ՝ այստեղ:
2. «Արարատ-Արմենիա» 0:0 «Նոա»՝ 30 973 դիտում
Այժմ հասանք դիտումների թվով մեծապես մյուսներից տարբերվող թոփ-2-ին: «Արծաթե մեդալը» ստացել է մրցավեճ, որն ավարտվել է 0:0 հաշվով: 2019/20 մրցաշրջանի չեմպիոնի ու գավաթակրի միջև խաղերը հասցրել էր այնքան յուրահատուկ դիմակայության համբավ ստանալ (հատկապես գավաթի փառահեղ եզրափակիչից հետո), որ նրա ազդեցությունը երևաց նաև ավարտված մրցաշրջանում:
Ուշագրավ է, որ այս մրցավեճը կայացավ մեր ցանկում 3-րդ տեղը գրաված «Վան» – «Արարատ» հանդիպման հաջորդ օրը: Այդ երկու օրը Հայաստանում ֆուտբոլը թնդացել է: Փորձեք հիշել, թե այդ օրն ինչով եք զբաղվել: Ամենայն հավանականությամբ, հայկական ֆուտբոլ եք դիտել:
Հանդիպումն ամբողջությամբ՝ այստեղ:
1. «Արարատ» 0:0 «Վան»՝ 33 266 դիտում
Տրամաբանության թելով շարժվելով և հայկական ֆուտբոլի խաղացանկը ուսումնասիրելով՝ հեշտ է հասկանալ, որ առաջին տեղում հենց այս հանդիպումն է: Հայաստանում ֆուտբոլն ամենաշատը կարոտում են ձմռանը, քանի որ ակումբները 3 ամիս արձակուրդում են լինում: Նրանց վերադարձի խաղերը միշտ մեծ աժիոտաժ են առաջացնում:
Մյուս ֆավորիտը վերջին՝ 28-րդ տուրի չեմպիոնական խաղն էր թվում, բայց այդ օրը միաժամանակ այդպիսի երկու հանդիպում կար, այնպես որ նրանք միմյանցից «խլեցին» դիտումները:
Զարմանալիորեն թոփ-2 տեղերում 0:0 հաշվով ավարտված հանդիպումներ են, բայց երկրպագուները դրանք դիտելուց առաջ չգիտեին այդ մասին:
Հանդիպումն ամբողջությամբ՝ այստեղ
Այսպիսով, «Արարատ» – «Վան» խաղը 33 266 դիտում ունեցավ, ինչն առավել քան 2 հազարով ավելի է, քան նախորդ մրցաշրջանի ամենադիտված հանդիպումը՝ «Նոա» 1:1 «Արարատ-Արմենիա»:
2019/20 առաջնության թոփ-5 խաղերը միջինում դիտում էր 24 999 երկրպագու: 2020/21 VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում այդ ցուցանիշը կազմում է 26 043, և հույս ունենանք, որ դեռ նոր-նոր է սկսում իր աճը։
Բոնուս
Գավաթային մրցաշարում թվերը ու լավագույն հնգյակի դասավորվածությունը շատ ավելի համեստ են ու խիտ: Առաջին ու հինգերորդ տեղերին բաժանում են ընդամենը 2 300 դիտում: Բնականաբար, առաջին տեղը գրավել է եզրափակիչը, որը սակայն VBET Պրեմիեր լիգայի հաշվարկում չէր լինի նույնիսկ թոփ-10-ում:
Ներկայացնում ենք VBET Հայաստանի գավաթի թոփ-5 ամենադիտված խաղերի ցանկը.
5. «Նոա» 1:3 «Ալաշկերտ»՝ 12 083 դիտում (կիսաեզրափակիչ)
4. «Արարատ» 2:0 «Արարատ-Արմենիա »՝ 12 832 դիտում (կիսաեզրափակիչ)
3. «Արարատ-Արմենիա» 1:1 (11մ 4:3) «Վան»՝ 13 130 դիտում (քառորդ եզրափակիչ)
2. «Նորավանք» 0:2 «Վան»՝ 13 910 դիտում (1/8 եզրափակիչ)
1. «Ալաշկերտ» 1:3 «Արարատ»՝ 14 414 դիտում (եզրափակիչ):
Գավաթային ամենադիտված 5 խաղերի միջին դիտումների թիվը կազմել է 13 273: Այն գրեթե երկու անգամ զիջում է VBET Պրեմիեր լիգայի թոփ խաղերի միջին հաշվարկով դիտումներին:
Առջևում եվրագավաթային շրջանն է, որի ժամանակ խաղերի դիտումները հասնում են հնարավոր ամենաբարձր նիշերին։