Logo

«Հայկական Մոդրիչը» մոտ օրերս կսկսի իր կարիերան Սլովակիայում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.03.2018Հայկական ֆուտբոլ
Hovhannes Harutyunyan vs Nedim Bajrami ARmenia U19 vs Switzerland U19 - «Հայկական Մոդրիչը» մոտ օրերս կսկսի իր կարիերան Սլովակիայում

Հովհաննես Հարությունյանը հայ ամենաօժտված կիսապաշտպաններից մեկն է: Պատահական չէ, որ շատ մասնագետներ և երկրպագուներ նրա խաղաոճը նմանեցնում են խորվաթ հանրահայտ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղային հմտություններին: Հայ կիսապաշտպանը կարողանում է կառավարել այդ գոտին: Ստացվում են թե՛ կարճ, թե՛ երկար տարածության փոխանցումները: Նա ունակ է «կարդալու» խաղը, իսկական թիմային ֆուտբոլիստ է:

Մայիսի 25-ին 19-ամյակը բոլորող Հովհաննեսն առավել հայտնի է «Փյունիկում» իր ելույթներով, իսկ այս մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ավան Ակադեմիայում» (ներկայիս «Արարատ Մոսկվա»): Հայաստանի Մ-19 հավաքականի ավագն է, պարբերաբար հրավիրվում է նաև երիտասարդական ընտրանի:

Հարությունյանն այս տարեսկզբին պայմանագիր է կնքել Սլովակիայի Բարձրագույն խումբը ներկայացնող Միխայլովիցեի «Զեմպլին» ակումբի հետ: Այդ երկրում այժմ առանձին պայքար են մղում առաջնության ընթացքում 1-6-րդ և 7-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերը: «Զեմպլինը» 2-րդ շարքում է և այս պահին 2-րդ լավագույն արդյունքն ունի:

Հարությունյանը VivaroNews.am-ին տված հարցազրույցում նշել է, որ առայժմ չի միացել սլովակական ակումբին:

-Աշխատանքային վիզայի հետ կապված մի փոքր խնդիրներ եղան: Մոտ օրերս արդեն կմիանամ թիմին:

Ինչպե՞ս կայացավ տեղափոխությունն այս ակումբ:

-Legal Sport գործակալությունը, որի հաճախորդն եմ, մի քանի տարբերակներ ուներ եվրոպական երկրներից, այդ թվում նաև Սլովակիայից: Որոշեցինք, որ կարիերաս շարունակեմ հենց «Զեմպլինում»:

28056668 2077969715776768 1195214135038702977 n - «Հայկական Մոդրիչը» մոտ օրերս կսկսի իր կարիերան Սլովակիայում

Այնտեղ միանգամից հանդես եք գալու առաջի՞ն թիմում, թե՞ դեռ կխաղաք երկրորդ թիմում:

-Սկզբում կմիանամ Մ-19 թիմին մարզավիճակ հավաքելու նպատակով: Այնտեղ մի քանի հանդիպման կմասնակցեմ, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե երբ կմիանամ առաջին թիմին:

Մինչ այս հետևե՞լ եք Սլովակիայի առաջնությանը: Եթե այո, ապա որո՞նք են հիմնական տարբերությունները Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններից:

-Այո՛, հետևել եմ: Սլովակիայում հանդիպումների տեմպն ավելի բարձր է: Այնտեղ թիմերն ավելի արագ ֆուտբոլ են խաղում, քան Հայաստանում:

Հարությունյանի 2 գոլերը տուգանայինից «Փյունիկի» կազմում «Արարատի» դեմ խաղում

Սլովակիան լավ երկիր է համարվում երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման համար: Ինչքանո՞վ է կարևոր եղել այդ գործոնը նոր թիմն ընտրելու հարցում:

-Ընտրեցինք Սլովակիան, քանի որ հետագայում շատ մեծ է հնարավորությունն այստեղից ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվելու համար: Այստեղ կան թե՛ երիտասարդ, և թե՛ փորձառու շատ լավ ֆուտբոլիստներ, որոնց դեմ խաղալով շատ բան կսովորեմ:

Տեխնիկապես շատ լավ եք պատրաստված: Ֆուտբոլային որոշ մասնագետներ Ձեր խաղաոճը նմանեցնում են Լուկա Մոդրիչի ցուցադրած խաղի հետ: Դուք որևէ նմանություն տեսնո՞ւմ եք:

-Շատ հաճելի է լսել, որ նմանություն կա թոփ-մակարդակի ֆուտբոլիստի հետ: Այո՛, ինչ-որ չափով ես էլ տեսնում եմ նմանություն:

Hovhannes Harutyunyan Armenia Under 19 vs Switzerland Under 19 - «Հայկական Մոդրիչը» մոտ օրերս կսկսի իր կարիերան Սլովակիայում

Ո՞վ է ժամանակակից ֆուտբոլում այն կիսապաշտպանը, ում ելույթներով հիանում եք և սովորում նրանից:

-Միանշանակ Հենրիխ Մխիթարյանը: Դիտելով նրա մասնակցությամբ հանդիպումները՝ ամեն անգամ նոր բաներ եմ սովորում:

Սլովակիայում է հանդես գալիս նաև Մ-19 և Մ-21 հավաքականներում Ձեր թիմակից Վահան Բիչախչյանը: Տեղափոխությունից առաջ և հետո զրուցե՞լ եք նրա հետ: Եթե այո, ապա ի՞նչ տեղեկություններ է տրամադրել նա:

-Մենք Վահանի հետ ոչ միայն խաղընկերներ ենք, այլև լավ ընկերներ: Թե՛ տեղափոխվելուց առաջ, թե՛ հետո զրուցել եմ նրա հետ: Վահանը տրամադրել է տեղեկություններ Սլովակիայի ֆուտբոլի մասին, որոնք ինձ շատ կօգնեն:

Արման Աբելյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա