Logo

Տնային Եվրոպայի առաջնությունից մինչև բասկետբոլի հավաքականի վերադարձ. Ինչ կբերի իր հետ 2022-ը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
17:31 / 14.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Sport events 2022

2022-ն առավել քան սպորտային խորհրդանշական մեկնարկ ու ավարտ է ունենալու. փետրվարին սկսվելու են ձմեռային Օլիմպիական խաղերը, իսկ տարին դեկտեմբերին եզրափակելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ճիշտ է՝ վերջինին Հայաստանի դրոշը չի ծածանվելու, սակայն առանց դրա էլ 2022-ին կան ամսաթվեր, որոնք պետք է շրջանակի մեջ առնել, կան նոր մարտահրավերներ. չէ՞ որ մուտք ենք գործում Օլիմպիական խաղերի նոր ցիկլ ու հիմա վարուցանքի և բարեփոխումների հերթն է:

VNews.am-ը ներկայացնում է հայկական մարզական աշխարհի կարևորագույն իրադարձություններն ու օրերը, զուգահեռաբար կանդրադառնանք նաև հայկական սպորտի խնդիրներին ու նոր մարտահրավերներին:

ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Պեկին, Չինաստան

Փետրվար 4-20

Գաղտնիք չէ, որ ձմեռային սպորտաձևերն առանձնապես զարգացած չեն Հայաստանում, ու ձմեռային Օլիմպիական խաղերում մենք երբևէ մեծ ու նշանակալի մասնակցություն չենք ունեցել: Սակայն ուրախալի է, որ չնայած բոլոր փորձություններին՝ 16 տարի անց առաջին անգամ ներկայացուցիչներ կունենանք գեղասահքում: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը սեպտեմբերին Գերմանիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում գրավել էր չորրորդ տեղը ու այդպես նվաճել Պեկինի խաղերի ուղեգիր: Հայաստանից վերջին անգամ այս մարզաձևից ներկայացուցիչները ևս պարային էին՝ Վազգեն Ազրոյան-Անաստասիա Գրեբյոնկինա զույգը: Նրանք գրավեցին 20-րդ տեղը: 

Վազգեն Ազրոյան-Անաստասիա Գրեբյոնկինա

Ավելորդ է նշել, որ Պեկինում մեր պարային զույգը մեդալի հավակնորդ չի լինելու, թեև կարող է ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել: Վերջերս Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը գեղասահքի «challenger» շարքի Budapest Trophy մրցաշարում նվաճեց հաղթողի կոչումը։ Կարճ և ազատ ծրագրում նրանք ընդհանուր հավաքել են 81,05 միավոր, որը նրանց լավագույն արդյունքն է: Առաջիկա Եվրոպայի առաջնությունը հերթական քննությունը կլինի Թինայի ու Սիմոնի համար մինչև Օլիմպիական խաղերը:

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

Եվրոպայի առաջնություն

Երևան, Հայաստան

Մայիսի 21-31

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ջանքերով վերջապես Հայաստանը կընդունի խոշոր մրցաշար, որի նմանը չի եղել նույնիսկ Խորհրդային Հայաստանում: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում բարեփոխումներ են սկսվել վերջին տարիների աղմկոտ բացահայտումներից հետո: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովի՝ Հայաստան կատարած այցից հետո պարզ դարձավ, որ բանակցությունները տվել են դրական արդյունք. AIBA-ում 9 քվեարկողից 7-ը ձայնը տվել է մեզ, ու արդեն մի քանի ամսից մայրցամաքի ուժեղագույն մարզիկները հավաքվելու են մեկ հարկի տակ Մարզահամերգային համալիրում: Մեզ հետ զրույցում Գիլոյանը նշեց, որ Հայաստանը ունի թե՛ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, թե՛ մյուս բոլոր պայմանները՝ նման մասշտաբի մրցաշարը պատշաճ կերպով անցկացնելու համար: Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ գործող հատուկ հանձնաժողովը հենց այդ առաքելությունն ունի. չէ՞ որ Երևան են ժամանելու 45 երկրի շուրջ 300 բռնցքամարտիկ: 

Բռնցքամարտ

Հույս ունենք, որ տնային առաջնությունում կունենանք չեմպիոններ ու առնվազն մի քանի մեդալակիրներ: Սա ոչ միայն նոր կայծ կդառնա հայկական բռնցքամարտի համար, այլև հստակ ուղերձ ու ամուր հիմք կլինի՝ հետագայում ավելի մեծ մասշտաբի մրցաշարեր ընդունելու համար:

ԲԱՍԿԵՏԲՈԼ

Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն

Հունիսի 28-հուլիսի 5

Վիճակահանությունից 3 տարի անց՝ այս տարի, վերջապես կկայանա բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, ու ուղիղ 4 տարվա ընդմիջումից հետո նորից կտեսնենք Հայաստանի հավաքականին գործի մեջ: Իսկ հանդիպումներն առավել քան հետաքրքրաշարժ են լինելու. մենք ընդգրկված ենք B ենթախմբում, որտեղ մրցելու ենք Իռլանդիայի, Անդորրայի և Ադրբեջանի հավաքականների հետ: Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը խոստացավ, որ մեր ընտրանին մի լավ ջարդ է տալու ադրբեջանցիներին: Նա նաև հայտնեց, որ մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. հայ մասնագետի հետ բանակցությունները մոտենում են ավարտին, ու սրա մասին շատ շուտով պաշտոնապես կհայտարարվի: Բացի դրանից, մեր հավաքականին միանալու ցանկություն են հայտնել այստեղ ու արտերկրյա թոփ առաջնություններում հանդես եկող բասկետբոլիստներ, ինչպես, օրինակ, NBA-ի G League-ում խաղացող Գարի Չիվիչյանը, Եվրալիգայում փայլող Սթիվեն Ինոկը, որը, ի դեպ, հնարավոր է, տեղափոխվի NBA, ինչպես նաև Զաք Դավիդյանն ու Մեթյու Մադոյանը: Միևնույն ժամանակ մեր տեղական առաջնություններում հանդես եկող բասկետբոլիստները հսկայական աճ են գրանցել, ու այստեղից նույնպես հրավերներ են լինելու: 

Բասկետբոլ թիմ

Հայ երկրպագուների համար ևս մեկ ուրախալի նորություն կա. ամռանը՝ մինչև փոքր երկրների Եվրոպայի առաջնության մեկնելը, ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանում կկազմակերպվի մրցաշար, որին կհավիրվեն 3 հավաքականներ, ու մեր ընտրանին նոր մարզչի գլխավորությամբ ուժերը փորձարկելու և հայ բասկետբոլասեր հանրությանը մեծ տոն պարգևելու հնարավորություն կստանա: Ըստ Պողոսյանի՝ այդ մրցաշարը կանցկացվի Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որը ամբողջությամբ կհամապատասխանի միջազգային ստանդարտներին ու կկարողանա ընդունել 8000 հանդիսական:

Բացի դրանից, Եվրոպայի տարբեր դիվիզիոնների առաջնություներին կմասնակցեն նաև մեր տարիքային մյուս հավաքականները, այդ թվում՝ աղջիկների ընտրանին: Այնպես որ, տարին հագեցած է լինելու նաև բասկետբոլում:

ԸՄԲՇԱՄԱՐՏ

Եվրոպայի առաջնություն

Հունգարիա, Բուդապեշտ

Մարտի 28-03

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշար

Մայիսի 19-22

Երևան, Հայաստան

Աշխարհի առաջնություն

Սերբիա, Բելգրադ

Սեպտեմբերի 10-18

Հայաստանի առաջնություններից հետո հայ ըմբիշներն արդեն սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին ծաղկաձորյան ավանդական ուսումնամարզական հավաքով:  Օլիմպիական նոր ցիկլը նշանակում է, որ առաջիկա տարիներին պետք է շանս ստանան երիտասարդ ըմբիշները, որպեսզի քառամյակի հաջորդ կարևորագույն օրերին ավելի մեծ մասնակցություն ունենանք նաև մեդալային առումով: Ըմբշամարտը մեր հենակետային մարզաձևն է, ու բնական է, որ պահանջներն ու ակնկալիքներն ըմբիշներից ու մարզիչներից շատ ավելի մեծ են: Հիմա հպարտությամբ նույնը կարող ենք ասել նաև ազատ ոճայինների մասին:

Ըմբշամարտ 2022

Նրանց հաջողությունները երիտասարդական առաջնություններում ու ոչ միայն ստիպում են պնդել, որ այս սերունդն անկախ Հայաստանի պատմության ուժեղագույնն է: Եթե նախկինում մեր ըմբիշներն անփառունակ պարտություններ էին կրում նախնական փուլերում, մերոնց սփոփում էին սփոփիչ գոտեմարտերը, իսկ մեծ նվաճում էր դառնում ոչ հայազգի ըմբիշների բրոնզե մեդալները, ապա հիմա մերոնք 3-րդն են դառնում աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում, պայքարում են լավագույնների հետ, հաղթում Եվրոպայի, աշխարհի կամ էլ Օլիմպիական չեմպիոններին: Տարին պատասխանատու է նաև նրանց համար, քանի որ մեծ պոտենցիալը պետք է ցույց տալ մեծահասակների առաջնություններում, իսկ որոշ ըմբիշներ պետք է ձեռք բերեն կայունություն ու իհարկե փորձ:

Մինչդեռ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում մրցակցությունը տարբեր քաշային կարգերում պահպանվել է, սակայն արդյունքներն այնքան էլ գոհացնող չեն: Միգուցե մարզչական մի քանի փոփոխությունը նպաստի ավելի մեծ ու զգալի նվաճումների: Հունահռոմեական ոճի ըմբիշներից պետք է առանձնացնել Մալխաս Ամոյանին, որը նախորդ տարվա արդյունքներով 72 կգ քաշային կարգի դասակարգման աղյուսակում առաջինն էր, սակայն այս տարի նա արդեն տեղափոխվում է Օլիմպիական 77 կգ քաշային կարգ, որտեղ մրցակցությունն ավելի մեծ է, ու նրա գլխավոր մարտահրավերն այստեղ հաստատվելն է: Նույնը կարող ենք ասել 67 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձած Սլավիկ Գալստյանի մասին, որը նույնպես քաշային կարգի փոփոխություն է կատարել դեռ 2 տարի առաջ: Սակայն իր տաղանդն ու ներուժը դեռևս չի ցուցադրել: Այս տարի սպասելիքներ կան նաև գերծանր քաշային Դավիթ Օվասապյանից:

Դավիթ Օվասապյան

2022-ին Հայաստանում կկայանա նաև Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարը, որը հոբելյանական է լինելու: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում ընդգրկված մրցաշարը չի կայացել 2020-ին ու 2021-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս տարի կարծես խոչընդոտ չի լինի: Ստեփան Սարգսյանը դեռ 2019-ին էր խոստացել, որ հոբելյանական մրցաշարը լինելու է ավելի մեծ ու հետաքրքիր, անցկացվելու է Երևանում Վանաձորի փոխարեն: 

ԾԱՆՐԱՄԱՐՏ

Եվրոպայի առաջնություն

Բուլղարիա, Սոֆիա

Ապրիլի 1-30 (նախնական)

Աշխարհի առաջնություն

Չինաստան, Չունցին

Հոկտեմբերի 1-30 (նախնական)

Ինչպես ըմբիշներից, ծանրորդներից ևս ակնկալիքները մեծ են: Սակայն ծանրամարտը շարունակում է դիմանալ փորձությունների ալիքներին. դոպինգային սկանդալներից ու դրան հետևած որակազրկումներից հետո հայտնի դարձավ, որ միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մարզաձևի նոր քաշային կարգերը, որոնք նաև Օլիմպիական խաղերում են լինելու(61, 73, 89, 102 և +102 կգ՝ տղամարդիկ, իսկ կանայք՝ մինչև 49, 59, 71, 81 և +81 կգ)։

Ինչպես տեսնում ենք, քաշային կարգերը կրճատվել են: Եվ սա նաև նշանակում է, որ Սիմոն Մարտիրոսյանը պետք է փոխի քաշային կարգը. այսուհետ նա հանդես կգա գերծանր քաշային կարգում, որտեղ Հայաստանն ունի արդեն երկու ուժեղ մարզիկ՝ Գոռ Մինասյանն ու երիտասարդ Վարազդատ Լալայանը: Գաղտնիք չէ նաև, որ այս քաշային կարգում կա մեկ անվիճելի առաջատար՝ վրացի Լաշա Տալախաձեն, որ ամեն մրցաշարին ավելի անհասանելի է դառնում իր մրցակիցների համար: Այնուամենայնիվ, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի համոզմամբ՝ 89 կգ ու 102 կգ քաշային կարգերում ունենք մարզիկներ, որոնք ունակ են պայքարելու Օլիմպիական մեդալների համար։ Չնայած Անդրանիկ Կարապետյանն այնքան էլ վստահ տեսք չունի հրում վարժությունում, բայց մարզչի պնդմամբ՝ նա կարող է Օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարել։ Ուրախալի է նաև, որ Եվրոպայի գործող չեմպիոն Սամվել Գասպարյանի քաշն օլիմպիական է, ու նա այս պահին ուժեղագույններից է այստեղ։ 

Simon Martirosyan

Մեր ծանրորդներն ու մարզիչներն այս տարի պետք է լուծեն բոլոր խնդիրները, փորձի կուտակման շանս տան երիտասարդներին ու հայացքն ուղղեն դեպի 2023 թվական, երբ կմեկնարկեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարերը։ Ի դեպ, արդեն հայտնի է, որ 2023թ. Եվրոպայի առաջնությունն ընդունելու է Հայաստանը։ Իսկ տնային առաջնությունում պետք է հանդես գալ բարձր մակարդակով, ուրախացնել երկրպագուներին մեդալային մեծ ավարով։ Իսկ դրա համար աշխատանքը պետք է սկսել հենց վաղվանից։

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային Ունիվերսիադա

Չենդու, Չինաստան

Հունիսի 26-հուլիսի 7

Երիտասարդների Եվրոպական փառատոն

Բանսկա Բիստրիցա, Սլովակիա

Հուլիսի 24-30

Եվրոպայի առաջնություն

Մյունխեն, Գերմանիա

Օգոստոսի 18-21

Աշխարհի առաջնություն

Լիվերպուլ, Անգլիա

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 06

Հայ մարմնամարզիկները տարին սկսելու են Վրաստանում ուսումնամարզական հավաքով։ Սա վկայում է, որ հայկական մարմնամարզության խնդիրը շարունակում է մնալ համապատասխան մարզադահլիճի բացակայությունը։ Եթե ունենանք այդպիսին, ապա մերոնք կկարողանան բարդացնել վարժություններն ու կատարելագործվել՝ Հայաստանից չհեռանալով։ Մինչև այդ ցանկացած մեդալ մարմնամարզությունից արդեն իսկ մեծ հաջողություն է։

Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանի բրոնզե մեդալը ոգևորության մեծ ալիք բարձրացրեց հայկական մարմնամարզությունում ու երիտասարդներին ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա։ Մեծ հույս ներշնչող մարզիկներից է Գագիկ Խաչիկյանը, որը նախորդ տարի իր նորամուտը նշեց մեծահասակների պայքարում, դուրս եկավ եզրափակիչ նժույգթափեր վարժությունում, ի վերջո նա 4-րդն էր, աշխարհի առաջնությունում նա նույն արդյունքը ցույց տվեց։ Մարզիչները մեծ հույսեր են կապում 19-ամյա տղայի հետ ու հավատացած են, որ նա կարող է հավակնել Օլիմպիական մեդալին։ Խաչիկյանի տվյալներով տպավորված են նաև մրցակիցներն ու այլ մասնագետներ։ Օղակների վրա ունենք մեդալի մի քանի հավակնորդ՝ Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը։ Իսկ Արթուր Դավթյանի նպատակը 4-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելն է ու իր առաքելությունը շարունակելը։

ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ 2022

Մեր հավաքականի մարտահրավերներից է նաև մրցանակային տեղ զբաղեցնել Եվրոպայի առաջնության թիմային պայքարում ու հանդես գալ աշխարհի առաջնությունում։

ՖՈՒՏԲՈԼ

Ազգերի լիգայի խմբային փուլ

Մարտ-սեպտեմբեր

Բոլոր հայ ֆուտբոլասերների երազանքը շարունակում է մնալ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալը։ Հայաստանի հավաքականի համար Ազգերի լիգան ևս մեկ ճանապարհ է, որը կարող է տանել Գերմանիա՝ ԵՎՐՈ-2024-ին։ B դիվիզիոնի առաջին խմբում մեր մրցակիցներն են Ուկրաինայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի հավաքականները։ Խոակին Կապառոսը հավաքականի՝ աշխարհի առաջնության որակավորման փուլը չհաղթահարելուց հետո հայտարարեց, որ մեր ընտրանուն ժամանակ է պետք՝ կայանալու ու գլխավոր նպատակն իրագործելու համար։ 

Haykakan futbol 2022

Իսպանացի մասնագետի ջանքերով մեր ընտրանու խաղն զգալիորեն բարելավել է, բազմաթիվ թոփ խաղացողներ համաձայնել են միանալ հավաքականին հենց նրա հեղինակության ու ջանքերի շնորհիվ, նա վստահում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող երիտասարդ ֆուտբոլիստներին, օգնում է շատերին նոր ակումբների հարցում ու աջակցում ֆեդերացիային իր խորհուրդներով և կապերով։

Կապառոսի թիմի հիմնական մարտահրավերն այս տարի լինելու է փորձել միավորներ վաստակել բոլոր խաղերում ու խմբում զբաղեցնել բարձր հորիզոնական։ 

ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Հուլիսի 26 - Օգոստոսի 8

Շախմատի Հայաստանի հավաքականում հիմա սերնդափոխություն է. թիմից հեռացել են Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, տարբեր մրցաշարեր է բաց թողնում Սերգեյ Մովսեսյանը, ինչի հետևանքով մեր ընտրանու կորիզը կազմում են երիտասարդ խաղացողները: 

Եթե բոլոր թիմերը շախմատի Օլիմպիադայում լինեն իրենց մարտական կազմով, ապա առայժմ մեր հավաքականի համար դժվար կլինի պայքարել չեմպիոնության համար: Օրինակ՝ ԱՄՆ հավաքականը կարող է խաղալ նման կազմով՝ Ֆաբիանո Կարուանա, Լևոն Արոնյան, Ուեսլի Սո ու Հիկարու Նակամուրա: Այս թիմի դեմ հաջողությունը քիչ հավանական է: Բացի դրանից, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Հնդկաստանի հավաքականները մեծ ներուժ ունեն, բայց Օլիմպիադան յուրահատուկ է նրանով, որ նույնիսկ աշխարհի ամենաուժեղ շախմատիստներ ունեցող թիմերին կարելի է հաղթել մյուս խաղատախտակների վրա հաջողության հասնելու շնորհիվ:

Արոնյանի հեռանալուց հետո առաջին տախտակի վրա խաղում է Գաբրիել Սարգսյանը, ինչը, նրա համոզմամբ, այնքան էլ մեծ ազդեցություն չի թողնում իր արդյունքների վրա: Մյուս տախտակների վրա հիմնականում գործում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արամ Սարգսյանը: Նրանց հետ կլինի նաև Հայաստանի նորընծա չեմպիոնը: Նման կազմով մեր հավաքականը կարող է դառնալ մրցաշարի ստվերային ֆավորիտ ու անակնկալի բերել մրցակիցներին, ինչպես դա արեց Եվրոպայի վերջին առաջնության ժամանակ:

haykakan shaxmat 2022

Կանանց հավաքականը, ի տարբերություն տղամարդկանց ընտրանու, կայացած կազմ ունի, ու այնտեղ կան փորձառու շախմատիստներ՝ ի դեմս Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի: 2021 թվականին լավ արդյունքներ գրանցեց նաև Աննա Սարգսյանը՝ դառնալով ամենաշատ միավորներ բերած շախմատիստուհիներից մեկը: Հենց նրանք են զբաղեցնում առաջին 3 տախտակները, իսկ մյուս տախտակի վրա նախորդ տարի միմյանց փոխարինելով՝ խաղում էին Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնցից մեկը դուրս կմնա մեր հավաքականից, եթե այլ շախմատիստուհի դառնա Հայաստանի չեմպիոն: Նման կազմով մերոնք նույնպես կլինեն ֆավորիտների թվում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա