Logo

Հեմինգուեյի առաջին նամակը Ֆիցջերալդին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 30.06.2017ՄՇԱԿՈՒՅԹ
542888bd85245 - Հեմինգուեյի առաջին նամակը Ֆիցջերալդին

«Սիրելի Սքոթ,
Վաղը գնում ենք Պամպլոնա։ Այստեղ կարմրախայտ էի բռնում։ Ինչպե՞ս ես։ Զելդան ինչպե՞ս է։
Ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևէ։ Փարիզից հեռանալուց հետո գինուց բացի ոչ մի այլ բան չեմ խմել։ Աստվա՜ծ իմ, այստեղ հրաշալի գյուղական միջավայր է։ Սակայն դու ատում ես գյուղական միջավայրերը։ Լավ, բաց թողնենք միջավայրի նկարագրությունը։
Հետաքրքրիր է՝ ինչպիսին է դրախտն ըստ քեզ․ հարուստ մոնոգամիստներով* լի մի գեղեցիկ դատարկությո՞ւն։ Բոլորն ուժեղ են, լավագույն ընտանիքներից են և մեռնելու չափ խմում են։ Իսկ դժոխքը, հավանաբար, տգեղ դատարկություն կլիներ՝ լի աղքատ պոլիգամիստներով, ովքեր չեն կարողանում խմիչք հայթայթել կամ ստամոքսի խրոնիկ խնդիրներ ունեն, որ նրանք «գաղտնի տանջանքներ» են կոչում)։
Իսկ ինձ համար դրախտը ցլամարտի արենա է, որտեղ ես նստած եմ առաջին շարքում։ Կամ կարմրախայտերով լի լճակ է, որտեղ մինչ այդ ոչ ոք ձկնորսությամբ չի զբաղվել, կամ` երկու գեղեցիկ տուն է․մեկում ես կապրեի կնոջս ու երեխաներիս հետ և մոնոգամ կլինեի ու ազնվորեն կսիրեի նրանց, իսկ մյուսում կապրեին իմ 9 սիրուհիները՝ 9 տարբեր հարկերում, տներից մեկը լիքը կլիներ փափուկ թղթի վրա տպված Dial-ի հատուկ համարներով, որոնք ամեն հարկի զուգարաններում դրված կլինեին, իսկ մյուս տանն ամենուր American Mercury և New Republic կլինեին։ Ինչպես Պամպլոնայում՝ այնտեղ նույնպես գեղեցիկ եկեղեցի կլիներ, որտեղ ես խոստովանություն կանեի՝ մի տնից մյուսը գնալու ճանապարհին։ Ապա ես ձիս կհեծնեի և որդուս հետ կգնայի իմ ցլերի ֆերմա, որը «Հասիենդա Հադլի» կկոչվեր, իսկ ճանապարհին շարված ապօրինի երեխաներիս մետաղադրամներ կնետեի։ Հասիենդայում ես կգրեի, իսկ որդուս կուղարկեի սիրուհիներիս «հավատարմության գոտիները» կողպելու, քանի որ ինչ-որ մեկը տեղեկացրած կլիներ, որ Ֆիցջերալդ անունով հռչակավոր մոնոգամիստին տեսել են քաղաք եկող ճանապարհին՝ նրա ղեկավարության տակ գտնվող թափառող խմողների ընկերակցությամբ։
Ինչևէ, վաղն առավոտյան քաղաք եմ գնում։ Գրիր ինձ հետևյալ հասցեով․ Քինտանա հյուրանոց, Պամպլոնա, Իսպանիա:
Թե՞ նամակներ գրել չես սիրում։ Ես սիրում եմ, որովհետև դա հիանալի ձև է՝ չաշխատելու, բայց երևակայելու, որ մի բան արել ես։
Մնաս բարով, և ողջույններ Զելդային երկուսիս կողմից։
Սիրով՝ Է. Հ.»:

Բուրգետե, Նավարրա, Իսպանիա
1 հուլիսի, [1925]

Ճանապարհորդությունը Պամպլոնայի Ֆիեստա դե Սան Ֆերմին հետագայում դարձավ հեղինակի «Եվ ծագում է արևը» վեպի հիմքը։

hemingway54 - Հեմինգուեյի առաջին նամակը Ֆիցջերալդին

ehemingway4 - Հեմինգուեյի առաջին նամակը Ֆիցջերալդինernest hemingway56 - Հեմինգուեյի առաջին նամակը Ֆիցջերալդին

hemingway22 - Հեմինգուեյի առաջին նամակը Ֆիցջերալդին

Երկու գրողները ծանոթացել էին 1925 թ. մայիսին Փարիզի «Դինգո» բարում, սակայն այս նամակից արդեն երևում է, որ հասցրել էին կարճ ժամանակում մտերմանալ։ Նրանց մտերմությանը խանգարում էր միայն այն փաստը, որ Ֆիցջերալդի կին Զելդան և Հեմինգուեյն ատում էին միմյանց։

Զելդան կարծում էր, որ Հեմինգուեյը «մատերիալիստ միստիկ», արտաքինով տղամարդ, իսկ իրականում պարզապես կրծքին մազեր ունեցող կնանման էակ է։ Հեմինգուեյը կարծում էր, որ Զելդան անբարո ու հոգեկան է, և ալկոհոլիկ է, «կատվի աչքերով, դատարկի մեկը», որն իր քայքայիչ ազդեցությամբ նպատակաուղղված խառնվում էր Սքոթի գրվածքներին՝ մեծացնելով վերջինիս անհանգստությունն ու վատնելով նրա ստեղծարար էներգիան։ Նրանք երկուսն էլ մասամբ ճիշտ էին, կամ գուցե նաև միմյանց ատում էին խանդից դրդված. նրանք երկուսն էլ ձգտում էին գրավել Սքոթի ուշադրությունը։ Զելդան, իրոք, Սքոթին շեղում էր գրելուց․իր օրագրում գրողը 1925 թվականի հունիս և հուլիս ամիսները նկարագրել է որպես «1000 երեկույթ և ոչ մի աշխատանք»։ Իսկ Հեմինգուեյն, իրոք, հաճախ չափից շատ էր շահարկում իր առնական լինելը։

Զելդայի և Հեմինգուեյի միջև լարվածությունը հրաշալի կեպով ներկայացված է Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում։

 

մոնոգամիստ – մարդ ով կողմ է միամուսնությանը և կտրականապես դեմ է բազմակնությանը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա