Logo

«Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը մեդալ նվաճելու հույսով ենք մասնակցելու». Գրիգոր Բարսեղյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:25 / 01.07.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Գրիգոր Բարսեղյան

Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանն օգոստոսի 2-7-ը Կոլումբիայի Կալի քաղաքում կայանալիք աթլետիկայի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության մեդալակիր դառնալու իրական հնարավորություն ունի՝ VNews-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը՝ ամփոփելով Վանաձորում անցկացված հորիզոնական ցատկերի Հայաստանի առաջնության արդյունքները։

Համաշխարհային ստուգատեսում մեր երկիրը ներկայացնելու են երկու Գոռերը՝ Բեգլարյան և Հովակիմյան, որոնք, ՀՀ առաջնությունում հեռացատկում և եռացատկում գրանցելով համապատասխանաբար 7,67 մետր և 15,70 մետր արդյունք, ոչ միայն նվաճել են չեմպիոնի կոչումը, այլև աշխարհի առաջնությանը մասնակցելու նորմատիվ են լրացրել։ Բեգլարյանի անձնական մարզիչն է Արտյոմ Պողոսյանը, իսկ Հովակիմյանը մարզվում է հոր՝ Գառնիկ Հովակիմյանի ղեկավարությամբ։ 

VNews-ի զրուցակիցը նշեց, որ տղաները երիտասարդների տարիքային խմբում բավական լուրջ արդյունքներ են գրանցել։ Ցավոք, նրանց հաջողությունը հեռացատկում և եռացատկում չի կարողացել կրկնել աշխարհի առաջնությանը մասնակցելու մեր երրորդ թեկնածու Մարիետա Մինասյանը, որը, սակայն, մինչև հուլիսի 18-ը դեռ կարող է նորմատիվ լրացնել։

«Բեգլարյանն իր տարիքային խմբի առաջատարներից է աշխարհում և մեդալ նվաճելու իրական հնարավորություն ունի։ Հովակիմյանը նույնպես մեծ առաջընթաց է գրանցել այս տարի։ Հուսով ենք՝ կկարողանա անցնել եզրափակիչ փուլ։ Դա է լինելու նրա նվազագույն խնդիրը։ Մինչդեռ, Բեգլարյանից միայն մեդալ ենք ակնկալում։ Նա աշխարհի առաջնությանը մասնակցելու փորձ ունի, ընդգրկվել է այդ ստուգատեսի լավագույն 6-յակում։ Ներուժը բավարարում է մինչև իսկ 7,80 մետր ցատկելու համար։ Իսկ Հայաստանի առաջնության արդյունքները կրկնելու դեպքում երկուսն էլ միանշանակ կանցնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Նախատեսվում է, որ նրանք հուլիսի կեսից ուսումնամարզական հավաք անցկացնեն Ֆրանսիայում և կմեկնեն Կոլումբիա»,- նշեց հավաքականի մարզիչը։

Արդեն առաջիկա օրերին՝ հուլիսի 4-7-ը՝ Երուսաղեմում կայանալիք մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, մեկնարկ են դուրս գալու երևանցի Իզաբելա Առաքելյանը և կապանցի Վահե Արզումանյանը, որոնք մասնակցելու են հեռացատկի մրցումներին։ Նրանք մրցավայր են մեկնել ներկայում մարզչական գործունեությամբ զբաղվող արագավազքի ՀՀ բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանի ղեկավարությամբ։

Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ այդ առաջնությունում հայ մարզիկների արդյունքները մեդալ նվաճելու առանձնակի հույս չեն ներշնչում, սակայն ակնկալվում է, որ նրանք կկարողանան դուրս գալ եզրափակիչ փուլ։ «Մեծ հաջողություն կլինի, եթե որակավորման փուլը հաղթահարեն»,- եզրափակեց մարզիչը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա