Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմետան հայտնել է, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ:
«Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ լրանում է մեկ տարուց, սակայն մենք կզրուցենք ակումբի հետ՝ հասկանալու նրանց ծրագրերը կապված ֆուտբոլիստի հետ:
Հիմա մենք նրան հանգիստ կթողնենք, իսկ հետո ես վստահաբար կբախեմ «Ներաձուրիների» դուռը»,- Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործակալի խոսքը մեջբերում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և անցկացրած 49 պաշտոնական խաղում դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում նա «Ինտերի» հետ դարձել էր Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր և հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում հաղթած Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացած առաջին հայ ֆուտբոլիստն է։