Logo

«Չեմ ուզում հավատալ, որ տրամադրվածություն կար ՀՀ-ի և մեր թիմի նկատմամբ». Հովհաննես Հովսեփյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:58 / 02.06.2022Հարցազրույցներ
null

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսում ամփոփելով Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկների մասնակցության արդյունքները, նշեց, որ գոհ չէ դրանցից, քանի որ ավելի շատ ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն կար։ Գրանցված ցուցանիշները նա պայմանավորեց տարբեր գործոններով, այդ թվում՝ մրցավարական։ Անդրադարձ եղավ նաև մեր մայրաքաղաքում աշխարհի առաջնություն անցկացնելու հնարավորությանը և մարզասերների դրսևորած անզուսպ վարքագծի հնարավոր հետևանքներին։ ՀԲՖ նախագահը, իր իսկ խոսքով, որոշ չափով շտկելով մրցավարների սխալը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ ու չեմպիոնի գոտի հանձնեց Արթուր Բազեյանին, որը եզրափակիչում, մասնագետների գնահատմամբ, պարտվեց սխալ մրցավարության պատճառով։ 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

«Շնորհակալ եմ մեր թիմին և գլխավոր մարզչին շատ լավ պատրաստվելու համար։ Մեր բոլոր տղաներն արժանիորեն պայքարեցին, իսկ պարտություններն էլ եղել են անչափ համառ պայքարում։ Դա Եվրոպայի առաջնություն էր, որն առանձնացավ թեժ մրցակցությամբ։ Արդյունքը մեզ չի գոհացնում. պետք է ավելի շատ ոսկե մեդալ ունենայինք։ Հուսով եմ՝ ապագայում կուղղենք թե՛ մեր, թե՛ մրցավարության սխալները։ Վերջինիս թեմայով շատ եմ զրուցել նաև մեր միջազգային գործընկերների հետ։ Կշտկենք և հետագայում կունենանք գոհացնող արդյունքներ։

Որոշ հայ բռնցքամարտիկների մոտ փորձի պակաս էր զգացվում։ Իմ պաշտոնավարման մեկ տարում անհնար էր դա լրացնել, դրա համար տարիներ են պահանջվում։ Համամիտ չեմ եղել մեր բռնցքամարտիկներից 7-ի պարտությանը։ Իմ տեսակետը կիսում են նաև մասնագետները։ Կատարվեցին փոքր-ինչ անհասկանալի բաներ, որոնց հիմա չեմ ուզում անդրադառնալ։ Լինելով եվրոպական ֆեդերացիայի գործկոմի անդամ՝ այդ հարցը բարձրացրել եմ նշված կառույցի նիստում, պատրաստվում եմ բարձրաձայնել նաև հունիսի 25-ին նախատեսված հերթական ասամբլեայում։ Վստահ եմ՝ եվրոպական ֆեդերացիան հասնելու է նրան, որ արդարություն հաստատվի»։

ԿՈՂՄՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Չէի ասի, թե դա կողմնապահություն էր, չեմ ուզում հավատալ նաև, որ տրամադրվածություն կար ՀՀ-ի և մեր թիմի նկատմամբ։ Դա ավելի շուտ ոչ թե կողմնապահություն էր, այլ մրցավարների անգրագիտության դրսևորում։ 2019 թվականից սկսած՝ բռնցքամարտի աշխարհը լուրջ խնդիրներ ունի ՄՕԿ-ի հետ և առաջին հերթին մրցավարության պատճառով։ Մարզաձևի միջազգային ֆեդերացիան պետք է մինչև տարեվերջ առաջարկի այդ խնդրի լուծումը։ Բռնցքամարտը դարձել է շատ սուբյեկտիվ մարզաձև, ու հաճախ պարզ չէ, թե ինչի հիման վրա է որոշվել հաղթողը։

Պետք է նշեմ, որ որոշ փորձառու մրցավարներ ինչ-ինչ խնդիրների պատճառով չմասնակցեցին այս առաջնությանը։ Մրցավարական անձնակազմում ներկայացված չէր նաև Հայաստանը։ Ունենք 3 աստղի կարգ ունեցող մրցավար, որի մասնակցությունը միջազգային ֆեդերացիան չէր արտոնել։ Ասում են՝ խնդիրներ են ծագել Լեհաստանում անցկացված 16-18 տարեկանների աշխարհի առաջնության վերաբերյալ։ Այդ առիթով միջազգային ֆեդերացիայի նախագահին ասել եմ, որ, եթե իրոք խնդիր է եղել, ապա ինչու առ այսօր հայկական ֆեդերացիան պաշտոնական գրությամբ չի տեղեկացվել պատճառների մասին։ Խոստացել են մինչև տարեվերջ լուծել այդ հարցը»։

ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ԱՆԶՈՒՍՊ ՎԱՐՔԱԳԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մարզասերների դրսևորած վարքագիծը (մեր մարզիկի պարտությունից հետո պլաստիկե շշեր շպրտելու մասին է խոսքը – խմբ.) որևէ բացասական արձագանք չի առաջացրել. բոլորն էլ հասկանում են, որ դա էմոցիաների դրսևորում էր։ Կարծում եմ՝ բացասական հետևանքներ չեն լինի։ Իհարկե, չպետք է լիներ նման բան»։

ՉԱԼՈՅԱՆԻ ԵՎ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Չալոյանի մենամարտն այդպես ընդհատելը պարզապես անհեթեթություն էր։ Այդ առումով կիսում եմ մեր մարզիչների դժգոհությունը։ Անշուշտ, դժվար է ենթադրել, թե ինչպես կավարտվեր մենամարտը։ Դավիթը մեկնարկում երեք համանման հարված բաց թողեց։ Հետագայում վերլուծելով այդ ամենը՝ նույնիսկ ուրախ էի, որ հանդիպումը կանգնեցրին։ Եվրոպայի առաջնությունը վերջին ստուգատեսը չէ. հաջորդ տարի լինելու են Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն, իսկ 2024-ին տեղի են ունենալու Օլիմպիական խաղերը։ Չալոյանը հեռանկարային բռնցքամարտիկ է. շարունակում ենք վստահել նրան։

Իմ կարծիքով՝ Դավիթին խանգարեցին ավելորդ վստահությունը և... դահլիճի բուռն աջակցությունը։ Մեր մարզիկը, թերևս, մի քիչ շտապեց։

Իսկ Նարեկը միանշանակ հաղթել է առաջին երկու ռաունդում, երրորդում էլ չէի ասի, թե պարտվել է։ Կրկնում եմ՝ չեմ ուզում մտածել, որ մրցավարական սխալներ միայն մեր հանդեպ են եղել։ Իրականում դա դրսևորվել է նաև այլ երկրների ներկայացուցիչների նկատմամբ։ Առնվազն 20-25 մենամարտում այդպես էլ չհասկացա, թե ոնց են որոշել հաղթողին։

Ի դեպ, Նարեկի կիսաեզրափակիչ մենամարտն սպասարկած բոլոր մրցավարները որակազրկվեցին և զրկվեցին եզրափակիչում աշխատելու հնարավորությունից»։

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Առաջնության կազմակերպման համար առավելագույն բարձր գնահատականի ենք արժանացել։ Հիմա քննարկվում է հետագայում այստեղ աշխարհի առաջնություն անցկացնելու հնարավորությունը։ Հնարավոր է՝ անակնկալ լինի Հայաստանի համար։ Նաև մտադիր ենք մեր երկրում մրցավարների քննություն անցկացնել»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա