Logo

Թենիսի ՀՀ պատանեկան հավաքականի կազմը Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:14 / 14.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի ՀՀ պատանեկան հավաքական

Հայաստանի թենիսի ֆեդերացիան հայտարարել է հունիսի 26-29-ն առաջին անգամ մեր երկրում անցկացվելիք Եվրոպայի ամառային գավաթի թիմային խաղարկության ընտրական մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմը։

Մինչև 14 տարեկան թենիսիստների մասնակցությամբ ներկայացուցչական այդ մրցաշարին Գայանե Մովսիսյանի ղեկավարությամբ մասնակցելու են Միքայել Ավանեսյանը, Դավիթ Պողոսյանը և Հովհաննես Սողոյանը, որոնք համապատասխանաբար 7-րդ, 123-րդ և 507-րդ վարկանիշն ունեն տարիքային այդ խմբի եվրոպական սանդղակում։

Ավանեսյանից բացի, Երևանում խաղալու են սանդղակի առաջին տասնյակում ընդգրկված ևս երկու խաղացողներ՝ բուլղարացի Իվան Իվանովը (թիվ 2 ռակետ) և գերմանացի Նիլս Մաքդոնալդը (9)։ Երկրորդ տասնյակից են գերմանացի Քրիստոֆեր Թիեսը (17) ու նիդեռլանդցի Թիջս Բոգարտը (20)։

ՀԹՖ-ն տեղեկացնում է, որ մայրաքաղաքի «Ինկորտ» թենիսի ակումբում պայքարի են դուրս գալու 8 երկրի՝ Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Նիդեռլանդների և Սլովակիայի հավաքականները։ Մրցաշարն անցկացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

8 հավաքականները վիճակահանությամբ բաժանվելու են հավասար կազմով երկու խմբի, որոնց հաղթողներն էլ նվաճելու են եվրոպական ստուգատեսի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Ընտրական մյուս երեք խմբերի մրցաշարերն անցկացվելու են Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։ Վերջինն ընդունելու է նաև 8 հավաքականների մասնակցությամբ եզրափակիչ փուլը, որը հուլիսի 1-3-ը կազմակերպվելու է Վալենսիայում։ Յուրաքանչյուր մրցամարտ բաղկացած է լինելու երկու մենախաղից և մեկ զուգախաղից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա