Logo

Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 22.01.2019ՄՇԱԿՈՒՅԹ
գֆբնֆհգյ - Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին

«Թանկագին Մառլեն, 

Զանգդ եկավ կիրակի օրը` կեսօրին: Կապն այնքան վատ էր, որ չկարողացա լսել քեզ: Երկար ժամանակ միայն անհասկանալի ձայներ էի լսում: Հետո լսեցի, որ ասում ես՝ գիրք չեմ ուղարկել քեզ ու որ մոռացել եմ քո մասին: Հիմարություն է: Եվ հետո ես փորձեցի քեզ գտնել Նյու Յորքում, և երբ մյուս զանգդ եկավ, ես սկսեցի բղավել և չկարողացա լսել քո հաճելի ձայնը: Մենք ցտեսություն ասացինք իրար այն մարդկանց նման, որոնք չեն հասկանում ու չեն սիրում իրար: 

Ես ահավոր էի զգում ու իսկապես անհանգստացած էի, որ դու տխուր ես:  

Հույս ունեմ՝ լավ ես: Խնդրում եմ իմացիր, որ ես քեզ միշտ սիրում եմ ու կսիրեմ: Երբեմն մոռանում եմ, որ սիրում եմ քեզ՝ ճիշտ այնպես, ինչպես մոռանում եմ, որ իմ սիրտը բաբախում է: Բայց այն միշտ բաբախում է: 

Ես միշտ սիրում ու հիանում եմ քեզնով: Քո հանդեպ ես խառը զգացմունքներ եմ տածում ասես Վել Դիվի վեցօրա հեծանվավազքի թիմակիցներ լինենք կամ Սպորտի պալատը՝ երկուսն էլ միշտ վստահելի են, ամուր, հավատարիմ մեկը մյուսին և պետք եղած ժամանակ ունակ անելու անհնարինն ու հիանալին: Երկուսս էլ դիմացկուն ենք ու տոկուն և երբեք չենք կորցնում ռիթմի զգացումը: Միակ տարբերությունն այն է, որ դու գեղեցիկ ես, իսկ ես՝ տգեղ: 

Շատ հաճախ թվում է՝ ես վատ իրավիճակներում եմ հայտվում: Համենայնդեպս այդպես եմ զգում, քանի որ իմ շուրջ եղած մարդիկ մահանում են, կամ ես անհասկանալիորեն սնանկանում եմ, կամ իմ սիրելի մարդիկ քաղցկեղով են տառապում, կամ ես ուղղակի սկսում եմ թքած ունենալ ամեն ինչի վրա ու երազել, որ ամեն ինչ այնքան հեշտ լինի, որքան պատերազմում է. այնտեղ դու կարող ես կեղտոտ գործն անել ու գուցե սպանվել: 

Երբ ես որոշեցի հրատարակել «Ծերունին և ծովը», թվում էր՝ դա զինվորական գաղտնիք է: Բնականաբար բոլորը մատնեցին գաղտնիքը, բացի ինձանից: Գիտես՝ ես չէի պատմի քեզ զինվորական գաղտնիքը, եթե անկողնում լինեի, հարբած կամ մեկ այլ իրվիճակում: Այդ պատճառով ես չուղարկեցի քեզ գիրքը, քանի որ այն դեռևս չի տպագրվել: Բայց գիտեմ, որ մարդիկ, որոնք երդվել էին այն ցույց չտալ մյուսներին, խախտել են խոստումը: Մի չարախինդ սրիկա նույնիսկ գրել էր ինձ, որ կբարկանամ եթե իմանամ, որ արդեն կարդացել է նովելս: 

Ես կնախընտրեի, որ բոլորից շուտ դու կարդայիր այն: 

Բացի քեզնից ոչ ոք չգիտի, որ ես լավ պոետ եմ, Մառլեն: Գուցե ես ավելի լավ պոետ եմ, քան մեկ այլ բան, բայց այդ մասին բոլորից լավ միայն դու գիտես: 

Հույս ունեմ՝ գիրքը քեզ դուր կգա: Կարծում եմ հաճելի է, որ մենք «Life»/«Կյանք» ամսագրի երկու շարունակական մասերում, կամ ավելի շուտ երկու հատորներում ենք հայտնվել: Իրական կյանքում ևս այդպես է եղել: Թեպետ քեզնից տարիքով ավելի մեծ լինելուս շնորհիվ ես առաջինն եմ հայտնվել Der Querschnitt ամսագրում:

Գիտես՝ եթե վատ ես զգում ու ուզում ես խոսել, լողալ, ծով գնալ, կարդալ, ուտել, խմել կամ որևէ այլ բան անել, դու կարող ես այստեղ գալ մի քանի ժամում: Կարծում եմ՝ կուրախանաս, գիտեմ՝ ես ինքս ուրախ կլինեմ: Գիտեմ՝ միասին մենք երջանիկ կլինենք: 

Գուցե պետք է գաս ու տոնենք երկուսիս՝ «Life» ամսագրում հայտնվելը և 15 տարվա ընթացքում լավ վարքի տեր լինելը: Կարծում եմ՝ լավ միտք է: 

Լողավազանի ջուրը մեղմ կամ սառն է, իսկ ծովն էլ՝ հաճելի: Ես քեզ կներկայացնեմ «Ծերունուն»: Քաղաքն ուրախ է գիշերը, բոլորը տեղահանված խաղացողներ են:  

Սիրով, Պապա…»

Էռնեստ Հեմինգուեյի հայտնի «Ծերունին և ծովը» նովելն առաջին անգամ տպագրվել է 1952թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ «Life» ամսագրում: Իսկ նույն ամսագրի օգոստոս ամսվա համարում Մառլեն Դիտրիխն էր՝ իր նոր բնակարանում, որտեղ սեղանին դրված էին Հեմինգուեյի լուսանկարները՝ «Սիրով, Պապա» մակագրությամբ. Այսպես էր Մառլենն անվանում Հեմինգուեյին: 

Թարգմանությունը՝ VNews 

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա